Վահէ և Լյուսի ամենամյա մրցույթի նպատակն է բացահայտել և ներկայացնել Թումո Հայաստանի ուսանողների և շրջանավարտների ստեղծարարությունն ու հմտությունները իրենց յուրահատուկ աշխատանքների և նախագծերի գնահատման և ճանաչման միջոցով: Մրցույթն իրականացվում է «Վահէ և Լյուսի» հիմնադրամի հովանավորությամբ և արտացոլում է թումոցիների նվիրումը հայկական մշակույթին, կրթությանը և արվեստին: Գնահատելով նրանց բացառիկ ձեռքբերումները՝ մրցույթը երիտասարդ ստեղծագործողներին ոգեշնչում է էլ ավելի առաջադիմել և ցույց տալ իրենց յուրահատուկ տեսլականը:
Վահէ և Լյուսի 2025-ի մրցույթի պայմաններն են.
Անվանակարգեր`
- Արվեստ՝ վիզուալ արվեստ, գրաֆիկական դիզայն, նկարազարդումներ, վիդեո արտ, կատարողական կամ կոնցեպտուալ արվեստ և այլն
- Տեխնոլոգիաներ՝ ծրագրային լուծումներ, տեսախաղեր, կայքեր, հավելվածներ, ռոբոտաշինություն, մեխանիկական սարքեր, տեխնիկայի նորարարություններ, արհեստական բանականության միջոցով սեղծված նախագծեր և այլն
- Երաժշտություն՝ հեղինակային երգեր, երաժշտական կոմպոզիցիաներ և կոնցեպտուալ ձայնային արվեստ
- Ֆիլմ՝ խաղարկային և վավերագրական ֆիլմեր և անիմացիաներ
- Լուսանկարչություն՝ վավերագրական և արվեստի ժանրեր, որոնք կներառեն առանձին լուսանկարներ (առավելագույնը՝ երեք լուսանկար) և ֆոտոպատմություններ (առավելագույնը՝ 15 լուսանկար)
Ինչպես մեծացնել հաղթելու հավանականությունը՝
- Ուսանողների համար՝ ակտիվ մասնակցել դասընթացների և աշխատարանների մինչև սեպտեմբերի վերջ՝ իրենց պորտֆոլիոն կառուցելու համար:
- Շրջանավարտների համար՝ ակտիվ մասնակցել աշխատարանների և ստեղծել նոր նախագծեր՝ դիմելով աշխատարանների am.tumo.world կայքում:
Մրցանակներ՝
Յուրաքանչյուր անվանակարգում կգործի երեք մրցութային տեղ`
- 1-ին տեղ — 3,000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ
- 2-րդ տեղ — 2,000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ
- 3-րդ տեղ — 1,000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ
Մասնակցության կանոններ՝
- Մրցույթին մասնակցող աշխատանքներն ընտրվում են դասընթացավարների և աշխատարանների թիմերի կողմից 2018 թվականի հունվարից մինչև 2025 թվականի սեպտեմբեր անցկացված դասընթացների և աշխատարանների ավարտուն նախագծերից:
- Այն խմբային կամ անհատական աշխատանաքները, որոնք մրցույթում հաղթող են ճանաչվել նախորդ տարիներին և հանդիսացել են Թումոյում անցկացված դասընթացի կամ աշխատարանի արդյունք, չեն դիտարկվի այս տարվա մրցույթում։
Ժյուրի՝
Ժյուրիի կազմը կձևավորվի համապատասխան անվանակարգերի առաջատար մասնագետներից ու Թումոյի շրջանավարտներից։
Ժամկետներ՝
- Նախագծերի դիտարկման վերջնաժամկետ՝ սեպտեմբերի 30, 2025
- Հաղթողների ներկայացում` հոկտեմբերի 31, 2025
Հարցերի դեպքում կարող եք գրել [email protected] էլեկտրոնային հասցեին:
Վահէ և Լյուսի Ֆատտալների մասին
Իր կյանքի վերջին տարիներին Վահէ Ֆատտալը հիմնեց մրցանակաբաշխությունը` ի հիշատակ իր կնոջ` Լյուսիի: Այժմ մենք այն նվիրում ենք նրանց հիշատակին և թումոցիների անունից շնորհակալություն հայտնում այս կարևոր աջակցության համար:
Նկարիչ և գրաֆիկական դիզայներ Վահէ Ֆատտալը ուսումնասիրել է գեղանկարչություն Փարիզի գեղարվեստի ազգային դպրոցում: Լոս Անջելեսի մի շարք մեծ կազմակերպություններում որպես արտ-տնօրեն աշխատելուց հետո, հիմնել է դիզայնի և գովազդի սեփական գրասենյակը:
Գրասենյակի գործընկերների շարքը ներառում է այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են ABC հեռուստաընկերությունը (ABC-ի բացառիկ գովազդային գործընկերն է եղել 18 տարի), Հոլիվուդյան կինոարտադրության «մեծ հնգյակը» (Paramount Studios, Columbia Pictures/Sony Pictures Studio, 20th Century Fox, Universal Studios, Warner Bros Studio), Nissan-ը, UCLA Extension-ը և այլք:
Միևնույն ժամանակ Վահէն ակտիվորեն ներգրավված էր Հայաստանի մշակութային նախագծերում ու միջոցառումներում. նախագծել է Արցախի խորհրդանիշն ու պաստառները (1988), արցախյան դրոշի դիզայնը (1988), «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի վիզուալ տարբերանշանի դիզայնը (2004)։ Ֆատտալը եղել է Հայաստան համահայկական հիմնադրամի համահիմնադիրներից մեկը և «make it happen» արշավի դիզայնի հեղինակը (2004), եղել է Armenian International Magazine-ի արտ-տնօրենը (1990-1992):
Լյուսին եղել է Կալիֆոռնիայի համալսարանի շրջանավարտ, ունեցել է փիլիսոփայության և ֆրանսիական գրականության մագիստրոսական աստիճան: Այնուհետև Փարիզի Սորբոնի համալսարանում ավարտել է ֆրանսերենի և քաղաքակրթական գիտությունների դասընթացներ:
Վահէն և Լյուսին հանդիպել, ամուսնացել և ապրել են Փարիզում:
Հետագայում նրանք տեղափոխվել են Լոս Անջելես, որտեղ Լյուսին որոշ տարիներ ֆրանսերեն դասավանդելուց հետո հիմնել է իր տուրիստական գործակալությունը Բևերլի Հիլզում, որը տրամադրում էր միջազգային VIP ուղևորություններ և բնակության ծառայություններ արվեստի, ժամանցի ոլորտի ներկայացուցիչների, ինչպես նաև կորպորատիվ կազմակերպությունների:
Վահէն ու Լյուսին կիսում էին նվիրվածությունն ու սերը Հայաստանի, կրթության, արվեստի և աշխարհի բացահայտման հանդեպ: