Ով ուր էր ու ինչ է հիշում 2011-ի օգոստոսի 14-ից՝ այն օրվանից, երբ Թումոն պաշտոնապես բացեց իր ամենաառաջին դռները. հարցուփորձ մեր հաղորդակցության և միջոցառումների մասնագետ Սուսաննա Ղազոյանից։
Դժվարությամբ կմտաբերեմ, թե ինչ էի անում 15 տարի առաջ այս օրը՝ 2011 թվականի օգոստոսի 14-ին։ Հավանաբար, գնացել էի դպրոցական պարագաներ գնելու՝ 8-րդ դասարանի համար և չգիտեի՝ Winx մուլտֆիլմի նկարով օրագիր ընտրել, թե ֆուտբոլային թեմայով։ Ես չգիտեի նաև, որ հենց այդ օրը Երևանի Հալաբյան փողոցում բացվելու է նորարական կենտրոն, որտեղ սովորելու են Google-ի, Disney-ի, PicsArt-ի, Krisp-ի և համաշխարհային ճանաչում ունեցող այլ ընկերությունների ապագա աշխատակիցները, իսկ ես աշխատելու եմ որպես հաղորդակցության մասնագետ։
15 տարի անց Թումո կենտրոններ կարող ես գտնել ոչ միայն Երևանի Հալաբյան, այլև Հայաստանի ու աշխարհի տասնյակ քաղաքների փողոցներում՝ Դիլիջանի Մյասնիկյան, Փարիզի Rue du Cinéma, Բեռլինի Wilmersdorfer, Բուենոս Այրեսի Algarrobo, Տակասակիի Gメッセ群馬4F, Մումբայի 60, जैन मंदिर मार्ग, Աստանայի Мәңгілік Ел даңғылы։ Այս տարիների ընթացքում Թումոն հասցրել է իրականացնել բազմաթիվ նախագծեր, հաղթել մի շարք մրցանակներ, կրթել հարյուր հազարավոր պատանիներ և մի անգամ նաև հայտնվել Լեո Մեսսիի սթորիում։
Եվ քանի որ շատ մեծ տխրությամբ ու ափսոսանքով եմ հիշում, որ Թումոյի բացմանը ներկա չեմ եղել, որոշեցի հարցնել, թե այդ օրվա միջոցառման մասնակիցներն ինչ են զգացել և գոնե նրանց միջոցով ապրել Հայաստանում և աշխարհում այս եզակի կրթական մոդելի մեկնարկի արարողությունը։
Թումոյի առաջին օրվանից սկսած մեզ հետ է եղել ստեղծագրության դասընթացավար և գրող Վիոլետ Գրիգորյանը, որի հիշողություններում այդ օրն այսպես է մնացել.
«Հիշում եմ վազք, աղմուկ, լիքը գործ, երեխեք, գույներ, մեծ տոնակատարություն։ Ինչպես ասում են՝ հարսանիքին կամ պետք է հարս լինես, կամ հեռու բարեկամ, որ գործ չանես, բայց ես ոչ հարս էի, ոչ էլ հեռու բարեկամ։ Ու այսպես գործի անցանք, որ մեր հարսանիքը՝ Թումոյի բացումը կատարյալ լիներ»։
Մեր «O» շրջանի շրջանավարտ, նախկին ուսուցանող մարզիչ, իսկ այժմ՝ բիոֆիզիկոս և դասախոս Մելինե Ղարիբյանի հուշերում էլ այսպես է տպավորվել Թումոյի բացումը.
«Թումոյի բացման ժամանակ երևի 8 տարեկան էի։ Հիշում եմ՝ շուտ էինք եկել, որ կարողանայինք Գոռ Սուջյանի խմբին մոտիկից լսել, բայց շատ կարճ ժամանակում այնքան մարդ հավաքվեց, որ զարմացել էի։ Իսկ համերգը ցնցո՜ղ էր… Հետո պետք է չորս տարի սպասեի, որ կարողանայի Թումո հաճախել։ Թումոյում առաջին օրն ինձ համար բացման միջոցառումից էլ տպավորիչ էր, որովհետև նման նորարար տարածքում երբևէ չէի եղել»։
Իսկ մեր շրջանավարտ, իսկ այժմ բովանդակության բաժնի նկարազարդող Խորեն Մաթևոսյանն Թումոյի առաջին օրն անցկացրել է կամավորի կարգավիճակում.
«Հիշում եմ, որ կամավոր էի, մարդկանց թևնոցներ էինք բաժանում և հետևում, որ ամեն ինչ կարգին լինի։ Լիքը լույսեր եմ հիշում։ Հիշում եմ, որ նաև դեղին շորեր էինք հագած։ Հետո միանգամից գրանցվեցի Թումո և եկա»։
Իհարկե, չէինք կարող չհիշել Թումոյի բացումը առանց Թումո խորհրդի անդամ Սերժ Թանկյանի, որն այդ երեկոյի աստղն էր.
«Երբ Թումոն բացվեց, այն Հայաստանում այնպիսի հույս բերեց, որ երբևիցե չէր եղել։ 15 տարի անց տեսել ենք դրա արդյունքը։ Ինձ համար մեծ պատիվ էր հենց սկզբից այստեղ լինել և երաժշտական ծրագրի սկիզբը դնել՝ ելույթ ունենալով Թումոյի բացմանը և հետո տեսնել դրա անցած ճանապարհը»։
Եվ իհարկե, մեկնաբանություն «վերևներից». Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը 2011 թվականի օգոստոսի 14-ն այսպես է հիշում.
«Երբ մարդկանց հարցնում են, թե ուր էին, երբ Թումոն բացվեց, նրանք հիշում են վայր։ Ես հիշում եմ հնարավորություն։ Մենք պարզապես շենք չէինք բացում, մենք սկիզբ էինք դնում գաղափարի՝ Հայաստանի պատանիներին տալ ճիշտ գործիքները և ազատությունը կառուցելու սեփական ապագան։ Այդ օրը չեմ հիշում որպես բացման արարողություն, այլ որպես հարց՝ ի՞նչ կլինի, եթե երիտասարդները գործ ունենան ստեղծարարության, տեխնոլոգիաների և պատասխանատվության հետ։ Հետհայացք նետելով հասկանում եմ, որ այս հարցն իր պատասխանն է ստացել հարյուր հազարավոր պատանիների միջոցով»։
Ի վերջո, Թումոն այնքան է մեծացել, որ իր ծնունդը նաև կիսում է սեփական ուսանողների հետ (համարյա), օրինակ՝ Արման Մուրադյանի, որը ծնվել է 2011 թվականի օգոստոսի 15-ին։ Արմանն այդքան էլ լավ չի հիշում Թումոյի բացումը, քանի որ այդ օրը մեկ օրական էր։ Բայց նա հիշում է Թումոյում անցկացրած այն բոլոր հավես պահերը, ունեցած փորձառություններն ու ստացած գիտելիքները, որոնք նրան գուցե օգնեն մեր մյուս շրջանավարտների պես հասնել մասնագիտական ու կարիերային անհավանական բարձունքների։
Ծնունդդ շնորհավոր, Թումո՜։





