Ձեռք ձեռքի. Թումո ստուդիաների Hand by Hand նախաձեռնությունը

dsc08396 - Ձեռք ձեռքի. Թումո ստուդիաների Hand by Hand նախաձեռնությունը

Ձեռագործությունը հոգու լեզուն է։
— Մ. ԳԱՆԴԻ

Երիտասարդներին անվճար արհեստագործական կրթություն տրամադրող Թումո ստուդիաներում գործում է մի հատուկ նախաձեռնություն՝ Hand by Hand (Ձեռք ձեռքի) խոսուն անվանումով։ Նախաձեռնությունը միավորում է Արցախից տեղահանված կանանց, որոնք ստեղծում և վաճառում են կրելի, շոշափելի և ամենօրյա կիրառության էսթետիկ իրեր՝ դրանց հաղորդելով իրենց հիշողությունների նուրբ երանգները։

Նրանք շատ տարբեր բնագավառների և մասնագիտությունների մարդիկ են՝ կենսաբան, հաշվապահ, իրավաբան, որոնք ձեռագործ աշխատանքի և Թումո ստուդիաների տեխնիկական և կազմակերպչական օժանդակության շնորհիվ ձեռք են բերում ֆինանսական կայունություն և ստեղծագործելու միջոցով սփոփվելու հնարավորություն։

Ինչպես սկսվեց Hand by Hand-ը

2023 թվականին հազարավոր արցախցիներ ստիպված լքեցին իրենց տները՝ հայրենիքում թողնելով գորգագործության, խեցեգործության, հելունագործության և շատ այլ արվեստների դարավոր ժառանգությունը: Բարեբախտաբար, արհեստագործության ավանդույթները չվերացան, դրանք շարունակեցին ապրել՝ շնորհիվ անհատների, որոնք իրենց փոքրիկ բեռնապարկերով Հայաստան բերեցին ահռելի ստեղծագործական փորձառություն, հմտություններ ու հիշողություններ։

Թեև սկզբնապես Հայաստան եկած արցախցիներն անորոշ սոցիալական և ֆինանսական կացության մեջ էին հայտնվել, նրանք նախևառաջ ոգեշնչման և ուշադրության կարիք ունեին, որպեսզի կրկին հյուսվեր ստեղծարարության պատմությունը և վերածնվեր Արցախի մշակույթը նոր հայրենիքում։

screenshot 2025 08 28 at 14.17 - Ձեռք ձեռքի. Թումո ստուդիաների Hand by Hand նախաձեռնությունը

Թումո ստուդիաներն առաջիններից էր, որ զգաց պահի հրամայականն ու կապ հաստատեց տեղահանված արցախցիները հետ՝ բաց կանչով հավաքագրելով արհեստագործների տվյալները, որի նպատակն էր աջակցել արցախցիներին` արտադրելու ձեռագործ իրեր, ինչը ոչ միայն կնպաստեր Արցախի հարուստ մշակութային ժառանգության պահպանմանը, այլև ֆինանսական օժանդակություն կդառնար նրանց համար։ Սա դարձավ Hand by Hand նախաձեռնության սկիզբը։

Նախաձեռնության անդամ, մասնագիտությամբ իրավաբան Մետաքսյա Ավետիսյանը պատմում է.

«Ձեռագործությամբ առաջին անգամ սկսեցի զբաղվել 90-ականների Արցախյան պատերազմի ժամանակ։ Հաջորդ անգամ հելունն ու շյուղերը ձեռքս առա 2020-ի պատերազմի ժամանակ, երբ գլխարկներ էի գործում զինվորների համար։ Եվ վերջին անգամ՝ 2023-ի տարհանումից հետո, երբ սկսեցի համագործակցել Թումո ստուդիաների հետ: Հուսով եմ, որ այլևս ձեռագործությունը չեմ կապի պատերազմի հետ»։

Եթե ցանկանում եք աջակցել Մետաքսյային և Hand by Hand նախագծին՝ շարունակելու ստեղծագործել և ֆինանսական կայունություն ձեռք բերել, այցելեք այս հղումով։

Hand by Hand-ի արտադրանքների հիմնական ուղղությունը հելունագործությունն է։ Դրանք բազմազան են՝ բրդյա վզնոցներ, գործած պայուսակներ, հարմարավետ ծածկոցներ, բամբակե պայուսակներ, բաժակների տակդիրներ և տոնածառի խաղալիքներ, որոնք արդեն ունեն իրենց հավատարիմ գնորդների շրջանակը։

Hand by Hand-ի արհեստագործ, մասնագիտությամբ կենսաբան Գայանե Մարգարյանը երկու անգամ է տեղահանվել. 44-օրյա պատերազմից հետո Արցախի Ակնաղբյուր գյուղից ստիպված տեղափոխվել է Ստեփանակերտ, ապա 2023 թվականին եկել է Հայաստան.

