Վերջերս համացանցում է հայտնվել մի ձայնագրություն, որից պարզ է դառնում, որ ոմն Արսեն Ասատրյան, կարիերան սկսելով որպես սովորական Թումո ուսանող (չնայած, այլ աղբյուրներից լսել ենք, որ Թումոյի ուսանողները սովորական չեն լինում), հաջողացրել է աճել մինչև պրոդուկտ մենեջեր՝ կարճ ժամանակահատվածում 3 անգամ պաշտոնի բարձրացում ստանալով:
Ծանոթացե՛ք բացահայտումներին, իմացե՛ք Արսենի 4 պաշտոնների մասին և պարզե՛ք, թե որոնք են Թումոյում հաջողության հասնելու իրական գաղտնիքները:
Գնացինք:
1. Ուսանող / սովորելու գլխավոր պատասխանատու
«Դպրոցում ասում էին՝ ինչ ասում ենք, դա էլ պիտի սովորես: Եկա Թումո, կյանքումս առաջին անգամ հարցրեցին, թե ինչ եմ ուզում սովորել»:
Հենց «ի՞նչ ես ուզում սովորել» հարցով ու հարցից (և ընդհանրապես՝ Թումոյում սովորելուց) առաջացող ինքնուրույնության գիտակցումով է սկսվել Արսենի թումոյական ճանապարհը: Ու ինչպես կտեսնեք ներքևում՝ անկախ մտածելու, սեփական որոշումները կայացնելու և անհրաժեշտության դեպքում որոշումները փոխելու ազատությունը մեծապես նպաստել է Արսենի թումոյական առաջընթացին:
Եթե հոդվածը կրթական ձեռքբերումների մասին լիներ, ստիպված կլինեինք ևս 7-12 էջ գրել՝ Թումոյում սովորելու 5 տարիների ընթացքում Արսենի իրականացրած նախագծերն ու ստացած գիտելիքները նկարագրելու համար: Փոխարենը կասենք, որ Արսենը բացառիկ ապացույց է, որ թումոյական ոչ մի գիտելիք պարզապես գիտելիք չի մնում. նա մինչև այսօր էլ կիրառում է բոլոր ոլորտների վարժանքներից ստացած հմտությունները հենց իր հիմնական աշխատանքում:
Հաջողության գաղտնիք 1՝ լինել ինքնուրույն:
Հաջողության գաղտնիք 2` սովորել շատ, սովորածը կիրառել ավելի շատ:
Այստեղ մի գաղտնիք էլ բացենք. Թումոյում բոլորն ասում են, որ կազմակերպությունում ամենակարևոր դերն ու ամենաբարձր պաշտոնը հենց ուսանողինն է: Այնպես որ, Արսենի կարիերայի հետագա զարգացումներն այնքան էլ «պաշտոնի բարձրացում» չեն, բայց նրան այդ մասին չենք ասի:
2. Մարզիչ / թումոցիներին օգնելու գլխավոր պատասխանատու / ընկեր Արսեն
Եթե պատանեկության տարիներին Թումոն Արսենի համար դպրոցական կրթությունից բացակայող ազատության աղբյուր էր, մի քանի տարի անց Թումոյի թիմին միանալն էլ արդեն համալսարանական կյանքից բացակայող խորքային իմաստի, ինքնորոշման ու «ի՞նչ եմ ես այստեղ անում» հարցի պատասխանի փնտրտուքի արդյունք էր:
Համալսարանում Արսենը ծրագրավորում էր սովորում, ինչը եղել էր ոչ այնքան սեփական հետաքրքրությունների ու նպատակների, այլ ծնողների, աշխատաշուկայի և այլ հանգամանքների թելադրանքով: Ու չնայած ծրագրավորումը որպես ոլորտ կարևորելուն, երիտասարդը շուտով հասկացավ, որ այն իրենը չէ ու որոշեց վերադառնալ իր Թումո՝ արդեն որպես մարզիչ:
«Մարզիչ դառնալու որոշումը փոխեց ամեն ինչ: Հասկացա, որ պարտավոր չեմ անել որևէ բան, որը չեմ ուզում: Կարող եմ երազել, գնալ երազանքի հետևից ու փոխել մասնագիտությունս»:
Որպես մարզիչ՝ Արսենի հիմնական պարտականությունները թումոցիների հարցերին պատասխանելը, մոտիվացնելը, ոգեշնչելը, օրինակ ծառայելն ու կարմիր ժիլետի հետ սազող հագուստ կրելն էին: Իսկ հիմնական ձեռքբերումները՝ բոլոր տարիքների մարդկանց հետ հաղորդակցվելու և ընկերանալու հմտությունն ու Թումոյի կրթական փիլիսոփայության էլ ավելի խորքային տիրապետումը:
Հաջողության գաղտնիք 3՝ անել միայն այն, ինչ իսկապես ուզում ես:
Հաջողության գաղտնիք 4` չվախենալ փոխել մասնագիտությունը / կյանքը / ամեն ինչ:
3. Scrum Master / Scrum բառը բացատրելու գլխավոր պատասխանատու
Չէ, հիմնական պարտականությունն այս բառը բացատրելը չէր իհարկե, բայց պարզվում է, որ այս աշխատանքով զբաղվելու մեկ տարվա ընթացքում Արսենը «ի՞նչ է Scrum-ը» հարցին պատասխանել է 7519 անգամ:
