15 տարի առաջ Թումոն բացեց իր առաջին կենտրոնը Երևանում հստակ գաղափարով՝ պատանիներն արժանի են համաշխարհային մակարդակի կրթության տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում։ Կրթություն, որն ինքնակամ է, ոչ թե պարտադրված։
Այդ օրվանից ավելի քան 100.000 պատանի է անցել Թումոյով։ Նրանք հմտացել են դիզայնի և տեխնոլոգիաների ոլորտներում, բարելավել իրենց ուսումնական առաջադիմությունը, կերտել հաջողակ կարիերաներ, ընդլայնել իրենց աշխարհայացքը, ինչպես նաև կարևոր քայլեր են ձեռնարկել իրենց և իրենց համայնքների ապագայի համար։
Այսօր Հայաստանում և աշխարհում ամեն շաբաթ տասնյակ հազարավոր պատանիներ հաճախում են Թումո։
Սա իրականություն է դարձել Ձեր շնորհիվ։
Ուսանողները, շրջանավարտները, ծնողները, մարզիչները, դասընթացավարները, գործընկերներն ու բոլոր աջակիցներն օգնել են այս համարձակ գաղափարը վերածել միջազգային կրթական ցանցի, որտեղ խաչվում են տաղանդն ու հասանելիությունը, իսկ հնարավորությունները դառնում են իրական։
15-րդ տարում Թումոն կընդլայնվի Հայաստանում և աշխարհում
Առաջիկա տարիները պահանջելու են սուպերսովորողների նոր սերունդ։ Պատանիներ, որոնք յուրացրել են շարունակական կրթության արվեստը արագ փոփոխվող աշխարհում։ Ինչպես երբեք, տեխնիկական հմտությունները կարևոր կլինեն, բայց կարևոր կդառնան նաև ճկունությունը, դիմակայունությունը, ստեղծարարությունը և ապագան երևակայելու ունակությունը։
Թումոն ընդլայնվում է հասանելի դառնալու հարյուր հազարավոր նոր պատանիների։ Նոր տարածաշրջանները, նոր գործիքները և կրթական ոլորտներն ուսանողների առաջ սովորելու և ստեղծելու նոր հնարավորություններ են բացում։
Այս հոբելյանական տարվա ընթացքում կկիսվենք պատմություններով, ձեռքբերումներով և պահերով, որոնք ցույց կտան, թե ինչ է լինում, երբ երիտասարդներին ընձեռում են իրենց ապագան կերտելու գործիքները։
Շնորհակալ ենք պատանիների հանդեպ հավատի և Թումոյի կողքին լինելու համար։