Թումոյի Հայկական մշակութային ժառանգության ինստիտուտը կյանքի է կոչում վտանգված հուշարձանները

blog arm - Թումոյի Հայկական մշակութային ժառանգության ինստիտուտը կյանքի է կոչում վտանգված հուշարձանները

Հայկական մշակութային ժառանգության ինստիտուտը ձևավորվել է Հայկական ժառանգության սկանավորման նախագծից, որը Թումոն մեկնարկեց 2020 թվականին։ Այս նախաձեռնության շրջանակում երիտասարդները և փորձագետները համագործակցեցին՝ եռաչափ սկանավորելու Հայաստանում և Արցախում գտնվող հարյուրավոր պատմական վայրեր՝ օգտագործելով լազերային սկանավորում և ֆոտոգրամետրիա։ Թումոյի անգլերենի մասնագետ և խմբագիր Սիրինա Հաճար Բակունցը հետևել է Ինստիտուտի աշխատանքներին և քննարկել դրա հավակնոտ ծրագրերը Ինստիտուտի գլխավոր տնօրեն և Թումոյի հատուկ նախագծերի ղեկավար Հյուլէ Քէշիշեանի հետ։

Մի զով երեքշաբթի առավոտ նստած էի ամենագնաց մեքենայի հետևում՝ կառչած մեքենայի եզրաձողից, որն ինձ բաժանում էր զառիթափ ժայռերից։ Սուրալով քամուն հանդիման՝ բարձրացանք լեռնային ճանապարհով և մուտք գործեցինք Խոսրովի անտառ պետական արգելոց։ Որքան ավելի էինք խորանում, այնքան արտաքին աշխարհի հետ կապն ավելի էր կտրվում, ինչը փաստում էր հեռախոսային ազդանշանների անհետացումը։ Ի վերջո մենք կանգ առանք Բայբուրդի եկեղեցու մոտ, և ուղեկիցներս՝ Հայկական մշակութային ժառանգության ինստիտուտի սկանավորման փոքր թիմը, իջան մեքենայից ծանր սարքավորումների բազմաթիվ պայուսակներով։ Հաջորդ չորս ժամի ընթացքում հետևում էի՝ ինչպես են նրանցից երեքը մանրակրկիտ կերպով փաստագրում եկեղեցին ֆոտոգրամետրիայի և եռաչափ լազերային սկանավորման միջոցով։

Ծագումը

Ինստիտուտը հաջորդել է Հայկական ժառանգության սկանավորման նախագծին, որը Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը նախաձեռնեց 2020 թվականի Արցախյան պատերազմից անմիջապես հետո՝ տարածքների կորստից մի քանի շաբաթ առաջ, հայկական պատմական հուշարձանները վավերագրելու նպատակով։ Այսօր այդ նախաձեռնությունը վերաճել է Հայկական մշակութային ժառանգության ինստիտուտի, որը Թումո ստուդիաների հետ զբաղեցնում է Արամի 44 հասցեի պատմական շենքը։

Չնայած Ինստիտուտի կայքը գործարկվեց միայն նախորդ տարի՝ 2025 թվականի դեկտեմբերին, ինստիտուտի թիմը տարիներ շարունակ աշխատում էր կուլիսների հետևում։ 2018 թվականին Թումոն սկսեց իր ուսանողների համար անցկացնել եռաչափ սկանավորման աշխատարաններ, որոնք վարում էին արտերկրից ժամանած մասնագետներ։ Սկանավորված առաջին հուշարձաններից է Ղազանչեցոցի տաճարը, որը Թումո Ստեփանակերտի ուսանողները կարողացել էին թվային եղանակով պահպանել 2020 թվականի ցավալի ռմբակոծությունից առաջ։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի ստորագրումից հետո Թումոյի թիմը հասկացավ, որ շատ քիչ ժամանակ է մնացել՝ ընդամենը 2-3 շաբաթ, մինչև տարածքների հանձնումն Ադրբեջանին։ Արդեն ձևավորված սկանավորման ցանցի շնորհիվ Թումոն հավաքեց կամավորների խումբ, որոնք Ֆրանսիայից ժամանած փորձագետների հետ շտապեցին Արցախ ու մինչև վերջնաժամկետը սկանավորեցին ավելի քան 40 հուշարձան։

2022 թվականին՝ տասնամսյա բլոկադայից առաջ, Թումոն ևս մեկ ուղևորություն հասցրեց կազմակերպել դեպի Արցախ, որի ընթացքում 40 այլ հուշարձաններ սկանավորվեցին։ Երևան վերադառնալով՝ թիմը որոշեց նույն աշխատանքը կատարել նաև Հայաստանի սահմանամերձ վայրերում 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի Հայաստանի վրա հարձակման ֆոնին։ Եթե անգամ մի կողմ դնենք աճող լարվածությունը, թվային պահպանումը կարող է ծառայել, որպես հիշողության հարուստ շտեմարան՝ փլուզման, վատ պահպանության և երկրաշարժներին հանդիման, որոնց արդյունքում Հայաստանում կան բազմաթիվ ավերված և քանդվող հուշարձաններ։

Այսօր Ինստիտուտի պորտֆոլիոյում ավելի քան 280 սկանավորված հուշարձան և բազմաթիվ արտեֆակտներ կան՝ խեցեգործ իրեր, վիշապաքարեր, խաչքարեր.

