15 հարց շրջանավարտին. Սիրանուշ Հովսեփյան

Երբ Սիրանուշը 2011 թվականին եկավ նորաբաց Թումո, նա միայն ուզում էր ծանոթանալ Թումոյի առաջարկած ոլորտներին և հասկանալ, թե որն է ամենաշատը հավանում։ 15 տարի անց նա արդեն պրոդուկտի ավագ դիզայներ է firebird.ai-ում, որը կառուցում է Հայաստանում աշխարհի ամենամեծ AI սուպերհամակարգիչը։ Ահա մեր 15 հարցը Սիրանուշին նրա Թումո ուղու, այստեղ ստացած ամենակարևոր խորհրդի և AI ոլորտում աշխատելու մասին։

tumo15 siranush 09 - 15 հարց շրջանավարտին. Սիրանուշ Հովսեփյան

1. Սիրանո՛ւշ, դու սկսել ես Թումո հաճախել 2011 թվականից, երբ այն դեռ իր գործունեության սկզբնական փուլում էր։ Ի՞նչն է ամենաշատը տպավորվել այդ առաջին օրերից։

Այդ ժամանակ 17 տարեկան էի։ Առաջին տպավորությունս էր, թե տեխնոլոգիապես ինչքա՜ն հարուստ կենտրոն էր Թումոն, առաջին անգամ էի նման միջավայրում հայտնվել։ Ես՝ որպես ստեղծարար մտածող, ձևավորվել եմ Թումոյում ու Թումոյի շնորհիվ։ Համալսարանի դասերից հետո գալիս էի Թումո ու փորձում էի ինչքան հնարավոր է շատ դասընթացների մասնակցել։ Բացի այդ, մինչև հիմա ունեմ ընկերներ, որոնց հետ Թումոյում եմ ծանոթացել։

2. Ինչպե՞ս է Թումոն ազդել քո մտածելակերպի վրա՝ ստեղծարարության, տեխնոլոգիաների և խնդիրների լուծման վերաբերյալ։

Թումոյում խրախուսում էին ամենափախած մտքերը, ու երբ ես սկսեցի մասնագիտանալ, հասկացա, թե որքան օգտակար էր սա։ Այս «փախած» մտքերն ադապտացնում ես այն բիզնեսին, որի համար նախագիծ ես ստեղծում ու ավելի աշխատող գաղափար ստանում։ Այսպես՝ մրցակիցներիցդ էլ ես առաջ անցնում։

3. Թումոյում մասնակցել ես մի շարք դասընթացների ու աշխատարանների։ Այդ փորձառություններից ո՞րն է ամենամեծ ազդեցությունն ունեցել քո մասնագիտական ուղու վրա և ինչու։

Ինստագրամում ժամանակին մի էջ կար, կոչվում էր Փաստորեն, դիզայնն ու կոնտենտն ամբողջովին ես էի անում։ Ու այդ էջը review էր անում և խորհուրդներ տալիս Թումոյի դասընթացավար, դիզայներ Դավիթ Մարգարյանը։ Սա ինձ համար ամենաստեղծարար փորձառություններից է եղել։ Նաև օտար երկրից ժամանած մի սցենարիստի հետ շատ ինտենսիվ աշխատարան ունեցանք, որի ընթացքում տեքստեր գրելու հմտություններս զարգացրի։ Ինչքան էլ թվա, որ դիզայները միայն պատկերներ է ստեղծում, սա ինձ շատ օգնեց, որ աշխատանքիս համար տեքստեր գրեմ։

4. Թումոյում եղե՞լ է որևէ նախագիծ կամ աշխատարան, որի ընթացքում հասկացար, որ ցանկանում ես ավելի խորանալ դիզայնի մեջ։

Հստակ մի նախագիծ չկա, որ կարող եմ նշել, բայց հենց միջավայրն ու մարդիկ էին ինձ մոտիվացնողը, հատկապես՝ այն ժամանակ Թումոյի ստեղծագործական ղեկավար Արամ Գյուրմիշյանն ու Դավիթ Մարգարյանը։ Տեսնում էի նրանց աշխատանքն ու ցանկանում էի նմանվել նրանց։

