#Spotlight. դիլիջանցիների մարզիչ Սյուզաննան

#Spotlight. դիլիջանցիների մարզիչ Սյուզաննան

Իր վերջին զանգի նախորդ օրը 17 տարեկան դիլիջանցի Սյուզաննան անցկացրել է աշխատավայրում՝ Թումոյում։ Դիլիջանի #5 դպրոցի շրջանավարտը (ի դեպ, շնորհավո՜ր վերջին զանգդ, Սյուզաննա) դեռ երեք ամիս է, ինչ Թումո Դիլիջանի մարզիչ է, իր փորձառությունը Թումոյի հետ շա՜տ ավելի վաղ է սկսվել։

2013-ի կենտրոնի բացումից ի վեր Սյուզին սովորել ու, ինչպես ինքն է ասում, որպես մարդ ձևավորվել է Թումոյում։ «13 տարեկանից սկսած իմ ինչպես հմտությունների, այնպես էլ մտածելակերպի ձևավորման մեջ Թումոն շատ մեծ դեր է ունեցել»։ Լուսանկարչության, ստեղծագրության, գրաֆիկական դիզայնի, նոր մեդիայի, ֆիլմերի ստեղծման ու շատ-շատ այլ դասընթացների ընթացքում իր ձեռքբերած գիտելիքների ու հմտությունների արդյունքում Սյուզաննան որոշել է, որ պիտի կինոռեժիսոր դառնա («երևի, ֆանտաստիկայի ժանրում» ։))։ Բայց մասնագիտական կողմից բացի կա ևս մի հմտություն, որը նրան օգնում է ամենուր՝ ներառյալ իր ներկայիս աշխատանքում։ «Ի տարբերություն առաջվա, հիմա ինձ շատ ավելի հեշտ է ձևակերպել և արտահայտել մտքերս։ Ես ավելի համարձակ եմ, ազատ, ու դա իմ կյանքը ավելի պարզ է դարձնում»։

Մարզիչ լինելու հաճելի կողմերի ու մարտահրավերների մասին Սյուզիին շատ հեշտ է խոսել։ «Ճիշտն ասեմ՝ ինձ դժվար չէ մարզիչ լինել։ Ախր, ես էլ եմ ուսանող եղել, ու ես շատ լավ գիտեմ, թե ինչն է ի վիճակի ուսանողին մոտիվացնել կամ հիասթափեցնել։ Իմ փորձը մի ոսկե կանոն է թելադրում՝ պատանիների հետ պետք է անկեղծ լինել։ Որքան անկեղծ ես դու, այնքան քեզ վստահում են ու հարգում: Իսկ ինձ համար այդ վստահությունը շատ կարևոր է՝ չէ՞ որ ես ուզում եմ այստեղ ստացածս փոխանցել իրենց ու ուղղորդել հնարավոր ամենահաջող ճանապարհով»։

ՄԻ ՓԱՍՏ․
Որպես «խելքը գլխին» ու (համարյա) չափահաս մարդ, Սյուզաննան չի հավատում ուրվականներին։ Բայց դա չի խանգարում իրեն մենակ մնալիս պատկերացնել իրեն այցելող զանազան չար հոգիների ու սարսափել դրանց երևակայական տեսարանից։ Սյուզաննան խոստանում է մոտ ապագայում ազատվել այս վախից։

Like
Like Love Haha Wow Sad Angry