Մեսսին, Իտալիան, Անգուլոն ու Թումոն

tumosport blog 2026 - Մեսսին, Իտալիան, Անգուլոն ու Թումոն

Եթե հարցնենք՝ ի՞նչ է գալիս ձեր մտքին, երբ լսում եք «Թումո» բառը, քչերը կասեն «ֆուտբոլ», նույնիսկ Աշխարհի առաջնության օրերին։ Բայց Թումոյում ֆուտբոլն ամենօրյա թեմա է. Գրեթե 10 տարի Թումոյում ֆուտբոլային մարզումներ են անցկացվում, ձևավորվում են հավաքականներ ու շատ այլ մերձֆուտբոլային իրադարձություններ են լինում, որոնցից ամենանշանակալին, իհարկե, Լեո Մեսսիի «սթորին» էր Թումոյի մասին։

Վահե Բուդումյանը զրուցել է Թումո ֆուտբոլիստների և նախաձեռնության հետևում կանգնած մարդկանց և ուսանողների հետ՝ պարզելու համար, թե ինչու է Թումոն կարևորում սպորտն ու ֆուտբոլը, ինչու են ֆուտբոլային աստղերն այցելում Թումո, ու վերջապես՝ ինչու էր Մեսսին իր մարզաշապիկը նվիրել Թումոյին ու մեր մասին «սթորի» արել։

copy of ararat football 11 - Մեսսին, Իտալիան, Անգուլոն ու Թումոն

Ինձ հիշո՞ւմ եք, ես Իտալիան եմ

«Ես էլ, դու էլ, հաստատ, մեր պատանեկան երազանքներում ուզել ենք լինել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ», – խոստովանում է Թումո սպորտի և միջոցառումների համադրող Երվանդ Իսմաիլյանը, որն ինձ պես չի դարձել ֆուտբոլիստ։

Երվանդը մեծ ոգևորությամբ է խոսում Թումո սպորտ նախաձեռնության ու դրա բազմաթիվ ուսանող-մարզիկների մասին և հաճախ նույն ոգևորությամբ էլ միանում է ֆուտբոլի հետմարզումային խաղերին.

«Ինչ-որ պահից Թումոյի համար կարևոր է դարձել սպորտն ու հատկապես ֆուտբոլը՝ որպես ուսանողական առօրյայի մաս: Դա հնարավորություն է տալիս ուսանողներին իրար ճանաչել, ձևավորել խմբեր ու զարգացնել թիմային մտածելակերպ», – ասում է նա:

Իհարկե, սպորտը Թումոյի տեխնոլոգիաների և դիզայնի 14 ոլորտների ցանկում չէ։ Բայց շատ պատանի տղաների և աղջիկների համար Թումո սպորտը կրթական առօրյայի կարևոր ու սիրելի բաղադրիչ է։ Ամեն տարի հարյուրավոր թումոցիներ են դիմում և անվճար մասնակցում բասկետբոլի կամ ֆուտբոլի մարզումներին ու մրցումներին, որոնք տեղի են ունենում Թումանյանի բարեկարգ զբոսայգու խաղադաշտերում մարզիչների (սպորտային, ոչ՝ ուսուցանող) ղեկավարությամբ։ Իսկ իրենց խաղով ու վարքով աչքի ընկած ուսանողներն էլ ներառվում են Թումոյի հավաքականներում։

copy of ararat football 9 - Մեսսին, Իտալիան, Անգուլոն ու Թումոն

Եթե որևէ աշխատանքային օր՝ երեկոյան ժամի զբոսնել եք Թումոյի այգում, անպայման նկատել եք խայտաբղետ մարզաշապիկներով տղաների և աղջիկների, որոնք բացօթյա մարզում են անում.

«Մեծ քանակի ուսանողներ են մասնակցում Թումո սպորտին, և դժվար է միանգամից բոլորի անունները հիշելը: Բնականաբար, իրենք իրար սկսում են մտապահել մարզաշապիկով, որով հաճախ են տեսնում, – ասում է Երվանդը, – արդյունքում ունենք դարպասապահ, որի մականունը Իտալիա է։ Ինքն էլ կարող է պարապմունքներից դուրս ինձ տեսնի, ասի՝ Ինձ հիշո՞ւմ եք, ես Իտալիան եմ:

Ունենք ուսանող, որը Հայաստանի հավաքականի մարզաշապիկով էր գալիս՝ Վբեյմար Անգուլոյի։ Ինքն Անգուլոն է: Ունեցել ենք Զիդանիկ, Չավի, շատ ենք ունեցել Մեսսիներ ու Ռոնալդուներ», – ժպտալով հիշում է Երվանդը:

Երվանդը թիմային մտածողության և համագործակցության զարգացման առումով հատկապես կարևորում է Թումոյի հավաքականների ստեղծումը.

