artak vahe and lucie for after 2020 final - Vahē & Lucie Award 2020

Վահէ և Լյուսի մրցանակը ամեն տարի տրվում է Թումոյի ուսանողներին ու շրջանավարտներին իրենց աշխատանքի համար արվեստի, տեխնոլոգիաների, երաժշտության, լուսանկարչության և ֆիլմի ոլորտներում։ Հայաստանի և Արցախի տարբեր քաղաքներից ուղարկված ավելի քան 350 հայտադիմումներ դիտարկվել են՝ հիմնվելով դրանց ստեղծարարության, ներդրված ջանքերի և տեխնիկական մակարդակի վրա։ Թումոյի ուսանողներից, դասընթացավարներից և համապատասխան ոլորտի մասնագետներից բաղկացած ժյուրիի հինգ խմբերը ընտրել են յուրաքանչյուր կատեգորիայի 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը։

Մրցույթի մասնակիցների ցանկությամբ այս տարի ամբողջ մրցանակային ֆոնդը` 15 միլիոն դրամը, Համահայկական հիմնադրամի միջոցով ուղղվել է Արցախին:

Այս տարի կյանքից հեռացավ մրցույթի հիմնադիր և աջակից Վահէ Ֆատտալը: Այս տարվա մրցանակաբաշխությունը նվիրում ենք Վահէի և իր կնոջ` Լյուսիի հիշատակին:

Վահէ և Լյուսի 2020 հաղթողներ

ԱՐՎԵՍՏ

1-ին տեղ
Սոյուզ, Թումո Երևան

Ալեքսանդր Զատիկյան, 14

Հեղինակը, ոգեշնչվելով կոմիքս-ֆիլմերով, քովիդի թեմայով ու վիդեո խաղերով, ստեղծել է նկարազարդումների իր շարքը, որոնք հավաքել է մեկ միության` «Սոյուզ»-ի մեջ:

2-րդ տեղ
Լեգենդը Նռանէի, Թումո Երևան

Սիրանուշ Վարդանյան, 18

Պատմվածքի գլխավոր հերոսը Նարէն է: Իր մեջ կախարդական հմտություններ հայտնաբերելուց հետո` Նարէի և իր ամբողջ թագավորության առօրյան լիովին փոխվում է…

Լեգենդը Նռանէի

Առավոտ էր: Չնայած որ շողում էր արևը, Նարէի համար օրը պայծառ չէր: Նա այլևս չէր նկատում բնության գեղեցկությունը, չէր գնում իր սիրելի կանաչազարդ դաշտն ու նկարում, չէր խաղում թիթեռների հետ, չէր խնամում իր պարտեզի ծաղիկները, գիշերները չէր զմայլվում աստղերով ու երազում, չէր նայում երկնքին ու ամպերին: Նա ամեն օր տխուր ու գլխիկոր մտածում էր, նա անհանգիստ էր… «Ես չեմ ճանաչում իմ ծնողներին, Անանէին, մարդկանց…Ես կարծես միայնակ լինեմ»:

— Ի՞նչ է պատահել մեր «յուրահատուկ» աղջնակին, չլինի՞ թե կորցրել ես խոսելու ունակությունը,- ծիծաղեց մի սևահեր աղջիկ:

— Երևի թիթեռներն այլևս ընկերություն չեն անում նրա հետ,- Նարէի մեջքի ետևից լսվեց շատ ծանոթ ու հարազատ ձայն:

Անանէն էր…

Նարէն շուռ եկավ և տեսնելով նրան՝ քարացավ:

3-րդ տեղ (2 հաղթող)

Հայ թագուհիների նամականիշներ, Թումո Երևան

Աննա Ամբարդանյան, 18

Հեղինակը ստեղծել է հայ թագուհիներին նվիրված նամականիշների շարք` պատկերելով յուրաքանչյուրի բնավորության առանձնահատկությունները: Ընտրվել է 4 թագուհի` Էրատոն, Փառանձեմը, Կատրանիդե Բ-ն և Զաբելը:

3-րդ տեղ (2 հաղթող)

