Երբ Ջուդիթ Սարյանն ու Վիկտոր Զարուգիանն առաջին անգամ Թումո ոտք դրեցին մեկ տասնամյակ առաջ, վայրկենապես որոշեցին, որ արտասովոր վայր են բացահայտել։ Նրանք Թումոյի մեջ տեսան այն ամենն, ինչ տարիներ շարունակ երազել էին Հայաստանի համար՝ ապագա, որտեղ խաչվում են կրթությունը, նորարարությունն ու առաջընթացը։
«Անմիջապես գիտակցեցինք, որ Թումոն նվեր է՝ Հայաստանից աշխարհին։ Սա շարժում է, որ կփոխի կրթության դեմքը», – ասում է Ջուդին։
Ծանոթությունը Թումոյի հետ տեղի ունեցավ 2013 թվականին, երբ ամուսինները Երևան էին եկել Birthright Armenia-ի մասնակից իրենց դստեր հետ։ Վիկտորը կարդացել էր Թումոյի մասին և մեծ ցանկություն ուներ այն անձամբ տեսնելու։
Իրականությունը գերազանցեց ակնկալիքները։
«Թումոյում շրջայց կատարեցինք [Թումոյի գործադիր տնօրեն] Մարի Լուի դստեր հետ, ով ընդամենը 12 տարեկան էր այդ պահին։ Նա այնքան բանիմաց էր և այնքան լավ էր պատմում Թումոյի մասին, որ արդեն պարզ էր, թե ինչպիսի ինքնավստահ և տաղանդավոր սերունդ է ձևավորվում այստեղ», – հիշում է Ջուդին։
Բարերարները Թումոյի ընդլայնման ջատագովներ դարձան հենց առաջին հանդիպումից և մի շարք այլ աջակիցների հետ միասին շրջադարձային դեր կատարեցին սահմանամերձ Կողբ գյուղում Թումո կենտրոնի ստեղծման գործում։ Թումոն նոր շունչ բերեց այս հեռավոր համայնք, հազարավոր տավուշցի պատանիներին ոգեշնչելով գնալ իրենց երազանքների հետևից։
Հաջորդը Կապանն էր։ Ջուդիթն ու Վիկտորը մեծ ոգևորությամբ նվիրվեցին ևս մեկ մարզի պատանիների համար կյանքեր փոխող հնարավորությունների ստեղծման գործին։
Թումո Կապանի վայրը խորը նշանակություն ունի Սյունիքում, որտեղ անսահման ներուժը տարիներ շարունակ չիրագործված է մնացել սահմանափակ ռեսուրսների պատճառով։ Երկաթուղային կայարանի պատմական շենքն այսուհետ ոչ միայն մարզի անցյալի, այլ նաև նրա ապագայի խորհրդանիշ է։ «Այն կամրջում է պատմությունն ու առաջընթացը՝ Կապանի պատանիներին տալով բոլոր հնարավորությունները, որ հասանելի են օրինակ Երևանում», – նշում է Վիկտորը։
Ջուդիթն ու Վիկտորը Թումոյի մոտեցումը հեղափոխական են համարում։ Ինքնուսուցում համատեղելով համաշխարհային մակարդակի մասնագետների ներգրավմամբ անցկացվող դասընթացների ու աշխատարանների հետ՝ Թումոն ստեղծել է նորարարության յուրօրինակ մշակույթ, որը բացառիկ է ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում։ Այս նախաձեռնությունն արտացոլում է հայերի՝ պատմությամբ ապացուցված ստեղծարարությունը։
«Հայերը միշտ են նոր տեխնոլոգիաների առաջնագծում եղել։ Օսմանյան կայսրության ժամանակների լուսանկարիչներից մինչև Սովետական միությունում հայտնի համակարգչային մասնագետներ՝ հայերը մշտապես աչքի են ընկել հետաքրքրասիրությամբ և նախաձեռնողականությամբ։ Թումոն հաջորդ էջն է այս պատմության մեջ», – նշում է Վիկտորը։
Երկուսն էլ համոզված են, որ Թումոն մարմնավորում է Հայաստանի լավագույն գծերը՝ հնարամտություն, տոկունություն և անսահման ներուժ։ Շարունակելով առաջ մղել իրենց և Թումոյի առաքելությունը, Ջուդիթն ու Վիկտորը կոչ են անում միանալ ապագայի կրթությունը Հայաստանի յուրաքանչյուր անկյունում հասանելի դարձնելու կարևորագույն ջանքերին։
«Յուրաքանչյուրս պարտավոր ենք մեր դերակատարությունն ունենալ այս գործում։ Թումոյին աջակցելով ոչ թե պարզապես նախագիծ եք ֆինանսավորում, այլ պատանիներին հնարավորություն եք տալիս կառուցել իրենց ապագան։ Թումոն ապագան է, և մեծ երջանկություն է դրա մի մասը լինելը», – ասում է Ջուդին։
Իմացե՛ք այն մասին, թե ինչպես կարող եք ինքներդ նպաստել Հայաստանում տևական փոփոխությունների ստեղծմանը՝ [email protected] հասցեով մեզ հետ կապ հաստատելով։