5. Ինչպե՞ս քեզ օգնեց Թումոյում տարբեր ստեղծարար ոլորտներն ուսումնասիրելը՝ պրոդուկտի դիզայների աշխատանքի առումով։

Թումոն ինձ օգնեց իրերին այլ տեսանկյունից նայել։ Ստեղծարարությունը հմտություն է, որը կարող ես զարգացնել, ու սա հասկացել եմ Թումոյի շնորհիվ։ Դիզայնի, ստեղծագրության դասերը ու նաև Թումո կենտրոնում ֆիլմեր նայելն ինձ շատ են օգնել ստեղծարար դառնալ։

6. Կա՞ն արդյոք հմտություններ, որոնք զարգացրել ես Թումոյում և մինչ օրս պարբերաբար օգտագործում ես քո աշխատանքում։

Թումոյում ձեռք բերածս ամենամեծ հմտությունը feedback ստանալն ու ընդունելն է։ Շատ հաճախ դիզայներները դժվարությամբ են ընդունում նախագիծը վերանայելու առաջարկը, և դա պատվիրատուների մոտ դժգոհություն է առաջացնում։ Բայց դիզայնն արվեստի գործ չէ, այլ բիզնես և պետք չէ նեղվել նախագիծը փոփոխելուց։ Մի խորհուրդ է տպավորվել ինձ մոտ. «երբեք մի սիրահարվի՛ր ու մի ամուսնացի՛ր քո նախագծի հետ, որպեսզի կարողանաս ընդունել ադեկվատ feedback»։

7. Պրոդուկտի դիզայնը միավորում է ստեղծարարությունը, հետազոտությունը, տեխնոլոգիաները և բիզնես նպատակները։ Այս բաղադրիչներից ո՞րն ես ամենաշատը նախընտրում և ի՞նչն է քեզ գրավել այդ ուղղության մեջ։

Կարծում եմ բոլորն էլ կարևոր են, քանի որ առանց մեկի տուժում է մյուսը և լավագույն արդյունքը ստանալու համար պետք է այս բաղադրիչները միմյանց հետ ներդաշնակ լինեն։

8. Ինչպիսի՞ն է քո սովորական աշխատանքային օրը firebird.ai-ում։

Այստեղ աշխատում եմ 2026 թվականի ապրիլից։ Առավոտյան գնում եմ մարզասրահ, հետո կա՛մ առցանց եմ միանում աշխատանքին, կա՛մ գնում եմ գրասենյակ և stand-up հանդիպումներ ունենում։ Իմ հիմնական աշխատանքը product owner-ի հետ է։

9. Ինչպե՞ս է AI ոլորտում աշխատելն ազդել քո մասնագիտական մոտեցումների վրա։

AI-ը շատ է փոխել աշխատելաոճը և աշխատանքի հերթականությունը։ Երբ առաջադրանք ենք ստանում, առաջվա պես չեմ փնտրում, թե մրցակիցների մոտ, օրինակ, կայքն ինչպես է պատրաստված։ Հիմա Claude-ին պարզապես ասում եմ. «Այ սա իմ առաջադրանքն է, ես պետք է դրա հետ կապված կայք հավաքեմ, ասա, թե մրցակիցներն ինչ խնդիրներ են ունենում նման նախագծերում, առանձնացրու ուժեղ ու թույլ կողմերը, ըստ այս ամենի՝ գեներացրու նախագծի տարբերակ» ու Claude-ը միանգամից պատասխանում է ինձ։

10. Կարո՞ղ ես ներկայացնել նոր feature-ի նախագծման ամբողջ ընթացքը՝ սկզբնական գաղափարից մինչև վերջնական արդյունք։

