ezgif.com video to gif 1 - Վահէ և Լյուսի մրցույթ 2020

Թումոն ուրախ է հայտարարել երրորդ ամենամյա Վահէ և Լյուսի մրցույթի մասին, որին կարող են մասնակցել Թումոյի ուսանողներն ու շրջանավարտները` ներկայացնելով իրենց աշխատանքները առաջադրված հինգ անվանակարգերում` արվեստ, տեխնոլոգիաներ, երաժշտություն, ֆիլմ և լուսանկարչություն:

2020 թվականի նոր իրավիճակից բերած փոփոխությունից անկախ` Վահէ և Լյուսի մրցույթը փնտրում և գտնում է Թումոյի ուսանողների և շրջանավարտների ստեղծարար աշխատանքները առաջարկված ոլորտներում, և ոգեշնչում պատանիներին է՛լ ավելի յուրօրինակ նախագծերի իրականցմանը:

Անվանակարգեր`

  • Արվեստի անվանակարգում դիմումները կարող են ներառել վիզուալ արվեստ, գրաֆիկական դիզայն, նկարազարդումներ, վիդեո արտ, կատարողական կամ կոնցեպտուալ արվեստ և այլն:
  • Տեխնոլոգիաների անվանակարգում դիմումները կարող են ներառել ծրագրային լուծումներ, տեսախաղեր, կայքեր, հավելվածներ, ռոբոտաշինություն, մեխանիկական սարքեր, տեխնիկայի նորարարություններ և այլն:
  • Երաժշտության անվանակարգում դիմումները կարող են ներառել հեղինակային կամ այլ երգերի ձայնագրություններ, և այլ կոնցեպտուալ ձայնային արվեստ:
  • Ֆիլմերի ստեղծման անվանակարգում դիմումները կարող են ներառել, բայց չսահմանափակվել խաղարկային, վավերագրական ֆիլմ, հեղինակային ֆիլմ կամ անիմացիա:
  • Լուսանկարչության անվանակարգում դիմումները կարող են լինել ինչպես փաստագրական, այնպես էլ գեղարվեստական ժանրերի։ Ընդունվում են առանձին լուսանկարներ, ինչպես նաև ֆոտոպատմություններ: (Առանձին լուսանկարներ ներկայացնելու դեպքում անհրաժեշտ է կցել առավելագույնը 3 լուսանկար, իսկ ֆոտոպատմությունների  դեպքում կարելի է դիմել մեկ աշխատանքով, որի լուսանկարների առավելագույն քանակը 15-ն է): 

Յուրաքանչյուր անվանակարգում կգործի երեք մրցութային տեղ`

  • 1-ին տեղ — 1.500.000 ՀՀ դրամ
  • 2-րդ տեղ — 1.000.000 ՀՀ դրամ
  • 3-րդ տեղ — 500.000 ՀՀ դրամ

Ժյուրիի կազմը կձևավորվի Թումոյի անձնակազմից, ուսանողներից ու համապատասխան անվանակարգերում հրավիրված մասնագետներից, ինչպես նաև Վահէ և Լյուսի ամենամյա մրցույթի 2019 թվականի մրցանակակիրներից:
Դիմումները կդիտարկվեն` ըստ դրանց յուրահատկության, ներդրված ջանքերի, տեխնիկական աշխատանքի ու հմտության մակարդակի:

*Վահե և Լյուսի մրցույթի մասնակիցների ցանկությամբ` այս տարի մրցույթի ամբողջ ֆոնդը` 15 միլիոն դրամը, Համահայկական հիմնադրամի միջոցով ուղղվելու է Արցախին:

Մրցույթի կանոններ՝

  • Յուրաքանչյուր մասնակից կարող է մեկ դիմումով ներկայանալ հինգ անվանակարգերից միայն մեկում:
  • Խմբերի կողմից դիմումներ ևս ընդունվում են:
  • Բոլոր մասնակիցները պետք է ներկայացնեն ավարտված նախագծեր՝ գաղափարներն ու մտահղացումները չեն դիտարկվի:
  • Նախագծերը կարելի է ուղարկել առցանց՝ լրացնելով ստորև ներկայացված ձևը:
  • 2019 թվականի Վահէ և Լյուսի մրցանակին անհատական նախագծերով արժանացած մասնակիցները չեն կարող դիմել 2020-ի մրցույթին։ Հաղթող դարձած խմբակային աշխատանքների հեղինակները կարող են դիմել, եթե մասնակցում են անհատապես կամ այլ խմբերով։

Ժամկետներ`

  • Դիմումների ընդունման մեկնարկ` 2020 թ․ մայիսի 16
  • Դիմումների ընդունման վերջնաժամկետ` 2020 թ․ սեպտեմբերի 30 (երկարաձգվել է մինչև հոկտեմբերի 10-ը)
  • Հաղթողների ներկայացում` ժամկետը կհրապարակվի հետագայում
  • Մրցանակաբաշխության արարողություն` ժամկետը կհրապարակվի հետագայում

Վահէ և Լյուսի Ֆատտալների մասին

Վահէ և Լյուսի մրցանակը նվիրված է Վահէ Ֆատտալի և նրա կնոջ` Լյուսիի հիշատակին: Իր կյանքի վերջին տարիներին Վահէն հիմնեց այս մրցանակը` ի հիշատակ իր կնոջ: Այժմ մենք այն նվիրում ենք նրանց հիշատակին և թումոցիների անունից շնորհակալություն ենք հայտնում այս կարևոր աջակցության համար:

Նկարիչ և գրաֆիկական դիզայներ Վահէ Ֆատտալը ուսումնասիրել է գեղանկարչություն Փարիզի գեղարվեստի ազգային դպրոցում: Լոս Անջելեսի մի շարք մեծ կազմակերպություններում որպես արտ-տնօրեն աշխատելուց հետո, հիմնել է դիզայնի և գովազդի սեփական գրասենյակը:

Գրասենյակի գործընկերների շարքը ներառում է այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են ABC հեռուստաընկերությունը (ABC-ի բացառիկ գովազդային գործընկերն է եղել 18 տարի), Հոլիվուդյան կինոարտադրության «մեծ հնգյակը» (Paramount Studios, Columbia Pictures/Sony Pictures Studio, 20th Century Fox, Universal Studios, Warner Bros Studio), Nissan-ը, UCLA Extension-ը և այլք:

Գրասենյակն իրականացնում է կորպորատիվ ինքնության և հաղորդակցության, գովազդային և մարկետինգային արշավների, ֆիլմերի և հեռուստատեսական արշավների, շարժական գրաֆիկայի և բրենդավորման բոլոր ծառայությունները:

Միևնույն ժամանակ Վահէն ստեղծագործականորեն ներգրավված էր Հայաստանի գործընթացների և նախագծերի առաջխաղացման ծրագրերում. նախագծել է Արցախի խորհրդանիշն ու պաստառները (1988), արցախյան դրոշի դիզայնը (1988), «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի վիզուալ տարբերանշանի դիզայնը (2004)։ Ֆատտալը հանդիսացել է Հայաստան համահայկական հիմնադրամի գլխավոր համահիմնադիրներից մեկը և «make it happen» արշավի դիզայնի հեղինակն է (2004), եղել է Armenian International Magazine-ի արտ-տնօրեն (1990-1992):

Լյուսին եղել է Կալիֆոռնիայի համալսարանի շրջանավարտ, ունեցել է փիլիսոփայության և ֆրանսիական գրականության մագիստրոսական աստիճան: Այնուհետև Փարիզի Սորբոնի համալսարանում ավարտել է ֆրանսերենի և քաղաքակրթական գիտությունների դասընթացներ:

Վահէն և Լյուսին հանդիպել, ամուսնացել և ապրել են Փարիզում:

Հետագայում նրանք տեղափոխվել են Լոս Անջելես, որտեղ Լյուսին որոշ տարիներ ֆրանսերեն դասավանդելուց հետո հիմնել է իր տուրիստական գործակալությունը Բևերլի Հիլզում, որը տրամադրում էր միջազգային VIP ուղևորություններ և բնակության ծառայություններ արվեստի (ցուցասրահներին, արտիստներին, աճուրդի տներին, արվեստի խորհրդատուներին), ժամանցի ոլորտի (կինոարտադրողների, դերասանների, ռեժիսորների, պրոդյուսերների) ներկայացուցիչների, ինչպես նաև կորպորատիվ կազմակերպությունների:

Վահէն ու Լյուսին կիսում էին նվիրվածությունն ու սերը Հայաստանի, կրթության, արվեստի և աշխարհի բացահայտման հանդեպ:

Գրանցումն ավարտված է