Բոյով, կապուտաչյա, լայնեզր գլխարկը թեք դրած ու միշտ ուսապարկով ու ականջակալներով տղային փողոցում մատնանշելով ասում են՝ Թումոյի Սամոն է գալիս։ Թումո Ստեփանակերտի 16-ամյա ուսանող Սամվել Սարգսյանը կենտրոնի առաջին ուսանողներից է, ով իր շավիղի վարժանքների առաջին փուլի հաղթահարելն ընկերոջ հետ պիցցայով է նշել։
– Մեր դասարանում տեխնոլոգիաներից քիչ թե շատ գլուխ հանողները ես ու ընկերս էինք։ Այդ նպատակով էլ եկանք Թումո` ծրագրավորում սովորելու։ Արդյունքում ստացվեց այն, որ այս 2 տարվա ընթացքում, ծրագրավորումից բացի, ինչ դասընթացի ու աշխատարանի ասես չեմ մասնակցել,- ասում է Սամվելը։
Իսկ ամեն ինչ Թումոյում սկսվեց լուսանկարչությունից, չնայած Սամվելը խոստովանում է, որ երբևէ չի էլ մտածել, որ ինքը լուսանկարելու ընդունակություններ ունի։
– Մեր տան լուսանկարիչը քույրիկս էր`Շողերը (բայց իրան չասեք,- շշուկով ասում է նա)։ Միասին սկսեցինք Թումո հաճախել, բայց ստացվեց այնպես, որ կենտրոնի ամենաառաջին լուսանկարչական աշխատարանին ես ընտրվեցի, ու դրանից հետո սովորեցի այնպիսի մասնագետներից, ինչպես իտալացի ֆոտոլրագրող Պիեր Պաուլո Չիտոն ու ամերիկահայ դոկումենտալ լուսանկարիչ Սկաուտ Թուֆանկջյանն են:
Մինչ այսօր Սամվելը դիմում է Թումո Ստեփանակերտի բոլոր աշխատարաններին ու դասընթացներին։ Նա փորձում է հնարավորինս շատ փորձ ու գիտելիք «կորզել» Թումոյից։
– Մինչև Թումո հաճախելը ես համոզված էի, որ ինձ համար բաց է միայն թատրոնի դուռը։ Երկու տարվա ընթացքում Թումոն իմ առջև տասնյակ դռներ բացեց, որոնց գոյության մասին ես գաղափար էլ չունեի։ Հենց սկզբից ամեն ինչ փորձելն ինձ օգնեց հասկանալ, թե որն է իմը և ինչ ուղղությամբ եմ ուզում շարունակել։
Լուսանկարչության, ինֆոգրաֆիկայի, գրաֆիկական դիզայնի, ռոբոտաշինության, երաժշտության, շարժական գրաֆիկայի, ճարտարապետության, եռաչափ մոդելավորման, քարտեզագրմամ դասընթացների ու աշխատարանների մասնակցած Սամվելը դեռ շատ պլաններ ունի, և դրանց հերթում հիմա առաջինը ծրագրավորում սովորելն է: Մի բան, ինչի համար էլ ի սկզբանե Թումո էր եկել։