«Ուսանողները, որոնք ժամանակ են անցկացնում դաշտերում, մարզվում են, վարժություններ են անում, ավելացնում են իրենց հմտությունները, պետք է նաև փորձարկեն դրանք, – ասում է Երվանդը, – այդ պատճառով մենք նախ ձևավորեցինք մրցաշար մեր մարզումային խմբերի միջև: Հետո, երբ հասկացանք, որ ուսանողներն ավելի՛ շատ մրցակցության կարիք ունեն, ձևավորեցինք Թումո հավաքականներ՝ ֆուտբոլի և բասկետբոլի։

Հավաքականը հնարավորություն է տալիս ուսանողներին ավելի շատ կապվել Թումոյի հետ, ավելի շատ էմոցիաներ ստանալ, ավելի շատ ընկերներ ձեռք բերել ու ավելի շատ ժամանակ անցկացնել Թումո Երևանում՝ թումոյական միջավայրում», – շարունակում է նա:

«Ինձ մի օր ուսանողի ծնողներից մեկն էր զանգահարել և ասում էր, որ իր տղան տանն անդադար խոսում է հավաքականի մասին։ Խնդրեց, որ երբ իր տղային տեղեկացնենք հավաքական հրավիրվելու մասին, իրենց նախապես ասենք, որ այդ պահը նկարահանեն»։

copy of ararat football 1 - Մեսսին, Իտալիան, Անգուլոն ու Թումոն

Ավելի արագ, ավելի ուժեղ, ավելի մոտիվացված

Բայց վերջիվերջո ի՞նչ կապ ունի սպորտն ու ֆուտբոլը Թումոյի հետ։ Ի՞նչ են տալիս կանոնավոր մարզումները և մրցումները պատանիներին, որոնք գալիս են Թումո՝ ուսումնասիրելու ծրագրավորման, անիմացիայի, ֆիլմերի ստեղծման, երաժշտության, գեներատիվ AI-ի կամ այլ նորարարական ոլորտներ։

Թումո ֆուտբոլի մարզիչ Արմեն Խաչատրյանը, որը Թումոյի շրջանավարտ է և պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ՝ իր ամուր կազմվածքով ու հասակով աչքի ընկնող կենտրոնական պաշտպան, այսպես է մեկնաբանում Թումոյի և ֆուտբոլի կապը.

«Թումոն կառուցված է այնպես, որ սկսում ենք անհատական վարժանքներից, հետո դասընթացներ ենք անցնում և խմբային պարապմունքներ, – բացատրում է Արմենը, – նույնն էլ ֆուտբոլում է. դու սկզբից ցույց ես տալիս քո ունակությունները՝ ինչի ես ունակ անհատապես, հետո փորձում եք տասնմեկ հոգու ունակությունները միավորել մի մտքի մեջ, ու դա դառնում է արդեն խմբային խաղ։ Եթե բարդ բնավորություն ունենաս, եթե չկարենաս, օրինակ, օգնել ընկերոջդ, զիջել, լինել թիմային խաղացող, ուրեմն քեզ դժվար է լինելու շատ ժամանակ», – ավելացնում է նա։

Թումոյի կրթական մոտեցումն իսկապես կարելի է նմանեցնել սպորտային մարզման, և պատահական չէ, որ ուսուցանող մարզիչները կոչվում են «մարզիչներ»։ Նմանությունը ոչ միայն թիմային մտածողության և համագործակցության կարևորության մեջ է, այլև կրթական սկզբունքների.

«Սպորտում ֆիզիկական ծանրաբեռնվածությունն ու ջանքը կարևոր են, քանի որ դրանք մկանները զարգացնելու միակ ձևն են, – նշում է Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը, – կրթության մեջ ամեն ինչ նույնն է. սովորելն իսկապես ջանք է պահանջում, մի քիչ էլ սթրես ու իրական խնդիրների հաղթահարում։ Հենց այս կառուցողական դիմադրությունն է պետք «մոտիվացիայի մկանները» մարզելու և սուպերսովորող դառնալու համար», – ասում է Բեկորը։

15-ամյա Արթուր Հարությունյանը, որն արդեն մեկ տարի հաճախում է Թումո ֆուտբոլի մարզումներին և հպարտությամբ կրում է հավաքականի ավագի թևկապը, ավելի պարզ է տեսնում Թումոյի և ֆուտբոլի կապը.