«Ոսկե Ծիրան» կինոփառատոնի բրենդավորում, Թումո Երևան

Արինե Դավթյան, 18
Լիլիթ Մարդանյան, 17
Սոֆյա Գալուստյան, 19
Սոնա Մկրտչյան, 19

Թումոյի աշխատարանի արդյունքում ուսանողներ Արինեն, Լիլիթը, Սոֆյան և Սոնան` գրաֆիկական դիզայներ Նունե Խուդավերդյանի ուղղորդմամբ ստեղծել են Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնի բրենդավորման տարբերակ: Պաստառների ֆուտուրիստական էֆեկտները ու կոնտրաստային գույները փոխանցում են փառատոնի առաջադրած թեման` ճանապարհների խաչմերուկը:

ՖԻԼՄ

1-ին տեղ

Ժենիկի աղջիկ, Թումո Երևան

Մարիամ Բորեցյան, 27

22-ամյա հերոսուհին, ով կրում է «Ժենիկի աղջիկ» պիտակը, ապրում է իրականության մեջ, որտեղ բոլորն ի ծնե պիտակավորված են: Մոր՝ Ժենիկի մահից հետո սակայն, հերոսուհին մշտական պայքարի մեջ է իրեն զսպող հաշվեպիտակի հետ:

2-րդ տեղ (2 հաղթող)

Մեղուն ու մեղվապահը, Թումո Երևան

Լարիսա Բաղդասարյան, 15

«Մեղուն ու մեղվապահը» ֆիլմը պատմում է մեղվապահության գաղտնիքների, մեղվապահի առօրյայի մասին, նկարագրված է մեղու ստանալու գրեթե ամբողջ գործընթացը։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Տավուշի մարզի Լճկաձոր գյուղում։

2-րդ տեղ (2 հաղթող)

Բժիշկը կարանտինին, Թումո Գյումրի

Արտուշ Պետրոսյան, 16

Անդրանիկ Բաբայանի առցանց դասընթացի ժամանակ նկարահանված ֆիլմի հերոսը Գյումրի բժշկական կենտրոնի ավագ քույր Մելսիդան է, ով վաղ առավոտյան արթանում, սրճում ու գնում է աշխատանքի` պայքարելու վիրուսների դեմ:

3-րդ տեղ

Inorganic, Թումո Գյումրի

Հովհաննես Սիմոնյան, 17
Լիլիթ Գալստյան, 18
Ազատ Գինոսյան, 17

Համադրել անհամադրելին` Գյումրի, ինքնամեկուսացում, Համասյան, կենցաղ ու hip-hop մոնտաժ: Թումոցի Հովհաննեսի ֆիլմում ամենապարզ կենցաղային միջավայրը հայտնվել է իրեն անսովոր ռիթմի մեջ։

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ

Երազ, Թումո Երևան

Ամալյա Հակոբյան, 24

Թումո շրջանավարտ Ամալյա Հակոբյանը Ableton Live-ով գրած իր աշխատանքում համատեղում է ջազային հարմոնիաները, էլեկտրոնային ռիթմերն ու իր վոկալը: Էքսպերիմենտալ աշխատանքը պատմում է իր երազի մասին:

2-րդ տեղ

STZ, Թումո Երևան

Ստեփան Ժամկոչյան, 18

Ստեփան Ժամկոչյանն այս աշխատանքը Ableton Live ծրագրով գրել է 2018 թվականին, երբ դեռ Թումո Երևանի ուսանող էր: Այժմ նա ծառայում է ՀՀ զինված ուժերում ու կարողացել է հայտը ներկայացնել ընկերոջ միջոցով: Ստեղծագործության անվանումն իր ցանցային նիքնեյմն է:

3-րդ տեղ (2 հաղթող)

Stan, Թումո Երևան

Ալիս Սուքիասյան, 22
Քրիստինե Եղիազարյան, 22

Թումոյի շրջանավարտներ Ալիսն ու Քրիստինեն գրել են այս երգը կարանտինի ընթացքում` ձայնագրելով իրենց մասերը առանձին և քննարկելով աշխատանքը Zoom-ով: Սա իրենց նոր ձևավորվող խմբի առաջին երգն է: «Stan»-ը ստեղծվել է Ableton Live ծրագրով:

3-րդ տեղ (2 հաղթող)

Ճանապարհ, Թումո Երևան

Աննա Ալեքսանյան, 15
Ջեմմա Խաչատրյան, 17

Թումո Երևանի ուսանողներ Աննան ու Ջեմման գրել և հավաքել են ստեղծագործությունը միասին` երաժշտության դասընթացավար Ալեքսանդր Անանյանի աջակցությամբ:

