Կրասարից Աշոցք. թումոցի Օլգայի ճանապարհը

Գյումրիից գրեթե 40 կմ հյուսիս-արևմուտք գտնվում է Կրասար գյուղը։ Այստեղ ապրում է թումոցի Օլգան, որը յուրաքանչյուր չորեքշաբթի՝ ժամը 15:45-ին, ոտքով ճամփա է ընկնում և անցնում է 8 կմ կամ 40 րոպե ճանապարհ՝ Աշոցքի Թումո տուփ հասնելու համար։

8 - Կրասարից Աշոցք. թումոցի Օլգայի ճանապարհը

16-ամյա Օլգան գրեթե երկու տարի հաճախում է Թումո։ Միջհամայնքային տրանսպորտի բացակայության պատճառով ինքնուսուցման վարժանքների համար նա մինչև Աշոցք ճանապարհն անցնում է ոտքով.

«Կրասարում գրեթե զբաղմունք չունենք։ Հենց դրա համար էլ, երբ Թումոյից եկան մեր դպրոց ու ներկայացրին կրթական ծրագիրը, ընկերներով՝ Ասյան, Սյուզանը, Սմբատը, Տաթևն ու ես, որոշեցինք գրանցվել, դառնալ ուսանող ու նոր բաներ սովորել։ Այնքան ոգևորված էինք, որ անգամ տրանսպորտի բացակայությունը չէր կարող խանգարել»։

Եվ մինչդեռ Թումոն ապահովում է տուփից կենտրոն երթևեկությունը, գյուղից տուփ ճանապարհը ավարտվում է՝ դեռ չսկսված։

2 - Կրասարից Աշոցք. թումոցի Օլգայի ճանապարհը

Օլգայի համար Թումոն բացահայտում էր. չգիտեր, որ հնարավոր է ստեղծել թվային նկարներ կամ 3D մոդելներ։ Իսկ այժմ այդ ոլորտներից մի քանիսում բավականին հմտացել է։ Այս պահին նախընտրելի ոլորտներն են 3D մոդելավորումը, լուսանկարչությունը, ռոբոտաշինությունը և երաժշտությունը: Թումոյի շնորհիվ նա հասկացել է, թե որքան բազմազան են նորարար ու ստեղծարար տեխնոլոգիաները, և որքան հնարավորություններ են դրանք ստեղծում։

Օլգայի համար ճանապարհի սիրելի հատվածը երիցուկների դաշտն է, որտեղից երբեմն էլ ծաղիկներ է հավաքում։ Սակայն ճանապարհն իր դժվարություններն էլ ունի, քանի որ ստիպված են քայլել շոգի, անձրևի ու անգամ ձնաբքի ժամանակ, որպեսզի չուշանան դասից.

4 - Կրասարից Աշոցք. թումոցի Օլգայի ճանապարհը

«Լինում է, որ եղանակային պայմանները բարենպաստ չեն, ինչպես հիմա: Եղել է, որ շատ շոգի կամ ցրտի պատճառով դժվարացել ենք քայլել։ Նույնիսկ մի քանի անգամ եղանակի պատճառով Թումո տուփ չեմ գնացել։ Երբեմն էլ լինում է, որ ինչ-որ մեքենա ենք գտնում ու վարորդին վճարում ենք, որպեսզի մեզ տուփ հասցնի»։

Դասընթացներին ու աշխատարաններին մասնակցելու համար Օլգան հաճախում է Թումո Գյումրի՝ կենտրոնի տրամադրած անվճար տրանսպորտով։ Այս Ուրիշ հուլիսի ընթացքում, օրինակ, մասնակցել է Գոռ Եղոյանի մինիմալիստական փողոցային լուսանկարչության աշխատարանին, որի ընթացքում շրջել է Գյումրիով և որսացել կադրեր։ Իսկ մեկ այլ աշխատարանի ընթացքում մյուս թումոցիների հետ ամենօրյա ձայներից երաժշտություն են ստեղծել:

«Երբ առաջին անգամ գնացի Թումո Գյումրի, շատ տպավորվեցի շենքի տեսքից: Հետո նաև ծանոթացա տարբեր համայնքներից եկած պատանիների հետ: Շատերի հետ արդեն ընկերացել ենք ու համատեղ աշխատում ենք տարբեր նախագծերի վրա: Բայց ամենից շատ դասընթացավարներին ու մարզիչներին եմ սիրում, որոնք առիթը բաց չեն թողնում ուսանողներին օգնելու»։

Օլգան ցանկանում է հոգեբան դառնալ, քանի որ սիրում է մարդկանց հետ աշխատել և վերլուծել նրանց.

«Վստահ եմ, որ Թումոյում ստացած գիտելիքներս ինձ շատ են օգնելու հետագայում, քանի որ հոգեբանությունը պահանջում է տարբեր ոլորտների հմտություններ»։

Օլգան գիտի, որ իրենց համայնքում շատ պատանիներ կան, որոնք ուզում են հաճախել Թումո, բայց տրանսպորտի բացակայության պատճառով չեն կարողանում։

Հենց այդ խնդիրները լուծելու համար մենք ստեղծում ենք թումոյական տրանսպորտային ցանց, որն էլեկտրական մեքենաներով կհասցնի ուսանողներին իրենց գյուղերից մոտակա տուփեր։

Յուրաքանչյուր ճանապարհ հասնում է Թումո ձեր օգնությամբ։ Նվիրաբերեք այսօր և Թումո բերեք Օլգայի նման բոլոր պատանիներին։