TUMO x Rise. դիմելու քո ուղեցույցը

TUMO x Rise. դիմելու քո ուղեցույցը

Այս տարի առաջին անգամ Հայաստանը մասնակցում է Rise ծրագրին և Թումոն հանդիսանում է այս միջազգային կրթական բարեգործական նախաձեռնության պաշտոնական գործընկերը: Եթե 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ 15-17 տարեկան ես, եթե նախաձեռնող ես, անտարբեր չես մարդկության առջև ժամանակակից աշխարհում ծագած խնդիրներին և անգլերենդ բավարար է դիմում լրացնելու և քեզ ներկայացնելու համար, ապա այս բացառիկ կրթական հնարավորությունը քեզ համար է:

Ի՞նչ է RISE-ը

1 միլիարդ դոլար ֆինանսական պարտավորությամբ այս ծրագիրը հայտարարվել է 2019-ին Google-ի նախկին գործադիր տնօրեն Էրիկ Շմիդտի և իր կնոջ` Վենդի Շմիդտի Schmidt Futures բարեգործական նախաձեռնության և Անգլիայի Օքսֆորդի համալսարանում հիմնադրված Rhodes Trust կրթական բարեգործական ծրագրի համագործակցությամբ:
Ծրագիրը նպատակ ունի աջակցել 15-ից 17 տարեկան պատանիների` աշխարհի ավելի քան 170 երկրներից և այժմ նաև Հայաստանից: Rise-ի շահառուները հնարավորություն են ստանում ամբողջ կյանքի ընթացքում օգտվել մի շարք առավելություններից` կրթաթոշակներ, մենթորություն, ֆինանսավորման և կարիերայի զարգացման հնարավորություններ: Rise-ի համայնքում ընդգրկվելու համար դիմորդները պետք է լրացնեն ծրագրի դիմումը և իրականացնեն նախագիծ, որն ուղղված է լուծելու հանրության ամենահրատապ խնդիրները և մարդկության առջև ծագած մարտահրավերները:

rise banner new eng առմ - TUMO x Rise. դիմելու քո ուղեցույցը

Ի՞նչ է տալու քեզ RISE-ը

– Կրթական աջակցություն

– Մենթորության և կարիերայի զարգացման հնարավորություններ

– Մասնագիտացված ծրագրերի և դասընթացների հասանելիություն

– Ծրագրի գագաթնաժողովին մասնակցության հնարավորություն

– Հասանելիություն հաղթողների համաշխարհային ցանցին

Մասնակցության նախապայմաններ

– Լինել 15-ից 17 տարեկան 2024թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ

– Անգլերենի բավարար իմացություն

rise blog - TUMO x Rise. դիմելու քո ուղեցույցը

ՄՐՑՈՒՅԹԻ ՓՈՒԼԵՐԸ

  1. Գրանցում կայքում.
    Կայքում գրանցվելուց պետք է կարճ հոլովակի կամ տեքստի միջոցով պատասխանել մի քանի հարցի: Մարդկության առջև ծառացած խնդիրներից ո՞րն ես ցանկանում լուծել, ո՞րն է քո մոտիվացիան, ինչպիսի՞ խոչընդոտների ես հանդիպել կյանքում և ինչպե՞ս ես հաղթահարել դրանք, որո՞նք են քո ձեռքբերումները, որոնցով հպարտանում ես: Այս փուլում նաև կպատմես, թե ինչպես ես օգնում ուրիշներին` լինի դա կամավորական աշխատանք, թե պարզապես ընտանիքի անդամների մասին հոգատարություն, և առհասարակ ի՞նչ պետք է իմանան ծրագրի կազմակերպիչները քո մասին:
  2. Նախագծի իրականացում.
    Անհրաժեշտ է 0-ից ստեղծել նախագիծ, որը կկարողանաս իրականացնել քո դիմելու օրվանից մինչև հունվարի 17-ը` դիմումերի վերջնաժամկետը: Դա կարող է լինել պրոդուկտ, բիզնես, ծրագրային ապահովման ծառայություն, սոցիալական ծառայություն, հասարակական կամ քաղաքական շարժում, երաժշտություն, նկար, ֆիլմ կամ պերֆորմանս: Գաղափարը մեկն է` լինել ստեղծագործ և իրագործել նախագիծ, որը օգուտ կբերի մարդկանց` քո համայնքից սկսած մինչև ամբողջ աշխարհի բնակչությանը:

    2021-ի հաղթողներից է Հնդկաստանից Գարիման: Նրա իրագործած Rise նախագիծը բարձրացնում է Հնդկաստանում կանանց դեմ հանցագործությունների մասին իրազեկվածությունը և սովորեցնում է նրանց ինքնապաշտպանության մեխանիզմներ` պաշտպանվելու նման հարձակումներից: Վերջերս Գարիման ընտրվեց որպես Համաշխարհային գրագիտության հիմնադրամի դեսպան Հնդկաստանից:
    Իսկ հաղթողներից Նիգերիայից Նաոմին իր Rise նախագծի շրջանակում ստեղծել է կայք իր հայրենակիցների համար, որտեղ ներառված են հոդվածներ և տեսանյութեր առողջապահական ոլորտի մասնագետներից, որոնք բացատրում են, թե ինչու է կարևոր առողջությանը հետևելը:
    Իտալիայից Իլարիան, ոգեշնչված իր անձնական փորձից, ստեղծել է մի կայք, որի նպատակն է կանխել սննդային վարքի խանգարումները:Անցած տարիների հաղթողների և նրանց իրագործած նախագծերի մասին ամբողջական ինֆորմացիան կգտնես այստեղ:
  3. Անցնել նախագիծն ավարտին հասցնելու համար պահանջվող 3 փուլերով.
    Երբ արդեն սկսես իրականացնել նախագիծդ, պետք է յուրաքանչյուր փուլի ժամանակ վիդեո հոլովակների միջոցով կիսվես քո անցած ճանապարհով: Ինչպե՞ս ես ընտրել նախագծի թեման, ինչպե՞ս ես այն իրականացնում և, իհարկե, նախագիծն իրականացնելուց հետո կրկին ապացույցների միջոցով (վիդեո/ֆոտո) պատմիր վերջնական արդյունքի մասին:Այստեղ կնշես, թե ո՞րն է Rise-ին մասնակցելու համար քո ընտրած թեման, ինչո՞ւ ընտրեցիր հենց այդ թեման, ո՞ր խնդրին է այն լուծում տալիս, ինչպե՞ս ես հետազոտել այն, ինչո՞ւ ես կարծում, որ քո նախագիծը լավ միջոց է այդ խնդիրը լուծելու համար: Կնշես նաև, թե նշված 50 թեմաներից ո՞ր երեքին է անդրադառնում նախագիծդ:
  4. Լրացնել դիմումի շարունակությունը.
    Տալ ավելի շատ ինֆորմացիա քո կրթության, ձեռքբերումների և ձգտումների մասին:
  5. Երբ հաջողությամբ հաղթահարես վերը նշված բոլոր փուլերը, հնարավորություն կունենաս անցնել ծրագրի երկրորդ մասին` վերանայել մյուս մասնակիցների նախագծերը, առանձնացնել քո համար առավել հետաքրքիր և ոգեշնչող նախագծերը և մեկնաբանել դրանք:
  6. Անցնել վիկտորինա և խաղ.
    Այս փուլը, ի դեպ, բաց է դիմումը լրացնելու պահից սկսած:

ԿԱՐԵՎՈՐ

Նախագիծդ պետք է սկսես իրագործել ծրագրին դիմելու պահից սկսած: Որքան ուշ դիմես, այնքան ավելի քիչ ժամանակ կունենաս նախագծի իրականացման համար: Նախագծի երեք փուլերի համար պահանջվող վիդեո հոլովակները կարող ես խմբագրել մինչև հունվարի 17-ը: Սակայն, հունվարի 17-ին, տեղական ժամանակով ժամը 20:59-ին քո նախագիծը պետք է բերված լինի իր վերջնական տեսքին` առանց պակասող բաղադրիչների:

Հաղթողների ընտրությունը

– Առաջին փուլում նախագծերը գնահատում են պատահականության սկզբունքով ընտրված մյուս մասնակիցները` հաշվի առնելով մասնակցի կողմից դիմումի մեջ ներառված ամբողջ ինֆորմացիան:

– Այնուհետև ամենաբարձր միավորներ ստացած հայտերը վերանայվում են հանձնաժողովի կողմից: Այն ներառում է համաշխարհային փորձագետներ, որոնք աշխատում են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կրթությունը, շահույթ չհետապնդող կազմակերպությունները և այլն:

– Արդյունքում առավելագույնը 500 պատանիներ անցնում են եզրափակիչ փուլ, որում նրանք մասնակցում են մի շարք միջոցառումների և հարցազրույցների:

– Վերջին փուլում այս դիմորդները գնահատվում են Schmidt Futures-ի և Rhodes Trust-ի վերանայման հանձնաժողովի կողմից, որն ընտրում է 100 հաղթողների:

Դիմելու վերջնաժամկետը

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2024թ.-ի հունվարի 17-ն է:
Վերջնաժամկետը ներառում է գրանցման, նախագծի իրականացման, և մյուս մասնակիցներին գնահատելու փուլերը:

Ծրագրի 100 հաղթողների անունները կհայտարարվեն 2024թ.-ի աշնանը կամ դրանից շուտ:

Բոլոր հետաքրքրված պատանիները կարող են դիմել ծրագրին այս հղումով:

Ծրագրի արդեն կայացած միջոցառումների ձայնագրությունները կգտնես այստեղ:

Ծրագրի սպասվող միջոցառումներին կարող ես գրանցվել այստեղ, հիշիր, որ միջոցառումների ժամերը նշված են Գրինվիչի ժամանակով (GMT)։

Ծրագրի կանոններին ծանոթացիր այստեղ:

Rise-ի յութուբյան էջում կգտնես ինֆորմացիոն հոլովակներ ծրագրի մասին:

Կամավորության մասին

Եթե մեծ ցանկություն ունես ծրագրին մասնակցելու, բայց չես կարողանում դա անել տարիքային սահմանափակման պատճառով, ապա մենք ունենք լավ նորություն: Ծրագրին պետք են նաև կամավորներ` 21 տարեկանից բարձր:

Կամավորները կատարում են երկու հիմնական դեր`

– Վերանայում են դիմորդների` հայտի մեջ ներառված նախագծերը


– Գնահատում են եզրափակիչ փուլ անցած 500 մասնակիցներին

Մասնակցության նախապայմաններ

– Լինել 21 տարեկանից բարձր

– Ունենալ համապատասխան փորձ

– Տիրապետել անգլերենին

– Չունենալ ազգակցական կապ և մտերիմ հարաբերություններ այս տարվա դիմորդների հետ

– Վերջին երկու տարիների ընթացքում դիմած չլինել Rise ծրագրին

Ի՞նչ կտա ինձ որպես կամավոր մասնակցությունը

– Ուսուցում և զարգացում. կծանոթանաս մասնակիցների ընտրության համար օգտագործվող Rise-ի նորարարական գործիքներին

– Հաղորդակցվելու հնարավորություն քո հասակակիցների և ոլորտի մասնագետների հետ ամբողջ աշխարհից

– Մասնակցության հնարավորություն մի շարք հետաքրքիր և զվարճալի միջոցառումների

– Եվ ի վերջո, կօգնես բացահայտել այն երիտասարդներին, որոնք մի օր կարող են փոխել աշխարհը


​​
Հավելյալ հարցերի դեպքում կարող ես կապվել մեզ հետ rise@tumo.org էլ․ հասցեով։