«Ինչ-որ պահի մենք պետք է կանգ առնեինք և ինքներս մեզ հարց տայինք՝ ինչու ենք սա անում, — մտաբերում է Ինստիտուտի գլխավոր տնօրեն և Թումոյի հատուկ նախագծերի ղեկավար Հյուլէ Քէշիշեանը, — Թումոյի բնորոշ գծերից է գիտելիքն ու տեղեկությունը դարձնել հասանելի, ստեղծել կրթությանը և ստեղծագործությանը նպաստող նյութեր։ Հենց այդպես էլ որոշեցինք ստեղծել Ինստիտուտի բաց հասանելիությամբ կայքը»։

Կադրից դուրս

Առաջին անգամ Հյուլէին հանդիպեցի նրա աշխատասենյակում՝ Արամի փողոցում գտնվող հին, սևատուֆ շենքերից մեկում, որը հիշեցնում է անցյալի Երևանը։ Էներգիայով և էնտուզիազմով լի նա պատմում էր ներկայիս Ինստիտուտի ստեղծմանը և բազմաբովանդակ նախագծերին նախորդող տարիներից։

Երբ նրան խնդրեցի ասել, թե որն է Ինստիտուտի աշխատանքների հետ կապված ամենատպավորիչ պահը, նա նշեց Ինստիտուտի կայքի հրապարակումը, քանի որ այն առաջին անգամ, հինգ տարուց ավելի «գրեթե թաքուն» աշխատանքից հետո հանրայնորեն ներկայացնում է՝ ինչ է Ինստիտուտը։ Այցելուներն այժմ կարող են կայքում ուսումնասիրել 35 հուշարձանի եռաչափ մոդել, մինչ մնացած հուշարձանները փոխակերպվում են եռաչափ մոդելների՝ գործընթաց, որն ինչպես սկանավորումը, պահանջում է մեծ համբերություն։ Հուշարձանների մոդելներին կցված են պատմական տեղեկություններ, արխիվային լուսանկարներ, որոնք փոխանցել են գործընկեր կազմակերպությունները և այլն։

Հյուլէն և իր թիմն ուզում են, որ այցելուները ծանոթանան հուշարձանի ամբողջական կյանքին, ինչն արտացոլում է Ինստիտուտի՝ ժառանգությունը որպես կենդանի ռեսուրս պահպանելու առաքելությունը։ Դրա համար նրանք նախաձեռնել են նաև բանավոր պատմության մի նախագիծ, որի շրջանակում հարցազրույցներ են անելու հուշարձանների մոտակայքում բնակվող մարդկանց հետ, որոնք դրանց մասին պատմություններ և հիշողություններ ունեն։

«Արշավների ընթացքում շատերն են մեզ մոտեցել ու պատմել հուշարձանների մասին պատմություններ, բայց եթե փորձում ես այդ պատմությունները Google-ով որոնել, ոչինչ չես գտնում։ — նշում է Հյուլէն, — Մի մարդ մեզ նույնիսկ ասաց, որ ինքն այդ պատմությունն իմացող վերջին մարդն է։ Սա խոսում է ժամանակի անցողիկության մասին։ Մի օր այդ պատմությունն էլ է վերանալու։ Մենք ուզում ենք պատկերացնել՝ ինչպես են այդ վայրում մարդիկ ապրել, և ուզում ենք դա հրապարակել կայքում, որպեսզի միայն չոր եռաչափ մոդել չցուցադրվի, այլ՝ մարդկանց և հուշարձանի լիարժեք փոխհարաբերությունը»։

Հյուլէն հույս ունի, որ կայքի այցելուների համար հուշարձանները կդառնան ստեղծագործական ոգեշնչման աղբյուր.

«Մենք պատմությունը կամ ժառանգությունը չենք համարում անցյալի վերջնակետ, այլ՝ ապագայում ստեղծագործելու և հետազոտելու սկզբանակետ, կարճ ասած, մի բան ապագայի համար, — բացատրում է Հյուլէն, — օրինակ ուզում ենք, որ մարդիկ բացահայտեն Աղիտուի մահարձանի զարդաքանդակը և այդ պատկերով զարդեղեն ստեղծեն։ Մենք ուզում ենք, որ մարդիկ անցյալը փոխակերպեն նոր ստեղծագործության, նոր մտածողության և նոր ստեղծարարության»։

copie de result kutahya ceramics scanning lab - Թումոյի Հայկական մշակութային ժառանգության ինստիտուտը կյանքի է կոչում վտանգված հուշարձանները

Կուտինայի խեցեգործության դիզայն աշխատարանի վերջնարդյունք

Ինտերակտիվ պատմություն

Կայքի յուրահատուկ ֆունկցիաներից է crowdsourcing-ը, որը թույլ է տալիս այցելուներին ներկայացնել հուշարձանի մասին սեփական պատմությունը, լուսանկարը կամ հետազոտությունը։

«Մեզ համար կարևոր էր այս նախագծին համեստորեն մոտենալ, — ասում է Հյուլէն, — քանի որ մենք հետազոտական կենտրոն չենք։ Մենք դրանով չենք զբաղվում։ Մենք անում ենք բարձրորակ լազերային սկանավորում և ֆոտոգրամետրիա։ Մենք ստեղծում ենք եռաչափ մոդելներ և փորձում ենք հնարավորինս շատ տվյալներ հավաքել՝ գիտակցելով, որ մեր շուրջը բազում արժեքավոր և բարձրորակ տեղեկատվություն կա։ Այսպիսով ուզում ենք քաջալերել մարդկանց կիսելու մեզ հետ՝ ինչ իրենք կուզեն, լինի դա պատմություն, լուսանկար, թե որևէ փաստ»։

Ինստիտուտի մարտահրավերներից մեկը ճշգրիտ պահպանության և ստեղծագործական փորձարարության համատեղումն է. «Մենք ստեղծում ենք հնարավոր ամենաճշգրիտ, դետալային, բարձրակարգ եռաչափ մոդելները։ Անհնար է ավելի ճշգրիտ բան ստեղծել, — ասում է Հյուլէն, — միաժամանակ փորձում ենք խրախուսել փորձարարությունը։ Եթե վերցնես այս ժառանգությունը և այն փոխակերպես որևէ այլ բանի, կբախվես այս նույն խնդրին»։

Այս հավասարակշռությունը հատկապես դժվար է պահել, երբ ժառանգությունը նաև մերժված և վտանգված է. «Սա անհայտ ուղի է, որը դեռ չենք ուսումնասիրել և ուզում ենք տարածք ստեղծել մեզ համար։ Պետք է ունենաս ճիշտ նարատիվ լուրջ ընկալվելու համար՝ հավատարիմ մնալով ստեղծարարությանը և ոչ թե զուտ ավանդականի պահպանմանը», — հավելում է նա։

venice biennale - Թումոյի Հայկական մշակութային ժառանգության ինստիտուտը կյանքի է կոչում վտանգված հուշարձանները

Հայաստանի տաղավարը Վենետիկի ճարտարապետական բիենալեում, 2025

Միջազգային հետքը

Համացանցից դուրս Ինստիտուտը նաև տպավորիչ ցուցադրություններ է ունեցել միջազգային հարթակներում։ Նախորդ տարի ինստիտուտը ներկայացրեց Հայաստանը հանրահայտ՝ Վենետիկի ճարտարապետական բիենալեում, ինչը նշանավորեց Հայաստանի վերադարձը բիենալ 2015 թվականից հետո։ Հետևելով «Բանականություններ՝ բնական, արհեստական, հավաքական» խորագրին՝ Ինստիտուտն ստեղծել էր մի շատ այցելվող տաղավար, որն անդրադառնում էր հիշողության և ճարտարապետության բարդ փոխհարաբերությանը։ Օգտագործելով Ինստիտուտի Հայկական ճարտարապետության եռաչափ մոդելների տվյալները՝ թիմը նախ հրահանգեց AI-ին գեներացնել հայկական ճարտարապետության ձևավորումներ, որոնք հետո փորագրվեցին տուֆի վրա և ցուցադրեցին Բիենալեում.