«Ցանկացած հարթակում տրված էներգիան մեզ իրապես անհրաժեշտ է, — նշում է Գայանեն, — այսօր արցախցու համար չափազանց կարևոր է լինել ինչ-որ ձևով զբաղված, իրեն օգտակար զգալ և հասկանալ, որ ինքն ուշադրության է արժանանում։ Սա շատ կարևոր է»։

Գայանեն դասավանդել է կենսաբանություն Արցախի պետական համալսարանում և երկար տարիներ իր ուսանողների հետ ուսումնասիրել է արցախյան բազմաշերտ բուսականությունը։ Այդ պատճառով նրա ձեռագործ աշխատանքները հարուստ են գեղեցիկ բուսանախշերով:

dsc02935 - Ձեռք ձեռքի. Թումո ստուդիաների Hand by Hand նախաձեռնությունը

Գայանեի ձեռագործ աշխատանքները կարող եք ձեռք բերել Արամի 44 հասցեում՝ Թումո ստուդիաների վաճառասրահում, կամ առցանց՝ այս հղումով։

Որտե՞ղ է մեր ապաստարանը

Հունիսի 8-ին՝ Թումո ստուդիաների հիմնադրման 8-րդ տարեդարձին ու նորամուտին, Արամի 44-ում ցուցադրված էր Hand by Hand-ի «Որտե՞ղ է մեր ապաստարանը. հյուսված հիշողություններից և հույսից» խմբային ինստալյացիան։ Այն գործվածք էր, որ մի ամբողջ սենյակ էր զբաղեցնում՝ իր մեջ առնելով ներս մտնող այցելուներին և ուղեկցվում էր հեղինակ կանանց վկայությունների ձայնագրությամբ։ Աշխատանքի գաղափարը կապված է տունը կորցնելու և վերգտնելու թեմաների հետ։

a m01136 - Ձեռք ձեռքի. Թումո ստուդիաների Hand by Hand նախաձեռնությունը

«Ի՞նչ է նշանակում «տուն», երբ ստիպված ես լինում լքել այն ընդմիշտ։ Կարո՞ղ է արդյոք ձեռքերի ջերմությունը դառնալ նոր տան հիմքը», — հարցնում է գործն ուղեկցող գրությունը։ Ու թերևս այս հարցի լավագույն պատասխանը տալիս են հենց իրենք՝ արցախցի տեղահանված կանայք, որոնք մի քանի բռնի տեղահանումից ու աննկարագրելի դժվարություններ հաղթարահարելուց հետո ուժ են գտնում ստեղծագործելու և իրենց աշխատանքի միջոցով ֆինանսական կայունություն ձեռք բերելու համար։

«Ձեռագործության մեջ ես գտա իմ հոգու հանգստությունը և փորձեցի փոխանցել բոլորին սեր ու ջերմություն», — խոստովանում է Hand by Hand-ի նախաձեռնության անդամ Անին, որն իրեն հոգով արցախցի է համարում, իսկ սրտով` կապանցի։

q9a5874 - Ձեռք ձեռքի. Թումո ստուդիաների Hand by Hand նախաձեռնությունը

«Յուրաքանչյուր տարր ձեռագործ է՝ ստեղծված լռության, մտահոգության ու տան փնտրտուքների խաչմերուկում։ Սա պարզապես գործվածք չէ։ Սա միասնական դիմակայունության վերականգնման քայլ է՝ հենք հոգատարության և հիշողության», — նշում է Թումո ստուդիաների նորաձևության բաժնի պատասխանատու, ինստալյացիայի համադրող Մարթա Մինասյանը։

Տեղահանված արցախցի կանանց այս հուզիչ և անչափ խոսուն աշխատանքը մեծ հետաքրքրություն առաջացրեց այցելուների շրջանում և հետագայում ցուցադրվեց նաև AGBU FOCUS 2025 ֆորումի ընթացքում, որին ներկա էին շուրջ 600 երիտասարդ աշխարհի ամենատարբեր անկյուններից։ Իսկ մինչև այս տարվա նոյեմբեր ամսվա վերջ այն տեղ կգտնի Ժողովրդական արվեստների թանգարանում՝ Կերպի ձևը ցուցահանդեսի շրջանակում։

Hand by Hand-ի հաջողությունը և հետաքրքրությունն ստիպեց Թումո ստուդիաներին մտածել նախաձեռնության աշխարհագրությունն ընդլայնելու մասին՝ ներառելով նաև այլ խոցելի խմբերի ստեղծագործողներին և արհեստագործներին։ Այս տարի նախատեսվում է ներգրավել Հայաստանի տարբեր համայնքներից 50 արհեստագործի։
Դուք նույնպես կարող եք աջակցել Թումո ստուդիաների այս բարդ և անշահախնդիր նախաձեռնությանը. որքան ավելի շատ Hand by Hand-ի արտադրանքներ վաճառվեն, այնքան բարձր կլինի Թումո ստուդիաների նպատակներն իրականացնելու հավանականությունը։

Ստուդիաների նախաձեռնությունը շղթա է, որի բոլոր օղակները նուրբ թելերով հյուսված են մեկը մյուսին։ Եթե արհեստագործները ստանան շատ պատվերներ, նախաձեռնությունն ավելի ճանաչելի կդառնա։ Այսպիսով կընդլայնվի արհեստագործների թիվը, նրանք կկարողանան ավելի շատ ձեռագործ արտադրանքներ ստեղծել ու հիմնել կայուն բիզնես։ Եվ այսպես շղթան կշարունակվի։

Hand by Hand-ի ձեռագործ արտադրանքները կարելի է տեսնել, շոշափել ու ձեռք բերել Արամի 44 հասցեում գտնվող Թումո ստուդիաների վաճառասրահում, գտնել առցանց կամ անհատական պատվեր կատարել՝ գրելով նախաձեռնության Ինստագրամի էջին:

Ինչպես նաև կարող եք նվիրաբերել Թումո ստուդիաներին այս հղումով և նպաստել Հայաստանում մրցունակ արհեստագործական համայնքի զարգացմանը և մշակութային ժառանգության պահպանմանը։