#Spotlight․ Թումոյի գեյմեր Հովսեփ Ստեփանյանը

#Spotlight․ Թումոյի գեյմեր Հովսեփ Ստեփանյանը

«Ամեն ինչ սկսվեց նրանից, որ հայրս ԱՄՆ-ից PlayStation բերեց, երբ 7 տարեկան էի։ Նույնիսկ խաղերն եմ հիշում՝ Tomb Raider 4-րդը՝ եգիպտականը, ու Crash Bandicoot-ը: Սա gamer-ական իմ առաջին փորձն էր»,- խաղերի հետ իր հանդիպման մասին պատմում է Թումոյի խաղերի ստեղծման դասընթացավար ու տեխնոլոգիական նորույթների մե՜ծ սիրահար Հովսեփ Ստեփանյանը։

Ինչ վերաբերում է խաղը մասնագիտություն դարձնելուն՝ դրանք ստեղծելու առաջին միտքը Հովսեփի մոտ ծնվեց արդեն 11 տարեկանում, երբ նա ծանոթացավ Metal Gear Solid խաղին։ «Էս խաղն իմ մտածելակերպը կտրուկ փոխեց, որովհետև դրա իմաստն այն էր, որ պետք էր ամեն կերպ խուսափել կռվից։ Սա պատմություն պատմելու նոր միտք էր ինձ համար»,- ասում է Հովսեփը։

Ըստ Հովսեփի, խաղը պատմություն ներկայացնելու արվեստի հաջորդ մակարդակն է։ Ի սկզբանե գրականությունն էր, հետո սրան միացավ պատկերն ու ծնվեց ֆիլմը, դե իսկ խաղերի միջոցով հնարավոր դարձավ պատմությանը հետևելուց բացի, նաև մասնակցել ու փոխել դրա ընթացքը։ Հետաքրքիր պատմությունը Հովսեփի կարծիքով հաջող խաղի 2 ամենակարևոր գործոններից մեկն է, իսկ մյուսը այն խաղալու քաղաքականությունն է (gameplay), որը նա խորապես ուսումնասիրում է թումոցիների հետ՝ սկսած 2013 թվականից։

Թումոյի հետ իր պատմության առաջին օրվա մասին Հովսեփը պատմում է․«Հիշում եմ․ առաջին անգամ Թումոյի մասին լսեցի, միանգամից դիմեցի ու եկա հարցազրույցի, որը ավելի շուտ ոչ թե հարցազրույց էր, այլ խաղերի սիրահարների հանդիպում, որտեղ կարող ես քննարկել վերջին բացահայտումներդ»։ Խաղերի ստեղծումը տարբեր մասնագիտությունների գործընթաց է․ պահանջում է գրաֆիկական դիզայների, ծրագրավորողի, նկարչի, լուսանկարչի և այլ հմտություններ։ Հովսեփն էլ՝ որպես ամենաիսկական gamer ու խաղերի ստեղծող, շատ է սիրում նաև նկարել ու լուսանկարել (տեսե՛ք նրա Instagram-ի էջն այստեղ), բայց սա միայն ոգեշնչման պայմաններում։ Իսկ խաղերի դեպքում ոգեշնչումը հավերժ է։

ՄԻ ՓԱՍՏ

Հովսեփը գինիների մեծ հավաքածու ունի։ Այնտեղ կան մի քանի կոլեկցիոն, շատ հին շշեր, որոնք նա որոշել է երբեք չբացել։

Like
Like Love Haha Wow Sad Angry