2023 թվականի դեկտեմբերի 1-ը պատմական օր էր Հայաստանի համար. այդ օրը տիեզերք արձակվեց առաջին հայկական արբանյակը՝ Հայասաթ-1-ը։ Մեր արբանյակի հաջող թռիչքը Հայաստանի համար հսկայական ձեռքբերում էր, իսկ Թումոյի համար՝ հպարտանալու մեծ առիթ, քանի որ արբանյակի ստեղծման «մեղավորներից» մեկը մեր Վրեժն է, որը 12 տարեկանից Թումոյի հետ է։
«Ամեն ինչ սկսվել է Թումոյից», – ասում է մեր նախկին ուսանող և ներկա թիմակից Վրեժ Միքայելյանը՝ պատմելով հետաքրքրասեր պատանուց դեպի պահանջված ծրագրավորող իր անցած ուղու մասին։
Սովորելու մեծ ցանկությամբ Թումո եկած Վրեժն անմիջապես հասկացավ, որ Թումոյի ոլորտներից ամենա-իրենը ծրագրավորումն ու ռոբոտաշինությունն էին ու հաջորդող տարիները նվիրեց հենց այս ուղղությունների բացահայտմանը։
«Ինժեներությունն արվեստ է։ Դու ասես աստված լինես՝ կարող ես ստեղծել ինչ ուզես», – Վրեժի այս խոսքերը շատ լավ են արտահայտում նորարարության հանդեպ նրա սերը։ Այդ սերը տարիների ընթացքում միայն խորացել է՝ վերածվելով շոշափելի արդյունքի՝ տիեզերաշինական տեխնոլոգիայի, որը հենց այս պահին պտտվում է Երկրի շուրջ և արժեքավոր տեղեկություններ հաղորդում մեզ տիեզերքի և մեր մոլորակի մասին։