Այս Ուրիշ հուլիսին Lockheed Martin-ի AI հետազոտող ինժեներ Անդրոնիկ Մկրտիչևը վարեց աշխատարաններ Թումո Երևանում ու Գյումրիում՝ թումոցիների հետ կիսվելով իր գիտելիքներով ու փորձառությամբ: Lockheed Martin-ը ամերիկյան առաջատար ռազմաարդյունաբերական և տեխնոլոգիական ընկերություն է, որը մասնագիտացած է ավիացիայի, տիեզերական տեխնոլոգիաների, պաշտպանական համակարգերի և տեղեկատվական անվտանգության ոլորտներում։ Lockheed Martin-ը համագործակցում է NASA-ի և այլ տիեզերական կազմակերպությունների հետ: Մենք, իհարկե, չէինք կարող բաց թողնել մեր ավանդական 3.5 հարցերը նրան տալու հնարավորությունը։
Պատմե՛ք Lockheed Martin-ի մասին և թե ինչով եք զբաղվում։
Lockheed Martin-ում աշխատում եմ որպես արհեստական բանականության հետազոտող ինժեներ։ Մշակում եմ ժամանակակից AI լուծումներ և ինտեգրում դրանք բիզնես գործընթացներում։ Զբաղվում եմ և՛ հետազոտությամբ ու զարգացմամբ, և՛ կիրառական AI-ով։ Հիմնականում փորձում եմ գտնել մեթոդներ, որոնք արտադրական գործընթացներն ավելի արդյունավետ կդարձնեն ավտոմատացնելով ժամանակատար և կրկնվող առաջադրանքները։ Օրինակ՝ օգտագործել համակարգչային տեսողությունը զննության գործընթացում կամ ստեղծել AI ագենտներ, որոնք կպարզեցնեն օգտատերերի աշխատանքը տվյալների հետ։
Ձեր կարծիքով ինչպիսի՞ն է AI-ի ապագան, և ինչու՞ պետք է պատանիներն ուսումնասիրեն AI։
Ցանկացած ոլորտ՝ գյուղատնտեսությունից մինչև բիոտեխնոլոգիաներ, ներդնում է AI բաղադրիչներ աշխատանքային գործընթացների մեջ։ Հետևաբար՝ պատանիները պետք է շարժվեն ժամանակին համընթաց, օգտվեն այս հնարավորությունից և սովորեն AI, որովհետև այն կապահովի զարգացող տեխնոլոգիաների ամուր հիմք և կոգեշնչի նրանց կառուցել այն ապագան, որտեղ ցանկանում են ապրել։ Նրանք կարող են ընտրել և ուսումնասիրել այնպիսի տեխնիկական դետալներ, որոնք օգտագործվում են խոշոր լեզվական մոդելների (LLM) կառուցման մեջ կամ էլ կարող են սովորել, թե ինչպես կիրառել LLM-ն առօրյայում` աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար։
Ի՞նչ եք սիրում Ձեր աշխատանքում։
Միշտ հետաքրքրասեր եմ եղել և դպրոցում սիրել եմ ուսումնասիրել տարբեր առարկաներ։ Աշխատանքումս էլ սիրում եմ այն, որ երբեք չեմ դադարում սովորել։ AI-ի և դրա ենթաոլորտների զարգացման ռիթմը ստիպում է միշտ ինչ-որ նոր բան սովորել և ինքդ քեզ մարտահրավեր նետել՝ ավելի հմտանալու տեխնիկական դետալների մեջ։ Նաև սիրում եմ նախագծեր մշակել՝ սկզբնական կոնցեպտից մինչև կոդավորում և հետո տեսնել, թե ինչպես է աշխատանքս օգնում մարդկանց։ Սա թե՛ մասնագիտական, թե՛ անձնական մակարդակում գոհացնող է։
Հետաքրքիր փաստ
Երբ պատանի էի, մրցակցային թենիսով էի զբաղվում և մասնակցում էի Ֆլորիդայի մրցաշարերին։ Նույնիսկ ինչ-որ պահի եղել եմ Ֆլորիդայի 14-16 տարեկանների թոփ 50-ում։
