Թումոն իր 15-ամյակի առթիվ կազմակերպում է հոբելյանական գալա երեկո 2026 թվականի սեպտեմբերի 20-ին Լոս Անջելեսում՝ Վիբիանայի պատմական շենքում։ Միջոցառումը միավորելու է Թումոյի աջակիցներին, գործընկերներին, շրջանավարտներին և ընկերներին՝ տոնելու ազդեցության 15 տարիները և օգնելու Հայաստանում Թումոյի աշխատանքի նոր էջի մեկնարկին։
Թումոն հիմնադրվել է 2011 թվականին Երևանում և վերաճել է համաշխարհային կրթական մոդելի, որը հնարավորություն է տալիս պատանիներին զինվել նորարարական հմտություններով ու վստահությամբ և կերտել վաղվա օրը։ Թումոն պատանիներին տրամադրում է հասանելիություն տեխնոլոգիաների և դիզայնի գործնական կրթության, որն ուղղորդում են միջազգային ճանաչում ունեցող մասնագետները։ Եվ սա լիովին անվճար։
Թումոյի համաշխարհային ցանցում ուսանում են ավելի քան 40.000 պատանի, ներառյալ՝ Հայաստանի 25.000 ուսանողները։ Հայաստանի մարզերում և գյուղական համայնքներում Թումո կենտրոնները և տուփերը ընդլայնում են բարձրորակ կրթության հասանելիությունը՝ ապահովելով, որ հնարավորությունները չսահմանափակվեն աշխարհագրությամբ ու եկամուտով։
Թումոյի մոդելը կառուցված է ինքնուսուցման, դասընթացների և աշխատարանների շուրջ՝ 14 ոլորտներում (գեներատիվ AI, ծրագրավորում, ռոբոտաշինություն, անիմացիա, ֆիլմերի ստեղծում, երաժշտություն, խաղերի ստեղծում, եռաչափ մոդելավորում, լուսանկարչություն, նկարչություն, գրաֆիկական դիզայն, շարժական գրաֆիկա և կայքերի մշակում)։ Ուսանողները զարգացնում են իրենց տեխնիկական և ստեղծագործական հմտությունները հատուկ նախագծերի միջոցով՝ ոլորտի մասնագետների և կրթական շավիղի ուղղորդմամբ, որը խրախուսում է ինքնուրույնություն, համագործակցություն և մշտական աճ։
Թումոն ունի ավելի քան 100.000 շրջանավարտ, ինչը խոսում է այն մասին, որ Թումոյի ազդեցությունն արդեն տարածվում է դասասենյակներից դուրս։ Շրջանավարտները ստեղծում են կազմակերպություններ, ձևավորում ստեղծարար ոլորտներ, նպաստում Հայաստանի տնտեսությանը՝ Թումոյում ձեռք բերած ինքնավստահությունը, կարգապահությունն ու երևակայությունը տանելով դեպի աշխարհ։ 15-ամյակի հոբելյանական գալան նվիրված կլինի ուսանողներին, մարդկանց, համագործակցություններին ու գաղափարներին, որոնք ձևավորել են Թումոյի առաջին 15 տարիները, և նպատակ ունի աջակցելու հետագա գործունեությանը, այդ թվում՝ Հայաստանում ծրագրի ընդլայնմանը։
Միջոցառումը մեծարելու է այն առաջնորդներին, որոնք կանգնած են միջազգային տեխնոլոգիաների, ձեռներեցության և Հայաստանի զարգացման առաջնագծում։
Հյուրերը կվայելեն Թումոյում հիմնադրված Թմբաթա խմբի կատարումները, որին հատուկ հյուրի կարգավիճակով կմիանա Սերժ Թանկյանը, ինչպես նաև գրավիչ պատմություններ ու շրջանավարտների ելույթներ, որոնք կմարմնավորեն Թումոյի պատմությունը։
Հովանավորության հնարավորությունների և տոմսերի համար այցելեք՝ tumo.org/sh/gala