Հողագործությունից ծրագրավորում. Թումո Կողբի Գարիկը

Հողագործությունից ծրագրավորում. Թումո Կողբի Գարիկը

Գարիկն է, սահմանապահ Բերդավան գյուղից: Թումո Կողբի բացվելուն սպասել է շուրջ 5 տարի: Չնայած հագեցած առօրյային` հողագործությունից մինչև դպրոցի աշխորհրդի նախագահի պարտականություններ, նա հասցնում է ժամանակ տրամադրել իր սիրած զբաղմունքներին` նկարչությանը և ծրագրավորմանը:

Հաճախելով Կողբի գեղարվեստի դպրոց` Գարիկը համատեղում է քանդակագործությունն ու նկարչությունը, միաժամանակ երազում է ծրագրավող դառնալ:

«Նկարչությունն իմ տարերքն է, իսկ ծրագրավորումը հավանաբար հիմնական մասնագիտությունը: Թումոյում համոզվեցի, որ հենց ծրագրավորումն եմ ընտրելու»,- ասում է Գարիկը: Նաև ավելացնում, որ ուսումն ավարտելուց հետո վերադառնալու է ծննդավայր, քանի որ ցանկանում է իր ներդրումն ունենալ համայնքի զարգացման մեջ:

1 4 - Հողագործությունից ծրագրավորում. Թումո Կողբի Գարիկը

Բացի այն, որ Գարիկը գյուղի արվեստասեր ընկերների հետ հիմնել է «Դեռահաս արվեստասերների կենտրոն», որտեղ կքննարկեն տեղի խնդիրները ու կառաջարկեն լուծումներ, նրա կյանքի անբաժանելի մասն է կազմում հողագործությունը. աճեցնում է բանջարեղեն` լոբի, լոլիկ և սիրով խնամում տան այգին` մշակելով ձիթապտղի, արքայանարնջի, թթի, փշատի և տարածաշրջանին բնորոշ այլ ծառեր:

«Հողի հետ գործ անելիս հանգստանում եմ, մտքերս հավաքում: Հետաքրքիր է հետևել, թե ինչպես է հողից ծնվում կյանքը»,- նշում է Գարիկը:

Իսկ Թումո՜ն:

Գարիկի կարծիքով Թումոն զարգացման այնքան հնարավորություններ է տալիս համայնքի պատանիներին, որ արդեն զգում են նրա դրական ազդեցությունը:

«Իմ ընկերներից շատերը Թումոյի շնորհիվ արդեն կողմնորոշվել են մասնագիտության հարցում: Ազատ միջավայրը, որտեղ դու հնարավորություն ունես ընտրելու, քեզ կարևոր զգալու, շատ անհրաժեշտ էր մեզ»,- ասում է Գարիկը:

Արդեն հաջողությամբ մասնակցել է կայքերի մշակման և լուսանկարչության դասընթացներին, ինչպես նաև Թումոգրաֆի մրցույթին` ներկայացնելով սահմանին ապրելու, հույսի և խորհրդանշական Ղալինջաքար ամրոցի մասին պատմող լուսանկար:

5532f3f7 a765 4927 86de 760323ae831d 1 - Հողագործությունից ծրագրավորում. Թումո Կողբի Գարիկը

Ղալինջաքար ամրոց, Տավուշի մարզ | Թումոգրաֆի մրցույթ

Գարիկը երազում է, որ մի օր Թումո Կողբի աշխատանքային եռուզեռի մասը կդառնա` մարզիչից մինչև դասընթացավար:

«Մի գաղտնիք բացեմ, նույնիսկ դիմել եմ Թումոյի մարզիչ դառնալու համար, շատ եմ ուզում էս միջավայրում աշխատել»,- խոստովանում է Գարիկը՝ շարունակելով հաստատուն քայլերով ճանապարհ հարթել դեպի իր երազանքները:

1 3 - Հողագործությունից ծրագրավորում. Թումո Կողբի Գարիկը