Թումո Գյումրիի շրջանավարտ 17-ամյա Սուսաննա Ավդալյանը տեխնոլոգիական ցունամի է. Վահէ և Լյուսի մրցույթի տեխնոլոգիաներ անվանակարգի առաջին տեղի մրցանակակիր, Սամսունգ ինովացիոն կամպուսի լավագույն ուսանող, բջջային հավելվածի հեղինակ և, ի վերջո, «Հայաստանում միջազգային մասշտաբի հաջողված game studio-ի ապագա ստեղծող» (ուղիղ մեջբերում)։
Թումոյական 3 տարիների ընթացքում Սուսաննան հասցրել է ուսումնասիրել ու սիրել ծրագրավորման, շարժական գրաֆիկայի, գրաֆիկական դիզայնի, 3D մոդելավորման ոլորտները և վերջում հասկացել է, որ դրանց հատումը խաղերի ստեղծումն է ու սկսել խորանալ նաև այս ոլորտում: Ու Սուսաննան հայտնաբերել է, որ ծրագրավորումն «իր ափսեն» է, և այժմ նա աշխատում է սեփական բջջային հավելվածի վրա, զուգահեռ նաև վիրտուալ խաղ է մշակում մի խումբ թումոցիներից կազմված թիմով։
Սուսաննայի առաջին թումոյական հիշողությունը հենց գրանցվելու պահն է և թե ինչպես է աշխատակիցների դրական էներգիան ու վերաբերմունքն ամրապնդել կենտրոն հաճախելու նրա ցանկությունը: Թումոն նրան սովորեցրել է ինքնակրթվել, չթերագնահատել սեփական ուժերը, լինել ինքնուրույն և կողմնորոշվել, թե ինչն է իրեն իսկապես հետաքրքրում:
Սուսաննայի Թումո էջի նկարը/2020թ.
Թումոյում Սուսաննան հասցրել է մասնակցել 24 աշխատարանի: Դե, իհարկե, աշխատարանների այս մեծ շարքում նա ունի սիրելի նախագծեր: Դրանցից է, օրինակ, գեներատիվ արհեստական բանականության աշխատարանի ընթացքում ստեղծած աշխատանքը`
Կամ Գյումրիի դռները`
Կամ էլ WHY փառատոնի բրենդինգ:
Իսկ ամենամեծ նվաճումը 2023 թվականին Վահէ և Լյուսի մրցույթի տեխնոլոգիաներ անվանակարգի առաջին տեղ զբաղեցնելն էր: Հաղթող նախագիծը Bubbly Blast անունով 3D խաղ է, որը տեղակայված է steampunk տարրերով միջնադարյան գյուղում, որտեղ գլխավոր հերոս Ֆիննը որոնում է իր առևանգնված քրոջը և ցանկանում է գյուղը փրկել գազավորված ըմպելիք հիշեցնող հրեշներից: Սուսաննան խաղը ստեղծել է թումոցի դասընկեր Վարդգես Աթոյանի հետ:
«Խաղի միտքը շատ հանկարծակի ծնվեց: Վարդգեսն ու ես պարզապես գազավորված ըմպելիք էինք խմում ու ընթացքում հասկացանք, որ մեզ այնպիսի խաղ է պետք, որտեղ կլինեն գազավորված ըմպելիքներից զենքեր: Գաղափարն այնքան գրավիչ էր, որ հենց այդ պահից սկսած որոշեցինք զարգացնել այն, հորինել մեխանիկաներ և վերածել խաղի: Մոտ կես տարում կարողացանք ստանալ խաղի դեմո տարբերակը և առաջին հերթին որոշեցինք այն հանձնել փորձառուների դատին, որպեսզի հասկանայինք՝արդյոք այն պետք է ավելի մեծ նախագիծ դառնա, թե ոչ», – պատմում է Սուսաննան:
Սուսաննան հիշում է, թե ինչպես մրցույթի արդյունքների հայտարարությունից հետո երկար ժամանակ չէին հավատում, որ այդ ամենն իրական էր: Իսկ այժմ զարգացնում են խաղը մի խումբ երիտասարդների հետ, որոնց մի մասն էլ միացել են թիմին Թումո շրջանավարտների հարթակի միջոցով:
Սուսաննան ցանկանում է կոտրել այն կարծրատիպը, որ տեխնոլոգիաների ոլորտն աղջիկների համար չէ կամ բարդ է նրանց համար: Նրա համար մեծ մոտիվացիա է մյուս աղջիկներին օրինակ ծառայելն ու ոգեշնչելը, որ նրանք ևս կարող են հաջողության հասնել տեխնոլոգիաների ոլորտում: Սամսունգ ինովացիոն կամպուսում նա քիչ թիվ կազմող աղջիկ ուսանողներից է` ամենաբարձր առաջադիմությամբ, և աշխատում է իր սեփական բջջային հավելվածի նախագծի վրա: Սուսաննան կարծում է, որ հենց այդ հանգամանքն էլ էլ կարող է ոգեշնչել մյուս աղջիկներին չվախենալ և գնալ իրենց տեխնոլոգիական երազանքի հետևից:
Նա վստահ է, որ տեխնոլոգիաները կարևոր նշանակություն ունեն երկրի զարգացման համար և կարող են բարելավել հաղորդակցությունը, առողջապահությունը, կրթությունը և խթանել տնտեսական աճը:
«Կարող ենք ակնկալել, որ ապագայում տեխնոլոգիական առաջընթացներն էլ ավելի շատ կլինեն արհեստական բանականության, բիոտեխնոլոգիաների, վերականգնվող էներգիայի և տիեզերքի ուսումնասիրման ոլորտներում, ինչպես նաև կտեսնենք վիրտուալ իրականության, ընդլայնված իրականության և կիբերանվտանգության զարգացում», – կարծում է Սուսաննան:
Իսկ ապագայի համար Սուսաննան ունի մի շարքլ պլաններ: «Քանի որ հաջորդ տարի ավարտելու եմ դպրոցը, այժմ համալսարանների շորթլիսթ եմ կազմել և ցանկանում եմ արտասահմանում ուսումս շարունակել, ավարտել, վերադառնալ և գիտելիքներս Հայաստանում կիրառել: Մեծ երազանք ունեմ միջազգային մասշտաբով հաջողված game studio ստեղծել Հայաստանում և այդ առաջադեմ ոլորտը մեր երկրում զարգացնել»:
Դե, կտեսնվենք մի քանի տարուց, երբ արդեն պատմելիս կլինենք Սուսաննայի միջազգային game studio-ի մասին: