Վահէ և Լյուսի ամենամյա մրցույթի նպատակն է բացահայտել Թումո ուսանողների և շրջանավարտների ստեղծարարությունն ու հմտությունները իրենց յուրահատուկ աշխատանքների և նախագծերի միջոցով: Մրցույթն իրականացվում է «Վահէ և Լյուսի» հիմնադրամի հովանավորությամբ և արտացոլում է Թումոցիների մասնակցությունն ու ներգրավվածությունը արվեստի, մշակութային և կրթական նախաձեռնություններում։ Գնահատելով նրանց բացառիկ ձեռքբերումները՝ մրցույթը երիտասարդ ստեղծագործողներին ոգեշնչում է էլ ավելի առաջադիմել և ցույց տալ իրենց յուրահատուկ տեսլականը:
Վահէ և Լյուսի 2026 մրցույթի պայմաններն են.
Անվանակարգեր
- Խաղերի ստեղծում
- Լուսանկարչություն
- Շարժական գրաֆիկա
- Ռոբոտաշինություն
- Գրաֆիկական դիզայն
- Երաժշտություն
- Ծրագրավորում
- Ստեղծագրություն
- Կայքերի մշակում
- Անիմացիա
- Եռաչափ մոդելավորում
- GenAI
- Ֆիլմերի ստեղծում
- Նկարչություն
Ինչպես մեծացնել հաղթելու հավանականությունը
Թումոյի բոլոր ուսանողները և U, M և O շրջանավարտները պետք է ակտիվ մասնակցեն դասընթացների և աշխատարանների մինչև սեպտեմբերի վերջ՝ հարստացնելով իրենց պորտֆոլիոն:
Մրցանակներ
Յուրաքանչյուր անվանակարգում կլինի մեկ մրցանակ՝ 2,000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ։
Հատուկ մրցանակ
Գործում է նաև հատուկ մրցանակ, որի համար, բոլոր ուսանողները և M ու O շրջանավարտները կարող են ներկայացնել Թումոյի ծրագրից դուրս ստեղծված իրենց աշխատանքները, որոնք համապատասխանում են մեր 14 ոլորտներից մեկին։ Մրցանակ՝ 2,000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ։
Հատուկ մրցանակին աշխատանքը ներկայացնելու համար պետք է լրացնել այս էջի ներքևում գտնվող բաժինը։
Մասնակցության կանոններ
- Մրցույթին մասնակցող աշխատանքներն ընտրվում են դասընթացավարների և աշխատարանների թիմերի կողմից 2025 թվականի հոկտեմբերից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 30-ն անցկացված դասընթացների և աշխատարանների ավարտուն աշխատանքներից:
- Վահէ և Լյուսի մրցույթին նախկինում մասնակցած և հաղթող ճանաչված մասնակիցները չեն կարող որպես անհատ առաջադրվել Թումոյի 14 ոլորտներից որևիցե մեկին, ինչպես նաև Հատուկ մրցանակի անվանակարգում։ Նախկին հաղթողները կարող են լինել միայն առաջադրված խմբային աշխատանքի կազմում, և եթե տվյալ խումբը ճանաչվի հաղթող, ապա նախկին հաղթողներին չի տրամադրվի մրցանակ։
- Ուսանողները և շրջանավարտները ոլորտային մրցանակում կարող են ճանաչվել միայն մեկ անվանակարգի հաղթող։ Բայց ոլորտային մրցանակի հաղթողը կարող է նաև ճանաչվել հատուկ մրցանակի հաղթող։
Ժյուրի
Ժյուրիի կազմը կձևավորվի համապատասխան անվանակարգերի առաջատար մասնագետներից ու Թումոյի շրջանավարտներից։
Ժամկետներ
- Նախագծերի դիտարկման վերջնաժամկետ՝ սեպտեմբերի 30, 2026
- Հաղթողների ներկայացում` նոյեմբերի 27, 2026
Վահէ և Լյուսի Ֆատտալների մասին
Իր կյանքի վերջին տարիներին Վահէ Ֆատտալը հիմնեց մրցանակաբաշխությունը` ի հիշատակ իր կնոջ` Լյուսիի: Այժմ մենք այն նվիրում ենք նրանց հիշատակին և թումոցիների անունից շնորհակալություն հայտնում այս կարևոր աջակցության համար:
Նկարիչ և գրաֆիկական դիզայներ Վահէ Ֆատտալը ուսումնասիրել է գեղանկարչություն Փարիզի գեղարվեստի ազգային դպրոցում: Լոս Անջելեսի մի շարք մեծ կազմակերպություններում որպես արտ-տնօրեն աշխատելուց հետո, հիմնել է դիզայնի և գովազդի սեփական գրասենյակը:
Գրասենյակի գործընկերների շարքը ներառում է այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են ABC հեռուստաընկերությունը (ABC-ի բացառիկ գովազդային գործընկերն է եղել 18 տարի), Հոլիվուդյան կինոարտադրության «մեծ հնգյակը» (Paramount Studios, Columbia Pictures/Sony Pictures Studio, 20th Century Fox, Universal Studios, Warner Bros Studio), Nissan-ը, UCLA Extension-ը և այլք:
Միևնույն ժամանակ Վահէն ակտիվորեն ներգրավված էր Հայաստանի մշակութային նախագծերում ու միջոցառումներում. նախագծել է Արցախի խորհրդանիշն ու պաստառները (1988), արցախյան դրոշի դիզայնը (1988), «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի վիզուալ տարբերանշանի դիզայնը (2004)։ Ֆատտալը եղել է Հայաստան համահայկական հիմնադրամի համահիմնադիրներից մեկը և «make it happen» արշավի դիզայնի հեղինակը (2004), եղել է Armenian International Magazine-ի արտ-տնօրենը (1990-1992):
Լյուսին եղել է Կալիֆոռնիայի համալսարանի շրջանավարտ, ունեցել է փիլիսոփայության և ֆրանսիական գրականության մագիստրոսական աստիճան: Այնուհետև Փարիզի Սորբոնի համալսարանում ավարտել է ֆրանսերենի և քաղաքակրթական գիտությունների դասընթացներ:
Վահէն և Լյուսին հանդիպել, ամուսնացել և ապրել են Փարիզում:
Հետագայում նրանք տեղափոխվել են Լոս Անջելես, որտեղ Լյուսին որոշ տարիներ ֆրանսերեն դասավանդելուց հետո հիմնել է իր տուրիստական գործակալությունը Բևերլի Հիլզում, որը տրամադրում էր միջազգային VIP ուղևորություններ և բնակության ծառայություններ արվեստի, ժամանցի ոլորտի ներկայացուցիչների, ինչպես նաև կորպորատիվ կազմակերպությունների:
Վահէն ու Լյուսին կիսում էին նվիրվածությունն ու սերը Հայաստանի, կրթության, արվեստի և աշխարհի բացահայտման հանդեպ: