Ճանապարհ դեպի Թումո՝ Կիևյանով

1 4 - Ճանապարհ դեպի Թումո՝ Կիևյանով

Թումո տանող ճանապարհները տարբեր են։ Շատ ուսանողներ հեռու չեն գնում, հաճախում են իրենց գյուղամեջի Թումո տուփը կամ տրանսպորտով գալիս են մոտակա կենտրոն։ Բայց որոշ ուսանողներ ստիպված են սարեր ու ձորեր կտրել Թումո հասնելու համար։ Այդպիսի մի ճանապարհի մասին, օրինակ, պատմել ենք այստեղ։

Հրազդանի երկու ափերն իրար միացնող՝ Երևանի ամենամեծ կամրջի՝ «Կիևյանի» երկամսյա փակումը, որը Թումո տանող հիմնական ճանապարհներից է, ու դրա առաջացրած խցանումները մի լավ նյարդայնացրին երևանցիներին։ Բայց երթևեկության կասեցումն ամենևին չխանգարեց Թումոյի ուսանողներին։ Նրանցից շատերը հեծնեցին մոպեդներն ու հեծանիվները կամ էլ պարզապես սկսեցին ոտքով գալ Թումո։

1 1 - Ճանապարհ դեպի Թումո՝ Կիևյանով

Թումո ֆուտբոլի մարզիկ և ուսանող Արթուրի ու իր թիմակիցների ճանապարհը դեպի Թումո սկսվում է Կոմիտասից՝ շուկայի մոտակայքից։ Թումոցիները ոտքով իջնում են «Բարեկամություն», անցնում «Կիևյան» կամրջով ու թեքվում Թումանյանի այգի, որտեղ ամեն շաբաթ մասնակցում են Թումո ֆուտբոլի մարզումներին։

«Ընկերների հետ որ քայլում ես, հոգնացուցիչ չէ, – ասում է Արթուրը՝ կանխազգալով հարցս, – համենայն դեպս ֆուտբոլի պարապմունքներին բացարձակ չի խանգարում»։

Ի տարբերություն շատերի, որոնք ստիպված էին «Կիևյանը» ոտքով անցնում՝ Արթուրը նախընտրում էր քայլել զուտ հավեսի համար։ Ճանապարհին ընկերներն իհարկե խոսում են Թումոյի մարզումների ու ֆուտբոլի մասին։ Եվ երևի իրենք էլ չեն նկատում՝ ինչպես է ճանապարհը «կրճատվում» ու իրենց առաջ հայտնվում է Թումոյի այգին ու շենքը։

1 2 - Ճանապարհ դեպի Թումո՝ Կիևյանով

Բայց Թումոյի բարեկարգած զբոսայգուն հասնելու համար, ուսանողները վերջին ամիսներին ստիպված էին նախ հաղթահարել հիմնանորոգվող «Կիևյանը», որի միայն նեղլիկ հատվածն էր բաց անցուդարձի համար.

«Կիևյանի շինարարությունը մեզ քիչ էր խանգարում։ Ուղղակի շատ էինք ժամանակ կորցնում։ Լավ է, որ ժամանակից շուտ բացեցին», – ասում է Արթուրը։

1 5 - Ճանապարհ դեպի Թումո՝ Կիևյանով

Կամրջի նորոգումն ու բացումն այնքան կարևոր ու սպասված էին ամբողջ քաղաքի համար, որ իհարկե հայտնվեցին նաև թումոցիների աշխատանքներում։ Ուրիշ հուլիսի շրջանակում Արեգ Կոզմոյանի «Վավերագրական ֆիլմ սմարթֆոնով» երկշաբաթյա աշխատարանի ժամանակ ուսանողներ Անգելինան և Մարիետան նկարահանեցին դոկումենտալ ֆիլմ կամրջի շինարարության և դրա շուրջ տեղի ունեցող փոքրիկ դրվագների մասին։

Կամրջի փոշոտ ու աղմկոտ շինարարությունը հաղթահարելով՝ ուսանողները թեքվում են Թումոյի կանաչ այգի ու երևի մի լավ շունչ քաշում։ Այգու հետ կապված շատ պատմություններ են հիշում։ Արթուրն անմիջապես մտաբերում է, թե ինչպես են հակառակորդ թիմի հետ վիճել խաղային դրվագի պատճառով, բայց հետո, ժանրի կանոնների համաձայն, դարձել են մոտ ընկերներ։

Արթուրն ու ընկերները ճանապարհից չեն հոգնում և չեն բողոքում։ Միայն շատ են ուզում, որ նույն դասընթացներին ու աշխատարաններին մասնակցեն, ինչը հաճախ չի ստացվում իրենց ժամանակացույցի և նախասիրությունների պատճառով. Արթուրը գրանցվել է կայքերի մշակման դասընթացին, իսկ ընկերները՝ ռոբոտաշինության։ Բայց միևնույն է իրենք հանդիպում են Թումոյի դաշտում, քանի որ ֆուտբոլի հանդեպ սերը, որն իրենց ավելի է մոտիվացնում հաճախել Թումո, ընդհանուր է։

1 3 - Ճանապարհ դեպի Թումո՝ Կիևյանով

Բազմաթիվ թումոցիներ, անհավանական հետաքրքիր, արկածներով լի, երբեմն էլ դժվար ճանապարհներ են անցնում Թումո հասնելու համար։ Եվ երևի իրականում Թումոն հենց այդ մասին է՝ գտնելու այն մոտիվացիան, որը քեզ ուժ կտա անցնելու ցանկացած ճանապարհ և հաղթահարելու ամեն խոչընդոտ։

Եթե դուք էլ եք հետաքրքիր ճանապարհ անցնում Թումո գալու համար, ուղարկե՛ք Ձեր պատմությունը մեր էջին, մենք այն սիրով կընթերցենք։

Եթե դուք Թումո Երևանի ակտիվ ուսանող եք, կարող եք միանալ մեր ուժեղ մարզումներին այս հղումով՝ tumo.org/sh/docsgooglecomformsd