Նախորդ հարցի քայլերն անցնելուց հետո սկսվում է բուն դիզայնի աշխատանքը, որտեղ մենք սկսում ենք փոփոխել, մշակել, հարմարեցնել մեր թիրախին, փոխել այն հատվածները, որոնք AI-ն ընդհանրապես սխալ է հասկացել։ Երբեմն լինում է, որ AI-ն ինձ հինգ րոպեում այնպիսի գաղափար է տալիս, որը գեներացնելու համար ինձնից շատ երկար կպահանջվեր։

Սիրանուշի նախագիծը Octave-ի հետ, որի վրա նա աշխատել է վեց տարի շարունակ

11. Կարո՞ղ ես պատմել AI-ի համար դիզայն մշակելն ի՞նչ առանձնահատուկ մարտահրավերներ ունի։

AI-ի համար նախագծելը հետաքրքիր է և մարտահրավերային, քանի որ այն հնարավորություն է տալիս ստեղծել ավելի հարմարվող և անհատականացված փորձառություններ։ Միևնույն ժամանակ, կարևոր է այդ հնարավորությունները ներկայացնել այնպես, որ դրանք լինեն ինտուիտիվ, հասկանալի և user-friendly։

12. Ինչպե՞ս ես համադրում օգտատիրոջ փորձառությունը, բիզնես նպատակները և տեխնիկական սահմանափակումները դիզայներական որոշումներ կայացնելիս։

Այս դեպքում պետք է հասկանալ՝ ինչն է քո առաջնահերթությունը։ Եթե քո առաջնահերթությունը օգտատերն է, այդ դեպքում թե բիզնես նպատակները ու տեխնիկական սահմանափակումները ստորադասվում են, և օգտատերը դառնում է առաջնային։ Երբեմն ամենակարևորը տեխնիկական սահմանափակումներն են, այդ դեպքում օգտատերի կարիքները կարող են մի թեթև տուժել։ Գլոբալ առումով բիզնես նպատակները չեն տուժում, քանի որ ամեն ինչ արվում է դրանց համար։ Ես կարող եմ դիզայնի մի քանի տարբերակ ներկայացնել և նշել, որ օրինակ, մի տեղ օգտատիրոջ փորձառությունը տուժում է, բայց տեխնիկական առումով շատ լավն է, կամ հակառակը։

13. 2011 թվականից դիզայնի ոլորտը շատ է փոխվել։ Ինչպե՞ս ես հարմարվել դրանց։

Ամենամեծ փոփոխությունը երևի AI-ն է եղել։ Ես սկզբից աշխատել եմ Photoshop-ով, հետո Sketch-ով, հետո Figma-ով, հետո եկավ AI-ի դարը։ Claude-ն է շատ ակտիվանում հիմա։ Հարմարվելու միակ տարբերակն անդադար սովորելն է։ Օրինակ՝ շուտով սկսելու եմ AI գործիքների մասին դասընթաց անցնել, որպեսզի ավելի մրցակցային լինեմ ոլորտում։

14. Եթե հնարավորություն ունենայիր վերադառնալու անցյալ և խորհուրդ տալու Թումոյի պատանի ուսանող Սիրանուշին, ի՞նչ կասեիր։

Կասեի՝ ամեն ինչ լավ ես անում, ապրե՛ս։

15. Ի՞նչ խորհուրդ կտաս Թումոյի ներկայիս ուսանողներին, որոնք ցանկանում են կարիերա կառուցել դիզայնի ոլորտում։

Ինչ կարող եք, վերցրե՛ք Թումոյից, որովհետև նման միջավայր ու ստեղծագործական ազատություն ոչ մի տեղ չկա։ Երբեք մի սահմանափակվեք և ավելիին ձգտեք։ Մի սպասե՛ք, որ AI-ի դարաշրջանում ինչ-որ մեկը գալու է և ձեզ սովորեցնելու է։ Դուք պետք է ինքնակրթվեք, անդադար սովորե՛ք և սիրե՛ք սովորելը, որովհետև միայն սրա շնորհիվ կարող եք մրցակցային լինել։