«Շատ հայկական հուշարձաններ կան, որոնք այժմ մեզ հասանելի չեն։ Դրանք միայն մեր հիշողություններում են։ Եվ քանի որ մեր ուղեղը մշտապես փոխակերպում է մեր հիշողությունները, այդ հուշարձանների մասին մեր պատկերացումները ևս անընդհատ խեղաթյուրվում են, — բացատրում է Հյուլէն, — Մտածեցինք՝ հետաքրքիր կլիներ տեսնել, թե ինչպես է AI-ը մեր հիշողությունները դարձնում ֆիզիկական։ Չնայած որ AI-ին տրամադրեցինք հայկական հուշարձանների մասին մեր ունեցած ողջ տեղեկատվությունը, այն միևնույն է գեներացրեց հալյուցինացիաներ, ինչը շատ լավ ցույց է տալիս, թե ինչպես է հիշողությունն աշխատում և ինչպես ենք մենք հիշում (կամ մոռանում) կորսվածը։ Մեզ համար կարևոր էր այս խնդիրները ներկայացնել Վենետիկի բիենալեի նման միջազգային իրադարձության շրջանակում։

Մարտահրավերներ

Իհարկե, աշխատանքն առանց մարտահրավեր չի լինում՝ ֆիզիկականից մինչև տեխնիկական։ Արշավների ֆիզիկական դժվարությունները չի կարելի թերագնահատել։ Թիմը հաճախ սկանավորում է դժվար հասանելի, հեռավոր վայրերում. իրականություն, որին առերեսվեցի ինքս Խոսրովի արգելոցում։ Հյուլէն մի դեպք է հիշում.

«Մի անգամ Սյունիքում էինք, որտեղ պետք է սկանավորեինք Ադրբեջանի սահմանից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող հուշարձան, և մեր վարորդն ինչ-որ պահի հրաժարվեց քշել՝ վախենալով սահմանին մոտենալուց։ Արդյունքում մեր թիմը, սարքավորումները ձեռքներին, մեկ կիլոմետր քայլեց։ Աշխատանքը հաճախ մեզ անհարմար վայրեր է տանում»։

setting laser scanner by team member - Թումոյի Հայկական մշակութային ժառանգության ինստիտուտը կյանքի է կոչում վտանգված հուշարձանները

Ինստիտուտի աշխատակիցը տեղադրում է լազերային սկանավորման սարքը, Բջնի, Հայաստան

Ինստիտուտի սարքավորումները՝ համակարգիչներից մինչև գրաֆիկական քարտեր, շատ թանկարժեք են, ինչը նաև բացատրում է մշակված եռաչափ մոդելների և սկանավորումների թվի միջև մեծ տարբերությունը։ Թիմը միշտ պատրաստ է համալրվելու, քանի որ այս աշխատանքի համար անհրաժեշտ հմտություններով մասնագետներ շատ դժվար է գտնել։ Թումոն շարունակում է պարբերաբար թումոցիների համար աշխատարաններ կազմակերպել (օրինակ եռաչափ մոդելավորման մասնագետ և նորարար լուսանկարիչ Ջեյսոն (Ջեյ) Պերեզի 10 աշխատարանները, որոնք նա անցկացնում է 2018 թվականից) ոչ միայն նրանց հուշարձաններ սկանավորել սովորեցնելու, այլև նրանց մեջ հուշարձանների հանդեպ հարգանք սերմանելու և հուշարձանների պահպանությանը նպաստելու համար։

«Ուսանողներին սովորեցնելը, թե որքան արժեքավոր են այս հուշարձանները, մեր աշխատանքի ևս մեկ կարևոր մասն է», — ասում է Հյուլէն։

Ապագան

Հյուլէն կարևորում է հուշարձանների սկանավորման աշխատանքների շարունակականությունը։ Նպատակն է սկանավորել Հայաստանի բոլոր հուշարձանները և անցնել այլ հուշարձանների, օրինակ, Արևմտյան Հայաստանում. «Ցանկանում ենք ճամփորդել, ստեղծել, լինել նորարար և երբեք չլինել չափազանց գոհունակ», — ասում է Հյուլէն։

Նրա կարծիքով Ինստիտուտի երկարատև հաջողությունը կլինի ոչ միայն ժառանգության պահպանումը, այլև փոխադրումը կենդանի ռեսուրսի, որն ապրում է մեր մշակութային իրականության մեջ։ Նպատակն այն է, որ Ինստիտուտի փաստագրած գիտելիքը, պատմություններն ու ձևերը ոգեշնչեն նոր ստեղծագործություններ և դառնան ամենօրյա կյանքի անբաժան մասը, ոչ թե զուտ լինեն ապակու հետևում պահպանվող արխիվային նմուշներ. «Մենք ուզում ենք, որ մարդիկ փոխհարաբերվեն մեր մատուցած բովանդակության հետ, դարձնեն այն իրենց սեփականը և դրա վրա նորը կառուցեն։ Ժառանգությունը չպետք է սառած մնա իր ժամանակի մեջ, այն պետք է շարունակի ապրել, ոգեշնչել և ձևավորել ժամանակակից մշակույթը»։