«Ես ֆուտբոլը նմանեցրել եմ կայքերի մշակմանը, – ասում է նա, – առաջինը՝ պիտի հասկանաս՝ ինչ դիզայն ես անելու, որ հաջորդ՝ կոդավորման փուլում շարունակես քո գործողությունը և երրորդ փուլում հասնես հաջողության, գոլ խփես»։

Իսկ այն հարցին, թե ինչ է գործնականում իրեն տալիս Թումո ֆուտբոլը, Արթուրը շատ խորը պատասխան է տալիս. «Վստահություն։ Պայքարելու ունակություն։ Գիտակցություն, որ ամեն ինչ միանգամից չի ստացվում։ Եվ ամենաշատը՝ ինքդ քո հանդեպ անկեղծություն։ Ոչ մի հաջողություն չի գալիս մի կամ երկու պարապմունքից, անպայման պիտի չարչարվես, որ հասնես հաջողության», – վստահորեն ասում է Արթուրը։

Գնդակ, հարված, գոլ, լավ ա…

Թումոյի կրթական փիլիսոփայությունը տարածվում է թե՛ խաղադաշտում, թե՛ դասասենյակում։ Դասընթացների և աշխատարանների ընթացքում ուսանողները հաճախ միասին են աշխատում նախագծի վրա և ընդհանուր արդյունք են ստեղծում՝ ֆիլմ, ռոբոտ կամ, օրինակ՝ բրենդինգ։

Մի այդպիսի աշխատարանի ընթացքում չեխ դիզայներ Պավել Ֆուկսայի ղեկավարությամբ թումոցիներն ստեղծեցին բրեդինգ «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբի համար: Ուսանողները բաժանվեցին թիմերի, և ամեն թիմը նախագծեց լոգոների իր տարբերակը՝ մարզաշապիկների, պաստառների և դրոշների վրա օգտագործելու համար: Իհարկե, «Սարդարապատ» ակումբն այլ բրենդինգ նախընտրեց, բայց միևնույն է թումոցիների արդյունքը մնաց իրենց պորտֆոլիոյում՝ որպես արժեքավոր վերջնարդյունք։

Իսկ այս Ուրիշ հուլիսի ժամանակ MIT-ից ժամանած Քեթրին Փագորեքն ուսանողների հետ ստեղծեց երկու ռոբոտ, որոնցից մեկը հարվածում է գնդակին, իսկ մյուսը սենսորների միջոցով փորձում է որսալ գնդակը։ Ռոբոտաշինության այս աշխատարանի ընթացքում ուսանողները ոչ միայն յուրացրին տարբեր ինժեներական հմտություններ, այլև զարգացրին համագործակցելու իրենց կարողությունները։

Համագործակցություն UEFA հիմնադրամի հետ

Այս ու այլ ընդհանուր 10 սպորտային աշխատարաններ են անցկացվում եվրոպական ֆուտբոլի խոշորագույն կազմակերպության՝ UEFA-ն երեխաների համար հիմնադրամի աջակցությամբ։ Դրանց շնորհիվ ուսանողները բացահայտում են սպորտի տեխնոլոգիական և ստեղծագործական կողմը և ոգեշնչվում են մարզվելու և վարելու առողջ ապրելակերպ։

UEFA հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում ոչ միայն թեմատիկ աշխատարաններ կիրականացվեն, այլև ֆուտբոլային մրցաշարեր ու մարզային ծրագրեր, որոնք թույլ կտան տարբեր համայնքների ուսանողներին ևս մասնակցել Թումո ֆուտբոլի մարզումներին՝ պրոֆեսիոնալ գնդակներով, մարզիչներով ու բարձրորակ խոտածածկով։