Իսկ ազատ ժամանակ (դե, երբ զբաղված չէր բացատրական աշխատանքներով), հասցրել է կատարել իր առաջ դրված գլխավոր առաջադրանքը՝ ներմուծել Scrum մեթոդաբանությունը Թումոյի աշխատանքում:
Հարց է առաջանում. եթե Արսենն այդքան արդյունավետ Scrum Master էր, ինչու՞ ընդամենը մեկ տարի անցկացրեց այս պաշտոնում:
Պարզվում է, որ հենց այս հաստիքին դիմելու հարցազրույցի ընթացքում Արսենն իր ապագա ղեկավար Տաթևին ամենայն անկեղծությամբ խոստովանել է, որ իրեն ավելի շատ հետաքրքրում է մեկ այլ աշխատանք: Տաթևն էլ խոստացել է, որ դրված խնդիրը հաջողությամբ լուծելու դեպքում պաշտոնը միանգամից կբարձրացվի: Ինչպես տեսնում եք, հենց այդպես էլ եղել է:
Հաջողության գաղտնիք 5` հենց ամենասկզբից հստակ բարձրաձայնել, թե ինչ նպատակ ունեք Թումոյում:
4. Պրոդուկտ մենեջեր / սովորելը ավելի հետաքրքիր դարձնելու պատասխանատու / սմենի պետ
Նախ ասենք, որ «պրոդուկտ» ասելով նկատի ունենք այն բովանդակությունն ու ծրագիրը (սոֆթը), որը թումոցիներն օգտագործում են ինքնուսուցման վարժանքներն անելու համար: Հեղինակային ծրագիրը ստեղծվել ու զարգացվում է հենց Թումոյի կողմից և հանդիսանում է ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի բոլոր Թումոների հիմնական կրթական գործիքներից մեկը:
Պրոդուկտ մենեջերն էլ այն մասնագետն է, ով Արսենի բառերով «կապող օղակ է ծառայում պրոդուկտը ստեղծող թիմի և այն օգտագործողների՝ ուսանողների միջև»:
Արսենի օրն անցնում է վերլուծելով, թե այս կամ այն փոփոխությունն ինչպես կազդի թումոցիների ուսման վրա, ինչը կօգնի վարժանքներն ավելի հետաքրքիր դարձնել, ինչ նոր հնարավորություններ է կարելի ավելացնել պատանիներին ավելի ներգրավելու համար ու ընդհանրապես՝ ինչպես կարելի է Թումոյում սովորելը էլ ավելի «հավես» դարձնել:
Աշխատանքի մեջ ամենահաճախ օգտագործվող արտահայտությունը «բայց սա ուսանողներին կօգնի՞»-ն է, իսկ ամենասիրելի «պարտականությունը»՝ հարթակում թումոցիների ու մարզիչների հետ շփվելն ու աշխատանքի իրական արդյունքները տեսնելն է:
Իսկ որպես իր հիմնական ձեռքբերում, Արսենը պատմում է TUMO Editor կոչվող մի գործիքի մասին, որը մշակվել է հենց իր ու իր թիմակիցների գաղափարով: Մինչև գործիքի ստեղծումը, ծրագրավորում սովորող թումոցիները կոդ էին գրում մեկ այլ՝ ոչ թումոյական հարթակում, որը, ի թիվս այլ խնդիրների, լիովին անգլերեն էր ու շատ հաճախ «կախում» էր: Նոր գործիքը հեշտացրել է թումոցիների կյանքը. այժմ նրանք բոլոր վարժանքներն անում են մեկ ծրագրում, ցուցումներն էլ ստանում են հայերենով:
Վերևի պարբերությունը թերևս լավագույնն է ներկայացնում, թե ինչու է Արսենը սիրում Թումոն, իսկ Թումոն՝ Արսենին: Երկու դեպքում էլ կարևորագույն գործոնն այն է, որ Արսենի աշխատանքն իսկապես «բան է փոխում» Հայաստանի պատանիների կյանքում:
Հաջողության գաղտնիք 6` գործ չանել պարզապես գործ անելու համար:
Հաջողության գաղտնիք 7` գործ անել այնպես, որ արդյունքը կյանքեր փոխի:
Հաջողության գաղտնիք 8` գործ անել սիրով:
Հաջողության գաղտնիք 9` անկախ պաշտոնից, իջնել հարթակ և խոսել թումոցիների հետ:
Որպես վերջաբան
Համոզված ենք, որ շուտով ստիպված ենք լինելու խմբագրել այս տեքստը՝ Արսենի նոր պաշտոնը կամ ներկայիս պաշտոնում գրանցած նոր ձեռքբերումները ներառելու համար:
Իսկ վերջում կխոստովանենք, որ այո, վերնագրում «շոկային» բառը պարզապես ձեր ուշադրությունը գրավելու համար է գրված. իրականում, Արսենի հաջողության գաղտնիքները հենց այն որակներն են, որոնք կգտնեք Թումոյի գրեթե բոլոր աշխատանքային հայտարարություններում՝ ստեղծագործ մտածելակերպ, թիմային աշխատանքի ունակություններ, խորը հետաքրքրություն կրթության և նորարարության հանդեպ ու ամենակարևորը՝ Հայաստանի բոլոր պատանիներին ապագայի հմտություններով ապահովելու Թումոյի առաքելության կարևորում:
