#TUMO10. Նարեն ստարտափների աշխարհում

#TUMO10. Նարեն ստարտափների աշխարհում

Թումոն այս տարի 10 տարեկան է դառնում: Մենք «հետապնդում» ենք մեր առաջին ուսանողներին` տեսնելու, թե ինչպես են նրանց գործերը 10 տարի անց ու վերհիշելու, թե ինչպես սկսվեց Հայաստանի թումոյացումը: Սկսենք Նարե Գևորգյանից:

Նարեն Embry Tech ստարտափի համահիմնադիրն ու դիզայնի գծով տնօրենն է: Embry-ն կոշիկների համար նախատեսված խելացի ներդիրների ու հավելվածի համակարգ է, որը գրանցում է մարդու մարմնի քաշի փոփոխությունները, վերլուծում ֆիզիկական ակտիվությունն ու օգնում առողջ ապրելակերպ վարել. «Embry Tech-ում մենք մեր շուրջը dream team ենք հավաքել ու դուրս ենք եկել ԱՄՆ շուկա մեր արտադրանքով: Ինձ ու ամուսնուս` ընկերության տնօրեն Սարգիսին, սկզբում միացան Բոստոնից Հայաստան տեղափոխված սննդաբան Լիանան և կենսաբժշկական սարքավորումներով զբաղվող Լևոնը, իսկ այժմ թիմում արդեն 15 հոգի ենք: Մոտ երկու տարի առաջ մեզ է միացել նաև Եվա Գյուլզադյանը, ով դեռ 10 տարի առաջ իմ մարզիչն էր Թումոյում»,- ասում է Նարեն:

«Մեր ստարտափը բազմաթիվ մրցանակներ է ստացել, մեծ ներդրումներ ենք ներգրավել, հաղթել ենք WCIT19-ում, Փարիզում Viva Tech-ին Հայաստանն ենք ներկայացրել, բայց մեր գլխավոր հաջողությունն եմ համարում քաշի կառավարման ու ակտիվությանդ հետևելու ոլորտը նոր մակարդակի բարձրացնելը: Իր առողջությանը հետևող, բայց գրասենյակներում երկար ժամանակ անցկացնող մարդուն օգնելն այժմ ավելի բարձր որակ կարող է ստանալ»:

Ֆիզիկա, էրգոնոմիկա, հոգեբանություն, գունատեսություն. արտադրական դիզայնն իր մեջ ներառում է այս ամենն ու ոչ միայն: Հենց այդ պատճառով էլ Նարեն տարված է այդ ոլորտով պատանի տարիքից ու հենց այդ պատճառով էլ ստարտափի ստեղծումը պատահական չէր. «Փաստացի դու ստեղծում ես մի բան, որով մարդիկ իրենց կյանքն ավելի լավն են դարձնում: Թումոյում ամբողջ օրը արտադրական դիզայնից էի խոսում ու բախտս բերեց. իմ առաջին աշխատարանի ղեկավար Վազգեն Բրուտյանի հետ Թումոյում ստեղծեցինք Արդեան ստարտափը, որն ի վերջո դարձավ անկախ ընկերություն ու մեր ամբողջ ուսումնական թիմը դարձավ աշխատանքային թիմ: Գտնել, նկարել, արտադրել, փոխել, ձեռքով աշխատել. այս ստեղծագործ աշխատանքի արդյունքը հայկական տարբեր նախշերով շարֆերը, տան կիրառական իրերն ու բազմաթիվ ցուցահանդեսներն էին: Հաճելի է, երբ տարբեր երկրներում տեսնում եմ Արդեանի արտադրանքներն օգտագործող մարդկանց»,- ոգեշնչված պատմում է Նարեն:

«Մինչև Թումո գալս Pentium 3 համակարգիչ ունեի ու վրան հազիվ էի նստացրել դրա հետ անհամատեղելի Photoshop CS2-ը: Արդեն փոքր պատվերներ էի անում, dial-up ինտերնետով մի ձև ուսումնասիրում էի իմ կարծիքով արտադրական դիզայնի Լուվր հանդիսացող Yanko դիզայնում տեղադրված աշխատանքները»,- ասում է 2011-ին 18 տարեկանում Թումո ընդունված Նարեն: «Թումոյում շատ ակտիվ էի մասնակցում ամեն ինչին ու հատկապես, երբ 1 տարի անց ամուսնացա, բարեկամներս հարցնում էին, թե ինչիս է պետք Թումոն: Թումոյում էլ ինձ «միակ ամուսնացած թումոցու» պատվավոր տիտղոսն էին տվել: Բայց այս ամենն ինձ հեչ չէր նեղում, հակառակը, Թումոյում ամենաշատը հենց մթնոլորտն էր դուր գալիս»:

Այսպես, Թումոյում սկսվեց Նարեի` արտադրական դիզայնի կարիերան, իսկ հիմա նրան կարող եք գտնել Forbes-ի` տեխնոկանանց մասին հոդվածում Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանի հարևանությամբ:

Մի փաստ

«Ցուցահանդեսներից մեկի վրա աշխատելու մի փուլում Համասյան ու Մանսուրյան էի անընդհատ լսում: Ցուցանմուշները կախված էին Թումոյի առաջին հարկի մեծ պատին ու մի օր երկրորդ հարկով անցնելուց միամիտ տեսա Համասյանին ու Մանսուրյանին դրանց ֆոնին նստած: Անգամ չհասկացա էլ` ինչ միջոցառում էր, շոկ ապրեցի, աչքերս լցրեցի ու գնացի հետ գործիս»:

img 0876 - #TUMO10. Նարեն ստարտափների աշխարհում