Գյումրիից Կողբ, հետո Երևան ու կրկին Գյումրի՝ JHM-ի և Թումոյի տասնամյա ճանապարհը

jhm 03 1 - Գյումրիից Կողբ, հետո Երևան ու կրկին Գյումրի՝ JHM-ի և Թումոյի տասնամյա ճանապարհը

Թումո Գյումրիի կարմիր պատերի ներսում 12 տարեկան Արփին իր առաջին վեբ կայքի կոդն է գրում։ Դժվարությամբ է հավատում, թե որքան արագ է աշխատանքն առաջ գնում։ Վերջապես, ծրագրավորող դառնալու Արփիի երազանքը սկսում է իրատեսական թվալ։

160 կիլոմետր այն կողմ՝ սահմանամերձ Կողբ գյուղում, 14 տարեկան Արթուրը նույնպիսի զարմանքով բացահայտում է ռոբոտաշինության ոլորտում իր թաքնված տաղանդը։ Բացահայտում է նաև, որ իսկապես սկսել է սիրել սովորելը։

Նույն պահին Երևանում 19 տարեկան Նարեն բնավ չի զարմանում, թե որքան գեղեցիկ է ստացվում ասեղնագործության իր նախագիծը։ Ձեռագործ արվեստը միշտ է Նարեի տարերքը եղել։ Միակ դժվարությունը կոնկրետ ուղղություն ընտրելն էր՝ Թումո ստուդիաներում դրանք այնքան շատ են։

tumo gyumri  01 - Գյումրիից Կողբ, հետո Երևան ու կրկին Գյումրի՝ JHM-ի և Թումոյի տասնամյա ճանապարհը

Թումո Գյումրի

Բոլոր այս պահերն (ու հազարավոր ուրիշներ) իրականություն են դարձել Թումոյի ամենաառաջին գործընկերներից մեկի՝ Ջոն և Հասմիկ Մկրտչյաններ հիմնադրամի շարունակական աջակցության շնորհիվ։

Հիմնադրամի հիմքում խորը հայրենասիրությունն է և հավատը, որ կրթությունն իրապես կյանքեր է փոխում։ Հայոց ցեղասպանությունից փրկվածների զավակների կողմից ստեղծված հիմնադրամի նպատակն է խթանել հայերի շահերը ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում։

1 10 1 - Գյումրիից Կողբ, հետո Երևան ու կրկին Գյումրի՝ JHM-ի և Թումոյի տասնամյա ճանապարհը

Թումո Կողբ

Հասմիկի և Ջոնի պատմությունը քրտնաջան աշխատանքի, ձեռնարկատիրական տաղանդի և ազգային ինքնության ամուր գիտակցման մասին է։ Չնայած Կալիֆոռնիայում ապրելուն՝ բարերարները երբեք չեն կորցրել կապը հայրենիքի և արմատների հետ։ Այդ կապը ապրում է մինչ օրս՝ Ջոնի և Հասմիկի արժեքներով առաջնորդվող հիմնադրամի յուրաքանչյուր քայլում։

Հնարավորությունների ստեղծում, զորեղացում և ինքնաբավություն․․․ հենց այս սկզբունքներն են, որ հիմք են դարձել արդեն մեկ տասնամյակի պատմություն ունեցող մեր գործընկերության համար։ Լինելով Թումոյի ամենանվիրված աջակիցներից մեկը՝ հիմնադրամը շրջադարձային դեր է ունեցել Հայաստանի բոլոր պատանիների համար 21-րդ դարի կրթությունը հասանելի դարձնելու մեր առաքելության իրականացման գործում։

copy of 4 1 - Գյումրիից Կողբ, հետո Երևան ու կրկին Գյումրի՝ JHM-ի և Թումոյի տասնամյա ճանապարհը

Թումո ստուդիաներ

Ամեն ինչ սկսվեց 2016 թվականին, երբ հիմնադրամի ներկայացուցիչներից մեկն առաջին անգամ ոտք դրեց Թումո Երևան և վայրկենապես տեսավ իր տատիկի և պապիկի համոզմունքների արտացոլումը՝ որ կրթությունը տանում է անկախության, որ գործնական հմտությունները կարևոր դռներ են բացում և որ յուրաքանչյուր երիտասարդ տաղանդ արժանի է բացահայտվելու։

