Թումոյի ԱԲ կրթական ծրագիրը անցնում է WISE մրցույթի վերջնական փուլ. GenAI ոլորտը ներդրվում է հոկտեմբերին

Թումոյի ԱԲ կրթական ծրագիրը անցնում է WISE մրցույթի վերջնական փուլ. GenAI ոլորտը ներդրվում է հոկտեմբերին

WISE մրցանակը Կրթական նորարարության համաշխարհային գագաթնաժողովի հիմնական մրցանակն է, որով պարգևատրվում են աշխարհի ամենանորարար, ազդեցիկ և լայնամասշտաբ նախագծերը։ Յուրաքանչյուր տարի, մրցույթի վերջնական փուլ անցած կազմակերպությունները ստանում են մենթորշիփ, կարողությունների զարգացմանն ուղղված աջակցություն և ֆինանսավորում, իսկ առաջին տեղը գրավող նախագիծը ստանում է 1 միլիոն դոլար։

2024-2025թթ. մրցույթի ֆինալիստների շարքում է Թումոյի ԱԲ (արհեստական բանականության) կրթական ծրագիրը, որի մեխը հեղինակային ԱԲ Համադասարանցի (AI Co-Learner) հարթակն է։

Ահա, թե ինչպես է աշխատում ԱԲ Համադասարանցի հարթակը. ուսանողը կոնսոլիդացնում է նոր ձեռք բերած գիտելիքները և օգնում ԱԲ համադասարանցուն յուրացնել դրանք, իսկ ԱԲ-ն օգնում է ուսանողին ամրապնդել իր գիտելիքները` մատնանշելով սխալներն ու բացերը։

ԱԲ Համադասարանցի հարթակի մշակմանը զուգահեռ ստեղծվել է նաև Թումոյի նոր ոլորտը` GenAI (գեներատիվ AI), որն արդեն փորձարկվել է WISE-ի աջակցությամբ Բեյրութում և Մումբայում անցկացված պիլոտային դասընթացների ընթացքում։ Դասընթացներին մասնակցած պատանիները օգտագործել են ԱԲ-ն չատբոտեր ստեղծելու, պատմություններ մշակելու և այլ նախագծերի համար։

«WISE մրցույթի կողմից հասցեագրվող հիմնական մարտահրավերներից մեկը ԱԲ ազդեցությունն է կրթության վրա։ Թումոյի լուծումը ենթադրում է ԱԲ-ի կիրառում միաժամանակ որպես կրթական նպատակ և ընդհանուր ուսումնական նպատակներին հասնելու միջոց։ Սա կատարելապես համապատասխանում է մանկավարժական մեթոդները ներսից փոխող նորարարություններին աջակցելու մեր առաքելությանը», – նշում է WISE-ի ծրագրերի ղեկավար Աուրելիո Ամարալը։

«Ինձ ամենաշատը զարմացրեց այն, թե ինչպես է Թումոն օգտագործում ԱԲ-Ն ոչ թե որպես փոխարինող, այլ որպես կամուրջ։ Միևնույն ժամանակ, Թումոյի ներառական մոտեցումը համաշխարային մակարդակի կրթությունը հասանելի է դարձնում բոլոր պատանիների համար։ Տպավորիչ է նաև Թումոյի անհատական մոտեցումը, որի շնորհիվ տեխնոլոգիաները ուսանողների համար դառնում են հետաքրքրասիրության և ստեղծագործականության խթան, այլ ոչ դրանց փոխարինող» ,- ասում է Dalberg Advisors հետազոտական ընկերության ներկայացուցիչ Սրեյա Բհատտաչարյան։

GenAI կրթական ոլորտի պաշտոնապես մեկնարկում է հոկտեմբերի 1-ին` հազարավոր պատանիների հնարավորություն տալով ավելին ստանալ իրենց ինքնուսուցման վարժանքներից, դասընթացներից և աշխատարաններից` ոչ միայն օգտագործելով, այլ նաև ստեղծելով ԱԲ տեխնոլոգիաներ։

Միևնույն ժամանակ, ԱԲ-Ն ինտեգրվում է Թումոյի մնացած բոլոր ոլորտներում՝ ուսանողներին զինելով ԱԲ դարաշրջանում հաջողության հասնելու համար անհրաժեշտ հմտություններով։

«WISE մրցույթի եզրափակիչ փուլում ընդգրկվելը մեծապես խթանել է Թումոյի ԱԲ կարողությունների զարգացումը և օգնել մեզ աջակցել էլ ավելի շատ պատանիների», – նշում Թումոյի ճարտարագիտության տնօրեն Վահագն Փափազյանը։ «Կարևոր է աջակցել երիտասարդներին` նորարարական էկոհամակարգերին մասնակցելու և ԱԲ տեխնոլոգիաներն ինքնուրույն օգտագործելու գործում»։

427 դիմորդներից WISE ժյուրին ընտրել է 6 ծրագիր, որոնք լավագույնս են լուծում գլոբալ կրթական մարտահրավերները` ընդհանուր գրագիտությունից մինչև ներառական ուսուցում, դասավանդողների կարողությունների զարգացում և այլն։ Մեծ պատիվ է Թումոյի նորարարական ԱԲ ծրագիրը տեսնել աշխարհի լավագույն կրթական նախաձեռնությունների շարքում։