Հատուկ հիշատակում

Իմպրովիզացիա, Թումո Երևան

Արման Հարությունյան, 19

Արման Հարությունյանը Վահէ և Լյուսի 2018 թվականի մրցույթի հաղթողներից էր: Նա այս աշխատանքը ուղարկել է մրցույթին մինչ բանակ զորակոչվելը` 2020-ի հուլիս ամսին: 2020-ի հոկտեմբերին Արմանը զոհվել է Արցախում` 44-օրյա պատերազմում:

ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ

Բասկետբոլ առանց սահմանների, Թումո Երևան

Արեն Գրիգորյան, 21

Թումո շրջանավարտ Արեն Գրիգորյանի ֆոտոպատմությունը ներկայացնում է ԲԿՄԱ-ի և ԱԻՆ-ի բասկետբոլի թիմերի խաղը: Խաղը տեղի է ունեցել 2020 թվականի սեպտեմբերին` Անվասայլակով բասկետբոլի միջազգային բացօթյա մրցույթի շրջանակներում:

2-րդ տեղ

Շուկա տեղ, Թումո Երևան

Լիդա Գևորգյան, 23

Թումո շրջանավարտ Լիդա Գևորգյանի ֆոտոպատմությունը ներկայացնում է Երևանի շուկաներից մեկի շոգ առօրյան. լիքը հին իրեր, տարեց մարդիկ, լուսանկարվել ցանկացողներ ու դրանից կտրականապես հրաժարվողներ:

3-րդ տեղ

Մումիան 21-րդ դարում, Թումո Երևան

Գնունի Հայրապետյան, 17
Մարտին, Հակոբյան, 23

Թումո ուսանող Գնունու և Թումո շրջանավարտ Մարտինի աշխատանքը ներկայացնում է մումիայի առօրյան և ադապտացման փորձերը ժամանակակից աշխարհում:

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

1-ին տեղ

Liquidizer, Թումո Երևան

Նանե Սարգսյան, 20
Դավիթ Կիրակոսյան, 21

Liquidizer մոբայլ խաղի գաղափարը ծնվել է 2 տարի առաջ` 48-ժամյա հեքեթոնի ժամանակ և կյանքի է կոչվել համավարակի ընթացքում: Այն փազլ ժանրի խաղ է` տարբեր բարդությունների 30 աշխարհներով: Խաղի գլխավոր հերոսը ալքիմիկոս ջրարջն է, որը փորձում է հավաքել «փիլիսոփայական քարը»:

2-րդ տեղ

Գրանշանների օպտիկական ճանաչում, Թումո Երևան

Ռոբերտ Գրիգորյան, 17

Ռոբերտ Գրիգորյանի նախագիծը վեբ և մոբայլ ծրագիր ու Տելեգրամի բոտ է, որն ճանաչում է օպտիկական գրանշաններ և հիմնված է արհեստական բանականության վրա։ Ծրագիրը հնարավորություն է տալիս նկարել կանվասի վրա որևէ բառ, որը կարտածվի տեքստի, այդ թվում հնարավոր է ներբեռնել տեքստ պարունակող նկար և ծրագիրը այն նույնպես կճանաչի։

3-րդ տեղ

A.M.A.S., Թումո Երևան

Աննա Ստեփանյան, 17
Արթուր Մանուկյան, 18
Նարե Ճալյան, 18
Ավետիս Ֆիշնջիկյան, 17

Ա.Մ.Ա.Ս.-ը սարդաձև սարք է, այն է` ինքնավար բազմաֆունկցիոնալ շտապօգնության սարդ: Այն կարող է օբյեկտները տեղափոխել մի շարք մակերևույթներից՝ հարթից ժայռոտ և հակառակը: Տեխնիկապես կատարելագործվելով` այն կարող է օգտագործվել տարբեր արդյունաբերական ոլորտներում տարածքի հետազոտման և ուսումնասիրման ժամանակ:

Ժյուրիի անդամներ

Արվեստ

Արամ Գյումիշյան — Թումո ստուդիաների փոխտնօրեն
Անի Ասատրյան — գրող, Թումոյի դասընթացավար
Աիդա Շալաևա — Թումո ուսանող

Լուսանկարչություն

Առնոս Մարտիրոսյան — լուսանկարիչ
Վարո Ռաֆայելյան — լուսանկարիչ, Թումոյի դասընթացավար
Լիլիթ Գալստյան — Թումո շրջանավարտ

Ֆիլմ

Նունե Հախվերդյան — կինոքննադատ, կինոգետ
Անդրանիկ Բաբայան — ռեժիսոր, Թումոյի դասընթացավար
Մարիա Սարգսյան — Թումո շրջանավարտ, Վահէ և Լյուսի 2019-ի հաղթող

Տեխնոլոգիաներ

Հարություն Բաղդասարյան — DISQO-ի գլխավոր ինժեներ
Դավիթ Մկրտչյան — ծրագրավորող, Թումոյի դասընթացավար
Արմեն Պարոնիկյան — Թումո ուսանող

Երաժշտություն

Գոռ Մխիթարյան — երաժիշտ
Խաչատուր Հայրապետյան — երաժիշտ, Թումոյի դասընթացավար
Մարիամ Նազարյան — Թումո շրջանավարտ

Վահէ և Լյուսի Ֆատտալ

Վահէ և Լյուսի մրցանակը նվիրված է Վահէ Ֆատտալի և նրա կնոջ` Լյուսիի հիշատակին: Իր կյանքի վերջին տարիներին Վահէն հիմնեց այս մրցանակը` ի հիշատակ իր կնոջ: Այժմ մենք այն նվիրում ենք նրանց հիշատակին և թումոցիների անունից շնորհակալություն ենք հայտնում այս կարևոր աջակցության համար:

Նկարիչ և գրաֆիկական դիզայներ Վահէ Ֆատտալը ուսումնասիրել է գեղանկարչություն Փարիզի գեղարվեստի ազգային դպրոցում: Լոս Անջելեսի մի շարք մեծ կազմակերպություններում որպես արտ-տնօրեն աշխատելուց հետո, հիմնել է դիզայնի և գովազդի սեփական գրասենյակը:

Գրասենյակի գործընկերների շարքը ներառում է այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են ABC հեռուստաընկերությունը (ABC-ի բացառիկ գովազդային գործընկերն է եղել 18 տարի), Հոլիվուդյան կինոարտադրության «մեծ հնգյակը» (Paramount Studios, Columbia Pictures/Sony Pictures Studio, 20th Century Fox, Universal Studios, Warner Bros Studio), Nissan-ը, UCLA Extension-ը և այլք:

Գրասենյակն իրականացնում է կորպորատիվ ինքնության և հաղորդակցության, գովազդային և մարկետինգային արշավների, ֆիլմերի և հեռուստատեսական արշավների, շարժական գրաֆիկայի և բրենդավորման բոլոր ծառայությունները:

Միևնույն ժամանակ Վահէն ստեղծագործականորեն ներգրավված էր Հայաստանի գործընթացների և նախագծերի առաջխաղացման ծրագրերում. նախագծել է Արցախի խորհրդանիշն ու պաստառները (1988), արցախյան դրոշի դիզայնը (1988), «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի վիզուալ տարբերանշանի դիզայնը (2004)։ Ֆատտալը հանդիսացել է Հայաստան համահայկական հիմնադրամի գլխավոր համահիմնադիրներից մեկը և «make it happen» արշավի դիզայնի հեղինակն է (2004), եղել է Armenian International Magazine-ի արտ-տնօրեն (1990-1992):

Լյուսին եղել է Կալիֆոռնիայի համալսարանի շրջանավարտ, ունեցել է փիլիսոփայության և ֆրանսիական գրականության մագիստրոսական աստիճան: Այնուհետև Փարիզի Սորբոնի համալսարանում ավարտել է ֆրանսերենի և քաղաքակրթական գիտությունների դասընթացներ:

Վահէն և Լյուսին հանդիպել, ամուսնացել և ապրել են Փարիզում:

Հետագայում նրանք տեղափոխվել են Լոս Անջելես, որտեղ Լյուսին որոշ տարիներ ֆրանսերեն դասավանդելուց հետո հիմնել է իր տուրիստական գործակալությունը Բևերլի Հիլզում, որը տրամադրում էր միջազգային VIP ուղևորություններ և բնակության ծառայություններ արվեստի (ցուցասրահներին, արտիստներին, աճուրդի տներին, արվեստի խորհրդատուներին), ժամանցի ոլորտի (կինոարտադրողների, դերասանների, ռեժիսորների, պրոդյուսերների) ներկայացուցիչների, ինչպես նաև կորպորատիվ կազմակերպությունների:

Վահէն ու Լյուսին կիսում էին նվիրվածությունն ու սերը Հայաստանի, կրթության, արվեստի և աշխարհի բացահայտման հանդեպ: