#TUMOspotlight. Թումո Գյումրիի Լիլիթն ու Վահեն

#TUMOspotlight. Թումո Գյումրիի Լիլիթն ու Վահեն

Թումոցիներ Վահե Հովհաննիսյանի ու Լիլիթ Գալստյանի և նրանց լուսանկարների շնորհիվ մենք բաց չենք թողնում Գյումրիի կենտրոնի իրադարձությունները: Իսկ Թումոյում նրանք հայտնվել են բացման օրվանից, ու երկուսն էլ իրենց թումո-ճանապարհը սկսել են հենց լուսանկարչության դասընթացից:

«Առաջին անգամ, որ եկա Թումո, հենց միանգամից լուսանկարչությունը ընտրեցի: Սկզբում շատ պատկերացում չունեի օրենքների մասին, բայց հիմա ավելի ու ավելի խորն եմ ճանաչում արվեստն ու զգում եմ, որ հարազատ է դարձել, մտածում եմ ապագա մասնագիտությանս մասին: Լուսանկարչության շնորհիվ մարդկանց սկսեցի ավելի լավ ճանաչել, որովհետև ամեն մեկին նկարելու համար պետք է հասկանաս` ինչ մարդ է, որ մոտենաս, շփվես ու ստանաս վստահությունը», ասում է Լիլիթը:

Բայց Վահեին լուսանկարչությունը չէր բերել Թումո. «Դուրս գալիս էր Թումոյի տեխնիկական հարմարավետությունը, բայց հետո բացահայտեցի կրթական համակարգը. որ դու ես ընտրում ինչ ես ուզում սովորել, ու ազատությունը կրթության հարցում կարևոր է` իմ կարծիքով: Ու առհասարակ Թումոն դարձավ իմ սովորելու ցանկությունն ու հմտությունները զարգացնելու տեղը»:

Այժմ Վահեն ու Լիլիթը Գյումրիի կենտրոնից միասին են աշխատում Թումոյի հաղորդակցման թիմի հետ: «Ուրախ եմ, որ կարողանում եմ իմացածս օգտագործել, միջավայրն էլ արդեն հարազատ է ու կիրառում եմ իմ նոր հմտությունները: Ամեն դասընթաց նկարելիս ինչ-որ չափով էլ, կարծես, մասնակցում ես դրան», ասում է Լիլիթը:

Վահեի խոսքերով` համատեղ աշխատանքի սկզբում նկատվող մրցակցությունը հիմա վերածվել է ամուր, փոխլրացվող համագործակցության: «Լիլիթը ճարտարապետություն ու մարդկանց շատ է սիրում: Այդ երկուսի համադրությունը կարելի է տեսնել իր լուսանկարներում»: Իսկ Լիլիթն ասում է, որ հիմա հակամարտություն ընդհանրապես չկա, ու անգամ չեն էլ նկատում ընդհանուր աշխատանքում որ մասը ով պետք է անի:

Like
Like Love Haha Wow Sad Angry