Ռոզի Գրիլմեյրի ստեղծագործական ճամփորդությունը vvvv-ով դեպի Թումո

rosi 3 - Ռոզի Գրիլմեյրի ստեղծագործական ճամփորդությունը vvvv-ով դեպի Թումո

Ավստրիացի vvvv արտիստ, ծրագրավորող և ամենակարևորը` Թումոյի վաղեմի բարեկամ Ռոզի Գրիլմեյրն աշխարհն ընկալում է vvvv-ի պրիզմայով։ Նրա ուղին Թումոյում սկսվել է 2017 թվականին, երբ նրա իրանցի ընկերները Թումո Երևանում վարում էին Լրացված իրականության (AR) և Նոր մեդիայի արվեստի աշխատարանը: Աշխատարանի ժամանակ տեսազանգեր էին նախատեսված տարբեր արտիստների հետ, որոնցից մեկը հենց Ռոզին էր։ Այդ ժամանակ նա իմացավ Թումոյի մասին։ Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ Ռոզին Թումոյում անցկացրել է վեց աշխատարան և դեռ էլի է պատրաստվում անցկացնել։

Ռոզին Թումո Ստեփանակերտում, 2022 թվական

Ռոզիի կյանքը պտտվում է vvvv-ի շուրջ։ Բայց կոնկրետ ի՞նչ է vvvv-ն։ Ըստ Ռոզիի` vvvv-ն մի ունիվերսալ գործիք է, որը նախատեսված է ամեն տեսակի մեդիա տվյալների մուտքագրման և մշակման համար՝ ձայն, տեսանյութ, սենսորներ, կոնտրոլլերներ և նույնիսկ ավելի բարդ տվյալների համար, օրինակ` կմախքի թրեքինգը և տեսանյութերի վերլուծությունը։ vvvv-ի միջոցով արտիստը կարող է ստեղծել ամեն ինչ՝ 2D և 3D տեսարաններից մինչև ինտերակտիվ խաղեր, լուսային ինստալացիաներ կամ նույնիսկ երաժշտության և ձայնի վիզուալացումներ։

«vvvv-ն այս բոլոր տարրերը կապակցող ինտերֆեյսն է», – բացատրում է Ռոզին. «Երբեմն ես ուզում եմ ցույց տալ բնական երևույթները, օրինակ` մասնիկների հոսքերը, մաթեմատիկական ձևերը, որ նկատում եմ բնության մեջ կամ գեներատիվ դիզայնը։ Երբեմն էլ ես կամ հաճախորդը, ասենք՝ որևէ թանգարան, ուզում է տվյալները ներկայացնել հետաքրքրիր ձևով, այս դեպքում խնդիրն անմշակ տվյալները կամ ֆունկցիաները ուշագրավ, գիտական ու արվեստային առումով գրավիչ դարձնելն է։

Ռոզին vvvv-ով աշխատում է աստիճանաբար զարգացնելու սկզբունքով: Նա սկսում է մի փոքր «բջջից» ու դրա շուրջ շարունակում է բարդացնելով կառուցել, մինչև կձևավորվի ամբողջական «օրգանիզմ»: Նա խրախուսում է իր ուսանողներին փոքր քայլերով մտածել` հուշելով, որ ամեն հաջորդ քայլը կարող է դառնալ վերջնական աշխատանք. «Արվեստի դպրոցի իմ ուսուցիչը միշտ ասում էր՝ այնպես նկարիր, որ ամեն պահի նկարդ ավարտուն լինի: Սա է փիլիսոփայությունը, որն այսօր ես կրում եմ ներսումս»:

Ռոզին Թումո Երևանում և Գյումրում, 2022 թվական

Թեև շատ օգտակար է ճեպանկարից սկսել vvvv-ով աշխատանքը, Ռոզին կարծում է, որ համակարգիչը գործը բազմապատիկ արագացնելու համար լավ միջոց է: Արտիստը կարող է նկարել ամբողջի մեկ «բջիջը» , օրինակ՝ մի տերև ծառի վրա պատկերացնելու համար, թե ինչ տեսք կունենա սաղարթապատ ծառը: Հակառակն էլ կարող է աշխատել. արտիստը կարող է նկարել ամբողջ «օրգանիզմը», ասենք` ծառը, և հետո միայն պատկերացնել, թե ինչ տեսք կունենա մեկ «բջիջը»` տերևը:

Հետաքրքիր է, որ Ռոզին ոգեշնչում է գտնում vvvv-ի ամենատեխնիկական սահմանափակումներում. «Օրինակ` պիքսելների դասավորումը», – ասում է նա. «Վերցնում ես մի լուսանկար ու վերլուծում ամեն պիքսելի գույնը: Հետո վերակառուցում ես պատկերը կադր առ կադր՝ փոխելով հարևան պիքսելների տեղերն ըստ պայծառության, ինչն ստեղծում է գեղեցիկ գրադիենտ էֆեկտ: Եվ սա ընդամենը մի հրամանի շնորհիվ. «Տեղերով փոխի՛ր պիքսելները, եթե կողքի պիքսելն ավելի պայծառ է»:

Ռոզին սիրում է համեմատություններով բացատրել, թե ինչու է նախընտրում vvvv-ով աշխատել. «Դա նման է գիրքը կարդալուց հետո կինո-ադապտացիան նայելուն: Երբ կերպարը ճիշտ պատկերացրածիդ պես է, նման է հրաշքի: Այդպես է իմ ուղեղն աշխատում vvvv-ով, դա ինձ թույլ տալիս է մտքերս հեշտորեն բացատրել»:

Ռոզին Թումո Կողբում և Կապանում, 2025 թվական

Ռոզին մտնում է աշխարհի բնակչության 4%-ի մեջ, որն ունի սինեսթեզիա` ձայները որպես գույն տեսնելու կարողություն: Դրա շնորհիվ է, որ նա կարողանում է ներմուծել երաժշտություն vvvv-ի մեջ` դարձնելով այն պատկերներ ու գույներ:

Ռոզին արվեստի դպրոցում ուսումնասիրում էր կերպարվեստի տարբեր ճյուղեր. փայտագործություն, նկարչություն, մետաղագործություն, տեքստիլի աշխատանք, լուսանկարչություն, վիդեո և գրաֆիկական դիզայն: Բայց նա միշտ զգում էր, որ ինչ-որ բան պակասում է: Նա կարիք էր զգում մի բանի, որը կլինի արվեստի և ծրագրավորման հատման տեղում: Հենց այս ուղղությամբ էլ հասարակությունը զարգանում էր. «Ես կարծում եմ, որ արտիստները հաճախ զգում են բաներ հասարակության մեջ, որ դեռ պետք է տեղի ունենան: Ինչպես սեյսմոգրաֆները, որոնք արձանագրում են ցնցումները: Հասարակությունը կապվեց տեխնոլոգիայի կիրառության հետ ճիշտ ժամանակին, այնպես որ ես պետք է հասկանայի տեխնոլոգիան՝ հասկանալու համար դրա մյուս` ավելի արվեստային կողմը»:

Ռոզին Կողբի գեղարվեստի դպրոցում

Ռոզին իր ամենասիրելի նախագիծն արել է անցյալ տարի Վիեննայում` 3E8 ստուդիայի հետ։ Բայց նախագիծը, որը Ռոզին ամենակարևորն է համարում, Վիեննայի 3D քարտեզն է, որտեղ օգտատերերը մուտքագրում են, թե ինչպես են իրենց զգում քաղաքում. «Սա ակտիվիստների համար քարտեզ է, քաղաքը ձևափոխելու համար. որտե՞ղ են ուզում քաղաքը փոխել, որտե՞ղ են փոփոխության կարիք տեսնում, որտե՞ղ են իրենց լավ զգում, որտե՞ղ լավ չեն զգում։ Քանի որ Վիեննայում բազմաթիվ ակտիվիստական խմբեր կան, ես ուզում էի ցույց տալ քարտեզի վրա, թե ինչքան շատ մարդիկ կան, որոնք իսկապես մտահոգ են քաղաքի և դրա ապագայի մասին»։

Ռոզիի համար Թումոն մի վայր է, որը համապատասխանում է իր աշխատանքային պահանջներին՝ ուսուցում, նախագծահեն աշխատանք և լինել այնտեղ, որտեղ հասկանում են, որ գիտությունն ու արվեստը գործում են միմյանց փոխլրացնելով. «Երբ ես առաջին անգամ լսեցի Թումոյի մասին, մի անկեղծ զգացում ունեցա, որ դա մի բան է, որ պակասում է մեր կրթական ոլորտում։ Ես համարեցի, որ դա համարձակ ու միաժամանակ տրամաբանական է`ունենալ նման կրթական մոդել Հայաստանի պատանիների համար»։

Թումո Երևան, Գյումրի, Ստեփանակերտ և Դիլիջան։ Սրանք են Թումո կենտրոնները, որտեղ Ռոզին 2022 թվականին փոխանցել է իր գիտելիքները vvvv-ի մասին։ 2025-ին նա վերադարձել է Թումոյի նոր կենտրոններ։ Արդեն հասցրել է աշխատարաններ վարել Կողբում ու Կապանում` ընդլայնելով իր Թումո աշխարհագրությունը դեպի Հայաստանի հարավային հատվածները։

Ռոզին կատակում է, որ սովորաբար Թումոյի դասերի ընթացքում արագ ու շատ է խոսում. «Դա այն դինամիկան է, որը ես ստանում եմ Թումոյից։ Ուսանողներս այնքան ուսումնատենչ են, որ ես էլ եմ ոգևորված դասավանդում: Եվ վերջիվերջո, իմ հայերենի ուսուցողական բառարանն է իրական հերոսը»։

Թումոյի փորձառությունը վերականգնել է Ռոզիի հավատը մեծ հաստատությունների հանդեպ։ «Ես նախկինում մտածում էի, որ որքան մեծանում է հաստատությունը, այնքան ավելի բյուրոկրատական և անհոգի է դառնում։ Բայց Թումոն տարբեր է, ակնհայտ է, որ նրանք իսկապես հոգ են տանում իրենց ուսանողների և անձնակազմի մասին, նրանց բեքգրաունդի ու ապագայի նպատակների մասին»։

rozi4 - Ռոզի Գրիլմեյրի ստեղծագործական ճամփորդությունը vvvv-ով դեպի Թումո

Ռոզին, ինչ-որ իմաստով, հավաքորդ է։ Թումո կենտրոնների հավաքորդ։ Այդ պատճառով նա անհամբեր սպասում է, թե Հայաստանում երբ նոր Թումո կենտրոն կբացվի, որպեսզի կրկին վերադառնա և մեկ անգամ էլ դասավանդի:

«Երկրորդ անգամ գալուց հետո Հայաստանը դարձավ իմ փախնելու տեղը։ Ես ինքնաթիռով չեմ գալիս, կլիմայի վրա բացասական ազդեցության պատճառով, փոխարենը ճանապարհորդում եմ գնացքով: Ավստրիայից այստեղ գալը տևում է մեկ շաբաթից տաս օր. Հունգարիա, Ռումինիա, Բուլղարիա, Թուրքիա և Հայաստան։ Ես սիրում եմ ճամփորդել։ Սիրում եմ, որ կարելի է գնացքով գալ։ Դա է պատճառը, որ Հայաստան գալն ինձ համար ավելին է, քանի կարճ փախուստը»։

Կտեսնվենք հաջորդ անգամ, Ռոզի: Նոր Թումո կենտրոնում: