Թումո ուսանողները սովորում են պրոֆեսիոնալներից։ Մեր թիմակիցներից շատերը մրցանակակիր արտիստներ են, որոնք ձևավորում են մշակույթ Թումոյում և դրանից դուրս։ Նրանցից շատերը նաև Թումո շրջանավարտներ և գործող արտիստներ են։ Այս արտիստներից վեցը Վիգեն Գալստյանի համադրությամբ իրենց աշխատանքները վերջերս ներկայացրին Բեռլինի «Մաքսիմ Գորկի» թատրոնում՝ «100+10. հայկական այլաբանություններ» փառատոնին, որը 7-րդ Berliner Herbstsalon, RE-IMAGINE!-ի ներածությունն է։
Արտիստների շարքում էին Թումո շրջանավարտ Մարիամ Շահինյանը, որը համակարգում է շրջանավարտների ներգրավվածությունը Թումոյում և զբաղվում է լուսանկարչությամբ, բովանդակության մշակման և պրոդուկտի բաժնի նկարազարդող Խորեն Մաթևոսյանը՝ իր տպավորիչ ստեղծագործություններով, ինչպես նաև նախկին թումոցի Մարիամ Էներգետիկը, որն այժմ ուսուցանող մարզիչ է Թումոյում։ Փառատոնին մասնակցել են նաև Թումո ակադեմիայի նկարչության փորձագետ-դասընթացավար Սոնա Աբգարյանը՝ իր փորձարարական աշխատանքներով, ճանաչված գրող և Թումոյի ստեղծագրության դասընթացավար Արամ Պաչյանը, ինչպես նաև կինոռեժիսոր Արթուր Սուքիասյանը, որը վերջերս միացել է Թումոյի միջոցառումների թիմին։ Նրանց մասնակցությունը արտացոլում է այն ստեղծարարական խորությունը, որը կարելի է գտնել Թումոյի ամեն անկյունում։
Ցուցահանդեսը ոչ միայն հայկական ժառանգության, այլև ճեղքման, դիմադրության և վերաիմաստավորման մասին էր։ Եվ պատմում էր այն մասին, թե ինչպես են Հայաստանի արտիստները, մասնավորապես նրանք, ովքեր ապրում են հետհեղափոխական, հետպատերազմական, փոփոխական ժամանակներում, օգտագործում արվեստը բարդ ու հաճախ չքննարկվող թեմաներ վերհանելու համար. «Մենք չենք փորձում բեմադրել հայկականությունը», – նշում է համադրող Վիգեն Գալստյանը. «Սա վերացմանը դիմադրելու, հիշողությունն ու երևակայությունը կամրջելու մասին է։ Արտիստներից յուրաքանչյուրը հարց է բարձրացնում»։
Յուրաքանչյուր արտիստի մենք տվեցինք հինգ հարց։ Նրանց պատասխանները բազմաբնույթ են՝ հիշողության մասին խորը մտորումներից մինչև լեզվի, ազգայնականության և ռեպրեզենտացիայի սահմանափակումների մասին քննադատություններ։
Սկսենք Մարիամ Շահինյանից, որը լույսը որպես գործիք չի օգտագործում, այլ՝ որպես վկա։
Մարիամ Շահինյան
Թումո շրջանավարտ, լուսանկարիչ
Թումոյի աշխատարանների բաժնի շրջանավարտների համակարգող
Ներկայացված աշխատանքներ՝
Private Closet շարքից երկու լուսանկար, 2024
Ցիանոտիպ թղթի վրա
© Ute Langkafel MAIFOTO
Մարիամի անձնական հավաքածու
«Մտածում էի հիշողության մասին՝ ինչպես է այն չքանում և ինչպես է այն մնում։ Լույսը կյանք է հաղորդում նկարին։ Այն ձևական չէ։ Այն կենդանի է։ Հենց դա է որոշում՝ ինչն է մնում և ինչն՝ անհետանում»։
Մարիամը լույսի հետ աշխատում է որպես թիմակցի, գործընկերոջ, ոչ թե տեխնիկայի։ Նրա նկարներում կա նրբություն, որն ավելի ամուր է, քան թվում է։ Այնտեղ կա դիմադրության այն մեղմությունը, որը ստիպում է հիշել՝ առանց չափազանցնելու։ Նա կիրառում է տպագրության ավանդական մեթոդ՝ ցիանոտիպիա, որն օգտագործում է արևի լույս և երկաթի աղեր` լուսանկարին յուրահատուկ կապույտ գույն ու երազային էֆեկտ հաղորդելու համար։ Այնպիսի տպավորություն է, կարծես նկարները մշտապես եղել են այստեղ՝ սպասելով բացահայտվելուն։