Վեց հազար երեք հարյուր իննսուներկու։

Ահա, թե քանի երիտասարդի կյանքեր է փոխել Ջոն և Հասմիկ Մկրտչյաններ հիմնադրամի և Թումոյի համագործակցությունը։

copy of 4 - Գյումրիից Կողբ, հետո Երևան ու կրկին Գյումրի՝ JHM-ի և Թումոյի տասնամյա ճանապարհը
tumo gyumri  09 - Գյումրիից Կողբ, հետո Երևան ու կրկին Գյումրի՝ JHM-ի և Թումոյի տասնամյա ճանապարհը

Առաջինը Շիրակի պատանիներն էին։ Օգնելով մեզ վերակառուցել Գյումրիի ամենագեղեցիկ պատմական շենքերից մեկը և այն հետ վերադարձնել համայնքին՝ հիմնադրամը շարժիչ ուժ դարձավ մեր մարզային ընդլայնման գործում։ Այս հեռատես ներդրումը Երևանից դուրս գտնվող ամենաառաջին Թումոներից մեկում ճանապարհ հարթեց Հայաստանի տարբեր անկյուններում շարունակաբար ավելացող Թումո կենտրոնների և տուփերի բացման համար։

1 19 - Գյումրիից Կողբ, հետո Երևան ու կրկին Գյումրի՝ JHM-ի և Թումոյի տասնամյա ճանապարհը
copy of 8 - Գյումրիից Կողբ, հետո Երևան ու կրկին Գյումրի՝ JHM-ի և Թումոյի տասնամյա ճանապարհը

Շիրակում ականատես լինելով կրթության փոխակերպող ուժին՝ հիմնադրամը շուտով իր աջակցությունն ընդլայնեց դեպի Տավուշ՝ օգնելով բացել գյուղական համայնքում տեղակայված մեր առաջին կենտրոնի՝ Թումո Կողբի դռները և նոր շունչ տալով Հայաստանի ամենամեկուսացված համայնքներից մեկին։

504605432 18360442540196916 7501980978513616150 n - Գյումրիից Կողբ, հետո Երևան ու կրկին Գյումրի՝ JHM-ի և Թումոյի տասնամյա ճանապարհը
copy of dsc05679 - Գյումրիից Կողբ, հետո Երևան ու կրկին Գյումրի՝ JHM-ի և Թումոյի տասնամյա ճանապարհը

Բայց համագործակցությունը տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտների կրթությամբ չսահմանափակվեց։ Հենց JHM հիմնադրամն է կանգնած նաև Թումո ստուդիաների՝ Թումոյի նորարարական կրթական փիլիսոփայությունը հայկական արհեստի զարգացմանը ծառայեցնող յուրահատուկ նախագծի հետևում։

Իսկ շատ շուտով, մեր գործընկերությունը ծնունդ կտա ևս մեկ համարձակ նախաձեռնության։ Հիմնադրամը Գյումրիի շուկայի և խոհարարական դպրոցի հիմնական աջակիցներից մեկն է։ 8000 ք․մ․ տարածքով այս նախագիծն ուղղված է քաղաքի պատմական շուկայի վերածնմանն ու համաշխարհային մակարդակի խոհարարական դպրոցի ստեղծմանը։

Կյանքեր փոխող հնարավորությունների այս շղթան կատարյալ արտացոլում է JHM հիմնադրամի բարեգործական փիլիսոփայությունը։ Հավատարիմ մնալով Ջոնի և Հասմիկի սկզբունքներին՝ հիմնադրամը կարևորում է ոչ թե ժամանակավոր օգնությունը, այլ շոշափելի և տևական ազդեցությունը։

Իսկ ինչը՞ կարող է լինել ավելի շոշափելի կամ տևական ազդեցություն ունենալ պատանու կյանքում, քան սեփական ներուժը վերջապես իրացնելու հնարավորությունը։

Միացե՛ք Հայաստանի բոլոր թաքնված տաղանդներին իրենց արժանի կրթությամբ ապահովելու մեր առաքելությանը՝ մեզ հետ կապ հաստատելով [email protected] հասցեով: