Վահէ և Լյուսի մրցանակը տրվում է Թումոյի ուսանողներին ու շրջանավարտներին, որոնք ներկայացնել են իրենց աշխատանքներն արվեստի, տեխնոլոգիաների, երաժշտության և ֆիլմի ոլորտներում։ Հայաստանի և Արցախի տարբեր քաղաքներից ուղարկված 398 դիմումներ դիտարկվել են՝ հիմնվելով դրանց ստեղծարարության, ներդրված ջանքերի և տեխնիկական մակարդակի վրա։ Թումոյի ուսանողներից, դասընթացավարներից և համապատասխան ոլորտի առաջատար մասնագետներից բաղկացած ժյուրիի չորս խմբերը ընտրել են յուրաքանչյուր կատեգորիայի 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը։
1-ին տեղ – 1,000,000 ՀՀ դրամ
2-րդ տեղ – 700,000 ՀՀ դրամ
3-րդ տեղ – 300,000 ՀՀ դրամ
«Վահէ և Լյուսի» մրցանակաբաշխությունը հիմնադրվել է Վահէ և Լյուսի Ֆատտալների կողմից։
Վահէ և Լյուսի 2023 հաղթողներ
ԱՐՎԵՍՏ
1-ին տեղ
«Հայ հին վիպաշխարհը», Թումո Երևան
Անահիտ Սարգսյան, 21
Թումո Երևանի ուսանող Անահիտ Սարգսյանը նկարազարդել է հայկական դիցաբանության աստվածներին` ոգեշնչվելով Սարգիս Հարությունյանի «Հայ հին վիպաշխարհ» գրքի «Աստվածներ և հերոսներ» գլխից: Նկարազարդումներն անելու և վերջնական արդյունքը ստանալու համար պահանջվել է 3 ամիս:
2-րդ տեղ
«Կյանքի Լաբիրինթոսը», Թումո Գյումրի
Էդգար Սավդալյան, 17
Թումո Գյումրիի ուսանող Էդգար Սավդալյանի ֆոտոշարքը պատմում է կիսաքանդ շենքում ապրող մարդկանց ու նրանց առօրյայի մասին և ի ցույց է դնում, թե ինչպես են նրանք հաղթահարում առօրյա դժվարությունները:
3-րդ տեղ
«Դուռ, որից ներս` լիքը հուշեր», Թումո Ստեփանակերտ
Էլեն Դանիելյան, 15
Թումո Ստեփանակերտի ուսանող Էլեն Դանիելյանը քաղաքի դռներից մեկը ներկայացրել է իմպրեսիոնիստական ոճով` փորձելով գույների միջոցով փոխանցել դռան ետևում եղած անցած ու գնացած հիշողությունները:
ՖԻԼՄ
1-ին տեղ
«Թեղուտից Նեյմարը», Թումո Դիլիջան
Գոհար Մանուկյան, 16
Կառլեն Ղազարյան, 14
Նարե Խաչատրյան, 14
Սահակ Սահակյան, 13
Սոֆիկ Վարդանյան, 17
Վարդուհի Միրաքյան, 16
Սարգիս Հայրումյան, 15
Մանյա Դավթյան, 14
Աթաբեկ Սահակյան, 16
Աշոտ Սարգսյան, 14
Միլենա Թադևոսյան, 17
Գոհար Մուրադյան, 19
Տիգրան Պետրոսյան, 19
Նարե Դումանյան, 16
Սոֆի Ղամոյան, 15
Նարեկ Նիկողոսյան, 15
Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի և Գավառի ուսանողներն ուղևորվեցին Թեղուտ, որտեղ վավերագրեցին տեղի ֆուտբոլի երիտասարդական թիմի խաղացողների մանկական երազանքները: Նրանց մոտիվացիան է Թեղուտ գյուղի ֆուտբոլի երիտասարդական թիմի մարզիչ Յաո Սիլվեն Կուասսին, որը եկել է Կոտ դ’Իվուարից:
2-րդ տեղ
«Մայրամուտ», Թումո Երևան
Քրիստինե Խանամիրյան, 20
Այս անիմացիայի միջոցով Քրիստինե Խանամիրյանը ցույց է տվել, թե ինչպես կավարտվեր ինքնամփոփ երիտասարդի կյանքը, եթե նա չորոշեր հանդիպել իր ընկերների հետ և միայնակ փակված մնար իր սենյակում:
3-րդ տեղ
«Անտանիք», Թումո Գյումրի և Թումո Երևան
Ֆրունզե Ավետիսյան, 21
Աստղիկ Հովհաննեսով, 20
Ֆրունզե Ավետիսյանն ու Աստղիկ Հովհաննեսովը տեսախցիկի միջոցով պատմել են անօթևանների կյանքի և առօրեական խոչընդոտների մասին: Չնայած դժվարություններին, ֆիլմի «դերակատարներ» Սամվելն ու Արուսյակը երգում են և երազում վաղվա մասին:
Ուշադրություն.
Թումոն չի խրախուսում ծխելը: Եկե՛ք կարևորենք առողջ և անծուխ միջավայրը:
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
1-ին տեղ
«Կառալյոկ», Թումո Երևան
Լևոն Երկանյան, 17
Կարինե Ավետիսյան, 19
Թումո Երևանի ուսանողներ Լևոն Երկանյանն ու Կարինե Ավետիսյանը Ableton ծրագրի միջոցով ստեղծել են այս գործը` էլեկտրոնային երաժշտություններ ու կոմպոզիցիոն պատկերներ ուսումնասիրելուց հետո:
2-րդ տեղ
«Ալիքներ», Թումո Երևան
Սեդա Պլուզյան, 18
Թումո Երևանի ուսանող Սեդա Պլուզյանը միավորելով բառերն ու էլեկտրոնային երաժշտության տարրերը ստեղծել է երգ օվկիանոսի մասին` փոխանցելով դրա ալիքների ուժգնությունը:
3-րդ տեղ
«Հայացք», Թումո Երևան
Մաքսիմ Գինո, 18
Համայակ Բեթսարկեզ Ղարաղեզ, 24
Միավորելով դաշնամուրային ակորդները և բիթբոքսը, Մաքսիմ Գինոն և Համայակ Բեթսարկեզ Ղարաղեզը ստեղծել են այս գործը, որը պահի ոգեշնչման և երաժշտական տաղանդի արդյունք է:
ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
1-ին տեղ
Վիդեոխաղ «Bubbly Blast», Թումո Գյումրի
Սուսաննա Ավդալյան, 16
Վարդգես Աթոյան, 16
Սուսաննա Ավդալյանի և Վարդգես Աթոյանի ստեղծած 3D խաղը տեղակայված է սթիմփանք տարրերով միջնադարյան գյուղում, որտեղ գլխավոր հերոս Ֆիննը որոնում է իր առևանգնված քրոջը և ցանկանում է գյուղը փրկել գազավորված ըմպելիք հիշեցնող հրեշներից:
2-րդ տեղ
Բջջային հավելված «Get Product», Թումո Գյումրի
Էդգար Բեժանյան, 17
Էդգար Բեժանյանը ստեղծել է բջջային հավելված, որը հնարավորություն է տալիս ծանոթանալ ցանկացած պրոդուկտի նկարագրությանը, արժեքին և նույնիսկ սպառողների կարծիքներին:
3-րդ տեղ
Հավելված «Maily», Թումո Երևան
Անի Գուլոյան, 22
Անի Գուլոյանն արհեստական բանականության միջոցով ստեղծել է Google Chrome-ի հավելված, որը ճանաչում է օգտատերերի կողմից ստեղծված տեքստի զգացմունքները:
Ժյուրիի անդամներ
Արվեստ
Սոֆիա Միրզոյան – 2021թ. արվեստի անվանակարգի հաղթող, Թումոյի շրջանավարտ
Արամ Պաչյան – Գրող, Թումոյի ստեղծագրության դասընթացավար
Տաթև Հակոբյան – Թումոյի լուսանկարչության դասընթացավար
Արտավազդ Եղիազարյան – Գրող, «Երևան» ամսագրի գլխավոր խմբագիր
Ֆիլմ
Առնոլդ Ղազարյանը – 2021թ. Ֆիլմ անվանակարգի հաղթող, Թումո Ստեփանակերտի շրջանավարտ
Րաֆֆի Մովսիսյան – Կինոքննադատ և Թումոյի կինոծրագրերի համադրող
Դիանա Մալենկոն – Դերասանուհի
Երաժշտություն
Սառա Մնացականյանը – Թումոյի շրջանավարտ
Վարդան Հարությունյան – Թումոյի երաժշտության դասընթացավար, The BAMBIR և Kamarama խմբերի հետ համագործակցող
D’Litte – Հիփ-հոփ, փոփ և R&B արտիստ
Տեխնոլոգիաներ
Լիանա Մխիթարյան – Թումոյի շրջանավարտ, Picsart-ի ծրագրավորող
Հայկ Մելքոնյանը – Թումոյի ծրագրավորման բաժնի ղեկավար
Վահան Նասիբյանը – Amazon.com-ի ծրագրավորման մենեջեր
Վահէ և Լյուսի Ֆատտալ
Վահէ և Լյուսի մրցանակը նվիրված է Վահէ Ֆատտալի և նրա կնոջ` Լյուսիի հիշատակին: Իր կյանքի վերջին տարիներին Վահէն հիմնեց այս մրցանակը` ի հիշատակ իր կնոջ: Այժմ մենք այն նվիրում ենք նրանց հիշատակին և թումոցիների անունից շնորհակալություն ենք հայտնում այս կարևոր աջակցության համար:
Նկարիչ և գրաֆիկական դիզայներ Վահէ Ֆատտալը ուսումնասիրել է գեղանկարչություն Փարիզի գեղարվեստի ազգային դպրոցում: Լոս Անջելեսի մի շարք մեծ կազմակերպություններում որպես արտ-տնօրեն աշխատելուց հետո, հիմնել է դիզայնի և գովազդի սեփական գրասենյակը:
Գրասենյակի գործընկերների շարքը ներառում է այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են ABC հեռուստաընկերությունը (ABC-ի բացառիկ գովազդային գործընկերն է եղել 18 տարի), Հոլիվուդյան կինոարտադրության «մեծ հնգյակը» (Paramount Studios, Columbia Pictures/Sony Pictures Studio, 20th Century Fox, Universal Studios, Warner Bros Studio), Nissan-ը, UCLA Extension-ը և այլք:
Գրասենյակն իրականացնում է կորպորատիվ ինքնության և հաղորդակցության, գովազդային և մարկետինգային արշավների, ֆիլմերի և հեռուստատեսական արշավների, շարժական գրաֆիկայի և բրենդավորման բոլոր ծառայությունները:
Միևնույն ժամանակ Վահէն ստեղծագործականորեն ներգրավված էր Հայաստանի գործընթացների և նախագծերի առաջխաղացման ծրագրերում. նախագծել է Արցախի խորհրդանիշն ու պաստառները (1988), արցախյան դրոշի դիզայնը (1988), «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի վիզուալ տարբերանշանի դիզայնը (2004)։ Ֆատտալը հանդիսացել է Հայաստան համահայկական հիմնադրամի գլխավոր համահիմնադիրներից մեկը և «make it happen» արշավի դիզայնի հեղինակն է (2004), եղել է Armenian International Magazine-ի արտ-տնօրեն (1990-1992):
Լյուսին եղել է Կալիֆոռնիայի համալսարանի շրջանավարտ, ունեցել է փիլիսոփայության և ֆրանսիական գրականության մագիստրոսական աստիճան: Այնուհետև Փարիզի Սորբոնի համալսարանում ավարտել է ֆրանսերենի և քաղաքակրթական գիտությունների դասընթացներ:
Վահէն և Լյուսին հանդիպել, ամուսնացել և ապրել են Փարիզում:
Հետագայում նրանք տեղափոխվել են Լոս Անջելես, որտեղ Լյուսին որոշ տարիներ ֆրանսերեն դասավանդելուց հետո հիմնել է իր տուրիստական գործակալությունը Բևերլի Հիլզում, որը տրամադրում էր միջազգային VIP ուղևորություններ և բնակության ծառայություններ արվեստի (ցուցասրահներին, արտիստներին, աճուրդի տներին, արվեստի խորհրդատուներին), ժամանցի ոլորտի (կինոարտադրողների, դերասանների, ռեժիսորների, պրոդյուսերների) ներկայացուցիչների, ինչպես նաև կորպորատիվ կազմակերպությունների:
Վահէն ու Լյուսին կիսում էին նվիրվածությունն ու սերը Հայաստանի, կրթության, արվեստի և աշխարհի բացահայտման հանդեպ: