Թումոյի կրթական ծրագիրը բաղկացած է ինքնուսուցման վարժանքներից, դասընթացներից և աշխատարաններից 14 հիմնական ոլորտներում: Պատանիները այս ամենը համակցում են` շարժվելով անձնական Թումո շավիղով, որը թարմացվում է ըստ իրենց փոփոխվող հետաքրքրությունների և առաջխաղացման:
խաղերի ստեղծում
լուսանկարչություն
շարժական գրաֆիկա
ռոբոտաշինություն
գրաֆիկական դիզայն
երաժշտություն
ծրագրավորում
ստեղծագրություն
կայքերի մշակում
անիմացիա
եռաչափ մոդելավորում
genai
ֆիլմերի ստեղծում
նկարչություն
Ինքնուսուցում
Ինքնուսուցման փուլի ինտերակտիվ վարժանքները ոգեշնչում են ուսանողներին և ձևավորում նոր հմտություններ։ Իսկ Թումոյի մարզիչները քաջալերում են պատանիներին և օգնում նրանց առաջ շարժվել իրենց կրթական ուղով։ Հարյուրավոր ինքնուսուցման վարժանքների մի մասը նաև նախապայմաններ են, որոնք ուղղորդում են դեպի տարբեր ոլորտների դասընթացներն ու աշխատարանները։
Դասընթացներ
Թումոյում անցկացվում են դասընթացներ բոլոր 14 կրթական ոլորտներում։ Դասընթացների արդյունքում ուսանողներն ստեղծում են անհատական կամ խմբային նախագծեր, որոնք տեղադրվում են նրանց թվային պորֆոլիոներում, հրապարակվում Թումոյի առցանց հարթակներում, իսկ երբեմն էլ ուղարկվում են մրցույթների և փառատոնների։ Դասընթացին մասնակցելով` պատանիները ձեռք են բերում գործնական գիտելիքներ տեխնոլոգիաների և դիզայնի նորարարական ոլորտներում և զարգացնում են թիմային աշխատանքի ու հաղորդակցության իրենց հմտությունները։
Աշխատարաններ
Աշխատարանները եզակի գործնական դասընթացներ են, որոնք վարում են ոլորտի լավագույն միջազգային մասնագետները: Ամեն տարի 100-ից ավելի մասնագետներ Nasa, Google, Disney և այլ հայտնի կազմակերպություններից գալիս են Թումո՝ կամավոր սկզբունքով աշխատելու թումոցիների հետ իրական նախագծերի վրա և կիսվելու իրենց անգնահատելի փորձով:
Եթե ցանկանում եք վարել աշխատարան և կիսվել ձեր փորձով Թումոյի ուսանողների հետ, անցե՛ք այս հղումով:
Թումո շավիղը
Թումո շավիղը նորարարական հարթակ է, որը ձևավորում և ներկայացնում է յուրաքանչյուր ուսանողի անհատական կրթական ուղին՝ բոլոր վարժանքները, դասընթացներն ու աշխատարանները ժամանակագրական հերթականությամբ: Այն մշտապես թարմացվում ու հարմարեցվում է արհեստական բանականության միջոցով՝ հաշվի առնելով ուսանողի ուսումնառության արագությունն ու հետաքրքրությունները: Թումո շավիղը յուրահատուկ կրթական գործիք է, որն օգնում է կառուցել ամեն պատանու հաջողության ճանապարհը՝ տալով նրան ընտրության լիակատար ազատություն։