Կողբի թումոցիները գրող Աշոտ Ստեփանյանի աշխատարանի ընթացքում ծանոթացել են կայծակնային արձակ ժանրին և ստեղծել են սեղմ պատմություններ՝ դրամատիկ ու կայծակնային ավարտով։ Ուսանողների աշխատանքները հրապարակվել են ժամանակակից գրականությանը նվիրված Գրանիշ հարթակում։ Դրանք կարող եք կարդալ անցնելով ստորև տեղադրված հղումներով։
Նելլի Ձավարյան, 17
Պա՛պ, ոնց խոստացել էի՝ այսօր մոտդ եմ գալու։ Կներես, որ երկար ժամանակ չեմ եկել։ Ուժ չունեմ, պապ, չեմ կարողանում…
Խոհանոցի հին դարակից մի տուփ խունկ վերցրի, այգուց վեց հատ մեխակ քաղեցի ու ճամփա ընկա։
Գերեզմաններ տանող ճանապարհը ահավոր վիճակում է, իսկ արևը խփում է ուղիղ աչքերիս։ Համարյա հասնում եմ քո գերեզմանին։ Մոլախոտերը ահագին բարձրացել են, ոչինչ չի երևում։ Հազիվ մեկ-երկու անուն է հնարավոր կարդալ։
Մերի Սահակյան, 14
Տեքստն սկսեց հայտնվել՝ նույն գիշերը կատարվելիք սպանության մանրամասներով։ Նա մտածեց, թե կատակ է, բայց լուսաբացին լուրերով հայտնեցին ոճրագործության մասին։ Հաջորդ էջին նոր դեպք էր… Մատյանը շարունակում էր գրել։ Եվ երբ հասավ վերջին էջին, Դավիթն ընթերցեց իր անունը։ Երբ նա շրջվեց, իր հետևում կանգնած էր մոմակալով մի կերպար, ում նկարագրությունը հենց նոր էր կարդացել…
Մարի Երզնկյան, 13
Ես այստեղ եմ։ Չէ՝ այնտեղ։ Ես ամենուր եմ, ոնց հայելին, որ դիմացս է ու բացում է դուռը, բացում է արտացոլանքս ու ասում՝ «մտի՛ր, մտի՛ր դե»։
Արթուր Ղարախանյան, 18
Էսօր էլ եկեղեցուց իջնում էի։ Մութ էր ահագին։ Մտածում էի՝ արժե բարձրանալ, նկարել։ Բայց էս անգամ ոչ մեկ չխոսեց վրաս։ Էս անգամ ավելի մութ էր։ Էս անգամ մենակ էի։
Արփինե Թամազյան, 17
Վերջին երկու տարվա մեջ էս իմ առաջին Ամանորն ա առանց քեզ։ Կարոտել եմ։ Սպասում եմ։ Կգաս, չէ՞։
Նարե Հովհաննիսյան, 18
Տանը նույն լռությունն էր։ Քո բազկաթոռին չնստեցի, բայց ուղղեցի վրայի սպիտակ շորը։ Հացը տարա խոհանոց։ Բաժակդ դեռ սեղանին էր։ Սուրճդ սառել էր։ Թողեցի սեղանին։ Հետո, չգիտեմ ինչու, լվացի։ Զգույշ, ասես թանկարժեք իր, որ ինձ էր վստահված։





