«Արվեստը չի կարող հաղթահարել վիշտը։ Այն կարող է թարգմանել լեզվից այն կողմ գտնվողը՝ այսպիսով վերամիավորելով անցյալն ու ապագան», – ասում է Վիգենը։
Խորեն Մաթևոսյան
Թումո շրջանավարտ, նկարազարդող
Թումոյի կրթական բովանդակության մշակող և նկարազարդող
Ներկայացված աշխատանքները՝
Ծեր ճարտարապետի տունը, 2024
Մեխինակական կերպով գործված պաստառ
© Ute Langkafel MAIFOTO
«Գլխավոր կերպարին դիտմամբ եմ հեռացնում։ Ցանկանում էի ստեղծել անկենտրոն կոմպոզիցիա, որտեղ ցանկացած տարր կարևոր է։ Այն ինձ տարավ դեպի ֆրագմենտացիայի, ապակենտրոնացման և դատարկության գաղափարների ակտիվ ներկայության ուսումնասիրում»։
Խորենի աշխատանքը «մտածում է» տարածական տրամաբանության մեջ։ Նեգատիվ տարածքը դառնում է սյուժեն։ Բացակա կերպարը դառնում է թեման։ Ճարտարապետական ճշգրտություն կա նրա կառուցած վիզուալ տարածքի մեջ և մի տեսակ ըմբոստություն` հերոսին չկապվելու ցանկության մեջ։
Պատանիներին ինչ-որ գաղափարներ բացատրելն օգնեց Խորենին հասկանալ, թե իր մտքերից քանիսն են պարզապես ինտուիտիվ սովորությունների վրա կառուցված։ Այժմ նա փորձում է իր նկարներին նոր տեսանկյունից նայել։
Հաջորդը Սոնա Աբգարյանն է, որը նկարում է այնպես, ասես պարզ հիշում է իր բոլոր երազները։
Սոնա Աբգարյան
Վիզուալ արտիստ, գրաֆիկական վիպագիր
Թումո ակադեմիայի նկարչության փորձագետ-դասընթացավար
Ներկայացված աշխատանքները՝
Ջունգլիներ, 2016
Թվային նկար՝ տպված կտավի վրա
Բանաստեղծի հայտնությունը, 2020
Թվային նկար՝ տպված կտավի վրա
Մարիամի անձնական հավաքածու
«Երկու գործերում էլ փորձում էի իրականությունն ու երևակայությունը միաձուլել։ Ոչ միայն որպես ստեղծագործական հնարք, այլ ապագան պատկերելու միջոց։ «Ջունգլիները» նկարել եմ մկնիկով (սովորաբար նկարում եմ թվային պլանշետով), և սա տևեց մեկ ամսից ավելի։ Դաստակս ամբողջ ընթացքում ցավում էր։ Թերևս, արվեստը փոքրիկ զոհաբերումներ է պահանջում»։
Սոնան նկարում է երազները վառ մտաբերող մարդու պես։ Նրա գործերը լի են հրաշքով, բայց նաև ցավով։ Նրա գրիչն ուրվագծում է այն երազները, որոնց գոյության մասին տեղյակ չէիր. մանկությունը հիշեցնող ֆոլկլոր, գրեթե էլեկտրական կանաչ երկինք։ Եվ դրանց մեջտեղում` հանդարտություն, որը մտածելու տեղիք է տալիս։
Ինչպես Վիգենն ասաց. «այս աշխատանքները թեմատիկորեն հայկական չեն։ Դրանց հայկականությունն ապրում է միջավայրում, տրամաբանության, էմոցիոնալ նստվածքի մեջ։ Աննշմար, բայց միաժամանակ նկատելի. եթե գիտես` ինչ փնտրել»։
Հաջորդը՝ Արամ Պաչյան, որի զենքը գրիչն է, իսկ հեղինակի ու պատմողի սահմանը տարալուծված է։
Արամ Պաչյան
Գրող
Թումոյի ստեղծագրության դասընթացավար
Ներկայացված աշխատանքներ՝
P/F, 2020
«Էջ» հրատարակչություն
© Ute Langkafel MAIFOTO
«Չէի ցանկանում հասկանալ կամ վերապրել որևէ բան։ Գրելիս փորձում էի ջնջել իմ կյանքի և վեպի իրականության միջև սահմանը։ Ցանկանում էի, որ դրանք անհնար լիներ տարբերել, որպեսզի այլևս ոչինչ չկարողանար բաժանել դրանց»։
Արամը ձեր սպասելիքներից ավելին է անում իր գործերում։ Նա գիտի, որ լեզուն և՛ զենք է, և՛ վերք ու նա հմուտ է երկուսում էլ։ Նրա աշխատանքներում կա լռություն, որը դատարկ չէ։ Այն ծանրացած է։ Եվ այն ստիպում է քեզ խիզախել ու մտածել դրա մասին։
Արամն իր գրքի Բեռլինի ընթերցմանը ներկա չէր, ինչը շատ հասկանալի է. տեքստն այնտեղ էր և պարտադիր չէր, որ հեղինակն էլ այնտեղ լիներ։ Էմոցիան արդեն իսկ սենյակում էր։
Քանի որ խոսեցինք էմոցիոնալ եղանակից, հաջորդը Մարիամ Մուրադյանն է, որը բացարձակ չի ցանկանում այն անտեսել։
Մարիամ Մուրադյան
Ինստալյացիա ստեղծող արտիստ
Թումո Երևանի ուսուցանող մարզիչ
Ներկայացված աշխատանքները՝
Գլխիս վերևում սև ամպեր են, 2021
Պարան, աղբի տոպրակներ, փուչիկներ
© Ute Langkafel MAIFOTO
«Եթե ասում եմ, որ գլխիս վերևում սև ամպ կա, ուրեմն հենց դա էլ նկատի ունեմ։ Ոչ մի մետաֆոր։ Այստեղ [Հայաստանում] ապրելիս հաճախ այդպես էլ թվում է»։
Մարիամն էմոցիան այլաբանություններով չի ներկայացնում։ Նա անվանակոչում է այն։ Նրա ինստալյացիաներն ամբողջովին նման են եղանակի տեսության՝ կազմված վախից, քնքշությունից, հույսից, ուժասպառությունից։ Որպես մշտատև դժվարության արդյունք՝ նրանք կրում են շարունակական ճգնաժամի մեջ ապրելու հարուցած էմոցիոնալ նստվածքը։
Եվ վերջապես՝ Արթուր Սուքիասյան, որի ֆիլմում անխոս տեսարանները մեծ ասելիք ունեն։
Արթուր Սուքիասյան
Կինոռեժիսոր
Թումոյի միջոցառումների համակարգող
Ներկայացված աշխատանքները՝
Բնության լույսը, 2024
Կարճամետրաժ ֆիլմ
© Ute Langkafel MAIFOTO
«44-օրյա պատերազմի ընթացքում գնացել էի Ստեփանակերտ՝ վավերագրելու կատարվողը։ Բայց չկարողացա։ Չկարողացա նկարել այդ ամենը։ Հետո սկսեցի դասավանդել Թումո Ստեփանակերտում։ Հենց այնտեղ հասկացա, որ դեռ ասելիք ունեմ, բայց ուրիշ լեզվով։ Այսպես ծնվեց «Բնության լույսը»»։
Արթուրի ֆիլմերը խորապես մարդկային են, բայց նաև` լի տագնապներով։ Դրանք դիտարկումներ են, որոնք իրենց ասելիքը չեն գոչում։ Դրանք տալիս են հարցեր, որոնց պատասխանները չունես, հետո երկար սպասում, երբ փորձում ես գտնել դրանք։ Արթուրը պատմասացության մասին խոսում է որպես պատասխանատվություն։ Ոչ միայն ճշմարտության, այլև բազմաշերտության համար։ Ձայնը, ժամանակային զգացողությունը և մնացյալ ամեն ինչ ներկայացնում է պատմությունը։ Արթուրի համար կա մեկ մոտեցում՝ ոչինչ չպարզեցնել, կապ չունի նա վավերագրում է հետցեղասպանական հիշողություններ Ստամբուլում, թե Ստեփանակերտում ուսուցանում է երիտասարդներին։ Չերկմտել։ Հայացքը չթեքել։
Եվ եթե կա վերջ, ապա սա է. «Այս միջոցառման ամենաազդեցիկ ձայներից շատերը ծագել են Թումոյում։ Այն Հայաստանի այն քիչ կառույցներից է, որն արվեստին վերաբերվում է ոչ որպես դեկորացիայի, այլ պրակտիկայի, կարիերայի, ապագայի», – նշում է Վիգենը։
«Այն, ինչ մենք կարողացանք անել, ֆիքսված մտապատկեր չէր։ Այն պանորամա էր։ Շատ դիրքեր՝ բազմաշերտ և յուրօրինակ, յուրաքանչյուրն իր ներդրումն ունենալով ավելի մեծ իրականության մեջ։ Այն հայկականության մասին, այլ մարդկային վիճակի՝ հենց այս պահին», – նշում է Վիգենը։ Եվ հենց սա է այլաբանությունը։