Մեսսի Մեսսի Մեսսի Մեսսի …

Թումոցիներին հաճախ են կարևոր հյուրեր այցելում, բայց մարզիկ-թումոցիների հյուրերը, որպես կանոն, պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներն են (ներկա ու նախկին) կամ էլ ամբողջական ֆուտբոլային ակումբներ: Այդ հանդիպումները թույլ են տալիս թե՛ պատանի մարզիկներին, թե՛ նրանց մարզիչներին նոր հմտություններ ու գիտելիքներ ստանալ բարձրակարգ սպորտային մասնագետներից։ Օրինակ՝ անցած տարի ուսանողներն ընդունեցին Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Լևոն Փաչաջյանին, Գևորգ Ղազարյանին, ինչպես նաև Հայաստանի չեմպիոն Արարատ-Արմենիայի ֆուտբոլիստներին ու մարզիչներին, որոնք իրենց ժամանակակից մոտեցումները փոխանցեցին մերոնց։

copy of 1 2 - Մեսսին, Իտալիան, Անգուլոն ու Թումոն

Լևոն Փաչաջյանը Թումո ֆուտբոլի մարզման ժամանակ, 2025

Բայց դե իհարկե, մեր ամենահայտնի «հյուրը» դեռ չի հասցրել այցելել Թումո Երևան։ Փոխարենը՝ նա եղբոր՝ Ռոդրիգո Մեսսիի հետ ուղարկել է իր ստորագրված մարզաշապիկը, որով խփել է 100-րդ գոլն Արգենտինայի հավաքականում, և իր խոստումը՝ անպայման հյուրընկալվել Թումո Երևանում մոտ ապագայում։

Մեսսին ոչ միայն Թումոյին նվիրեց իր մարզաշապիկը, այլև մեզ վրա ուղղեց ֆուտբոլային հանրության ուշադրությունը՝ կիսելով Թումոյի ինստագրամյան էջն իր «սթորիներում», ինչի արդյունքում կտրուկ ավելացավ մեր իսպանախոս հետևորդների թիվը։

«Հրաշալի կլիներ, եթե ունենայինք տարածք, որտեղ կցուցադրվեր Մեսսիի ստորագրությամբ մարզաշապիկը, և ուսանողները հնարավորություն ունենային անձամբ տեսնելու այդ մասունքը, – ասում է Երվանդը, – մենք ունենք նաև Արարատ-Արմենիայի բոլոր ֆուտբոլիստների ստորագրությամբ մարզաշապիկը, երբեմն էլ օրինակ Չեմպիոնների լիգայի գավաթը կարող էր ժամանակավոր ցուցադրվել այդտեղ… »։

copy of rodrigo messi visit 11 - Մեսսին, Իտալիան, Անգուլոն ու Թումոն

Ռոդրիգո Մեսսին՝ Լիոնել Մեսսիի եղբայրը և Leo Messi Management-ի տնօրենը, Թումոյին է նվիրում Մեսսիի մակագրված մարզաշապիկը

Լրացուցիչ ժամանակ

Մինչ Լեո Մեսսիի այցն ու նոր դաշտի կառուցումը, Թումոյի զբոսայգում մարզումները շարունակվում են իրենց հունով։ Ամեն երեկո «Իտալիան», «Անգուլոն», «Մեսսիներն» ու «Ռոնալդուները» թումոյական վարժանքներից ու դասընթացներից հետո գալիս են մարզադաշտ՝ խաղալու նույն թիմում։

Եվ կարևոր չէ՝ մեր պատանիներից քանիսը կդառնան պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ։ Կարևորն այն է, որ այսօր Թումոյում նրանք ունեն այն, ինչը մենք փնտրում էինք մեր մանկության բակերում՝ լավ դաշտ, ուժեղ մարզիչներ և համախոհների մի մեծ համայնք։

Թումո ֆուտբոլը հենց այդ համայնքն է, որտեղ սպորտն օգնում է կրթությանը, իսկ կրթությունը՝ սպորտին։ Սա հրավեր է բոլորին՝ ուսանողներին, որոնք դեռ տատանվում են միանալ մարզումներին, ծնողներին, որոնք ուզում են տեսնել իրենց երեխաներին առողջ ու թիմային միջավայրում, և բոլոր նրանց, ովքեր ցանկանում են դառնալ այս մեծ ու սիրուն նախաձեռնության մի մասը։ Խաղն սկսված է, իսկ Թումոյում լրացուցիչ ժամանակը միշտ աշխատում է հօգուտ մեր պատանիների։

Թումո ֆուտբոլի ուսանողներին՝ Արթուրին, «Իտալիային», «Անգուլոյին» և մյուսներին աջակցելու համար այցելեք՝ armenia.tumo.org/donation

Եթե դուք Թումո Երևանի ակտիվ ուսանող եք, կարող եք միանալ մեր ուժեղ մարզումներին այս հղումով՝ tumo.org/sh/docsgooglecomformsd