Թումոն ուրախ է հայտարարել 5-րդ ամենամյա Վահէ և Լյուսի մրցույթի մասին, որին կարող են մասնակցել Թումոյի ուսանողներն ու շրջանավարտները` ներկայացնելով իրենց աշխատանքները առաջադրված չորս անվանակարգերում` արվեստ, տեխնոլոգիաներ, երաժշտություն և ֆիլմ:
Մրցույթի կանոններ՝
- Նախորդ տարիների Վահէ և Լյուսի մրցանակակիրները (և՛ թիմերը, և՛ անհատ մասնակիցները) չեն կարող մասնակցել այս տարվա մրցույթին:
- Յուրաքանչյուր մասնակից կարող է մեկ դիմումով ներկայանալ չորս անվանակարգերից միայն մեկում:
- Խմբակային դիմումներում պետք է նշվեն բոլոր մասնակիցների անունները (բոլորը պետք է լինեն Թումո ուսանողներ կամ շրջանավարտներ): Բոլոր մասնակիցների մասին տեղեկատվության չտրամադրումը կհանգեցնի որակազրկման:
- Բոլոր մասնակիցները պետք է ներկայացնեն ավարտուն նախագծեր՝ գաղափարներն ու մտահղացումները չեն դիտարկվի:
- Մասնակիցներից պահանջվում է ներկայացնել աշխատանքային ֆայլեր կամ օրիգինալության այլ ապացույցներ:
- Նախագծերը կարելի է ուղարկել առցանց՝ լրացնելով ստորև ներկայացված ձևը:
Անվանակարգեր`
- Արվեստի անվանակարգում դիմումները կարող են ներառել վիզուալ արվեստ, գրաֆիկական դիզայն, նկարազարդումներ, վիդեո արտ, գրականություն, կատարողական կամ կոնցեպտուալ արվեստ, առանձին լուսանկարներ, ինչպես նաև ֆոտոպատմություններ (Առանձին լուսանկարներ ներկայացնելու դեպքում անհրաժեշտ է կցել առավելագույնը 3 լուսանկար, իսկ ֆոտոպատմությունների դեպքում կարելի է դիմել մեկ աշխատանքով, որի լուսանկարների առավելագույն քանակը 15-ն է)։
- Տեխնոլոգիաների անվանակարգում դիմումները կարող են ներառել ծրագրային լուծումներ, տեսախաղեր, կայքեր, հավելվածներ, ռոբոտաշինություն, մեխանիկական սարքեր, տեխնիկայի նորարարություններ և այլն:
- Երաժշտության անվանակարգում դիմումները կարող են ներառել հեղինակային կամ այլ երգերի ձայնագրություններ, և այլ կոնցեպտուալ ձայնային արվեստ:
- Ֆիլմերի ստեղծման անվանակարգում դիմումները կարող են ներառել խաղարկային, վավերագրական ֆիլմ, հեղինակային ֆիլմ, անիմացիա և այլն:
Մրցանակներ: Յուրաքանչյուր անվանակարգում կգործի երեք մրցութային տեղ`
- 1-ին տեղ — 1 000 000 ՀՀ դրամ
- 2-րդ տեղ — 700 000 ՀՀ դրամ
- 3-րդ տեղ — 300 000 ՀՀ դրամ
Ժյուրիի կազմը կձևավորվի Թումոյի անձնակազմից, համապատասխան անվանակարգերի առաջատար մասնագետներից ու Վահէ և Լյուսի ամենամյա մրցույթի նախորդ տարիների մրցանակակիրներից:
Դիմումները կդիտարկվեն` ըստ դրանց յուրահատկության, ներդրված ջանքերի, տեխնիկական աշխատանքի ու հմտության մակարդակի:
Ժամկետներ`
- Դիմումների ընդունման մեկնարկ` 2023 թ․ ապրիլի 13
- Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 2023 թ․ սեպտեմբերի 30, 23:59
- Հաղթողների ներկայացում` նոյեմբերի 10
*Այս տարի լուսանկարչությունն առանձին անվանակարգ չէ, հայտերն ընդունվում են արվեստի անվանակարգում:
Վահէ և Լյուսի Ֆատտալների մասին
Իր կյանքի վերջին տարիներին Վահէ Ֆատտալը հիմնեց մրցանակաբաշխությունը` ի հիշատակ իր կնոջ` Լյուսիի: Այժմ մենք այն նվիրում ենք նրանց հիշատակին և թումոցիների անունից շնորհակալություն հայտնում այս կարևոր աջակցության համար:
Նկարիչ և գրաֆիկական դիզայներ Վահէ Ֆատտալը ուսումնասիրել է գեղանկարչություն Փարիզի գեղարվեստի ազգային դպրոցում: Լոս Անջելեսի մի շարք մեծ կազմակերպություններում որպես արտ-տնօրեն աշխատելուց հետո, հիմնել է դիզայնի և գովազդի սեփական գրասենյակը:
Գրասենյակի գործընկերների շարքը ներառում է այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են ABC հեռուստաընկերությունը (ABC-ի բացառիկ գովազդային գործընկերն է եղել 18 տարի), Հոլիվուդյան կինոարտադրության «մեծ հնգյակը» (Paramount Studios, Columbia Pictures/Sony Pictures Studio, 20th Century Fox, Universal Studios, Warner Bros Studio), Nissan-ը, UCLA Extension-ը և այլք:
Միևնույն ժամանակ Վահէն ակտիվորեն ներգրավված էր Հայաստանի մշակութային նախագծերում ու միջոցառումներում. նախագծել է Արցախի խորհրդանիշն ու պաստառները (1988), արցախյան դրոշի դիզայնը (1988), «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի վիզուալ տարբերանշանի դիզայնը (2004)։ Ֆատտալը եղել է Հայաստան համահայկական հիմնադրամի համահիմնադիրներից մեկը և «make it happen» արշավի դիզայնի հեղինակը (2004), եղել է Armenian International Magazine-ի արտ-տնօրենը (1990-1992):
Լյուսին եղել է Կալիֆոռնիայի համալսարանի շրջանավարտ, ունեցել է փիլիսոփայության և ֆրանսիական գրականության մագիստրոսական աստիճան: Այնուհետև Փարիզի Սորբոնի համալսարանում ավարտել է ֆրանսերենի և քաղաքակրթական գիտությունների դասընթացներ:
Վահէն և Լյուսին հանդիպել, ամուսնացել և ապրել են Փարիզում:
Հետագայում նրանք տեղափոխվել են Լոս Անջելես, որտեղ Լյուսին որոշ տարիներ ֆրանսերեն դասավանդելուց հետո հիմնել է իր տուրիստական գործակալությունը Բևերլի Հիլզում, որը տրամադրում էր միջազգային VIP ուղևորություններ և բնակության ծառայություններ արվեստի, ժամանցի ոլորտի ներկայացուցիչների, ինչպես նաև կորպորատիվ կազմակերպությունների:
Վահէն ու Լյուսին կիսում էին նվիրվածությունն ու սերը Հայաստանի, կրթության, արվեստի և աշխարհի բացահայտման հանդեպ: