Թումոյի նախագծած գերժամանակակից տաղավարով Հայաստանը ներկայանում է «Էքսպո 2025, Օսակա» համաշխարհային ցուցահանդեսին

Նախորդ տարվա վերջում Թումոն ստացավ մի առաջարկ, որից չէր կարող հրաժարվել. ստեղծել Հայաստանի ազգային տաղավարն աշխարհի ամենանշանավոր և մեծամասշտաբ «Էքսպո 2025, Օսակա» համաշխարհային ցուցահանդեսի համար:

image - Թումոյի նախագծած գերժամանակակից տաղավարով Հայաստանը ներկայանում է «Էքսպո 2025, Օսակա» համաշխարհային ցուցահանդեսին

Համաշխարհային ցուցահանդեսն անցկացվում է դեռ 1851 թվականից` ամեն հինգ տարին մեկ աշխարհի տարբեր քաղաքներում: Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվում են մարդկության նորագույն ձեռքբերումները տեխնոլոգիաների, առողջապահության, տնտեսության և այլ ոլորտներում: Այս ցուցահանդեսի ընթացքում առաջին անգամ ներկայացվել են հեռախոսը, հեռուստացույցը, CD-ն և այլ կարևոր հայտնագործություններ, ցուցահանդեսի համար են կառուցվել Փարիզի Էյֆելյան աշտարակը, Լոնդոնի Ապակե պալատը, Բրյուսելի Ատոմիումը և այլն։

Ցուցահանդեսին առանձին տաղավարներով ներկայանում են հարյուրավոր երկրներ, և միլիոնավոր այցելուներ են գալիս, ուստի` Հայաստանի ազգային տաղավարը, որը պետք է իրականացվեր շատ սեղմ ժամկետում, մեծ պատասխանատվություն էր պահանջում: Թումոն ոչ միայն ընդունեց Էկոնոմիկայի նախարարության առաջարկը, այլ, մեծ նվիրմամբ աշխատելով, ստեղծեց մի համարձակ տաղավար, որը միջազգային բարձր հարթակում ներկայացնում է հայաստանյան նորարարության ներուժը։

Ապրիլի 13-ից պաշտոնապես բացված ցուցահանդեսում Հայաստանը ներկայացավ Թումոյի նախագծած «Այսօրվա և վաղվա սյուները» խորագիրը կրող տաղավարով: Այն ներկայացնում է Հայաստանի խոշորագույն նորարարական նախագծերը, պատմամշակութային ժառանգությունը, բարենպաստ ներդրումային պայմանները և, իհարկե, ապագային միտված կրթական նախաձեռնությունները՝ Թումոն, ՔՈԱՖ-ը, Արմաթը:

657a0365 - Թումոյի նախագծած գերժամանակակից տաղավարով Հայաստանը ներկայանում է «Էքսպո 2025, Օսակա» համաշխարհային ցուցահանդեսին

«Այսօրվա և վաղվա սյուները» տաղավարի այցելուներին դիմավորում են ութ սյուները, որոնց հատույթներում եռաչափ տպագրված մոդելները կենդանություն են ստանում լուսային պրոյեկցիաների միջոցով: Սյուներից չորսը խորհրդանշում են Հայաստանի «այսօրը»` պատմությունը, մշակույթը, նորարարությունը և տարածաշրջանային հնարավորությունները, իսկ մյուս չորսը` Հայաստանի «վաղվա օրը»՝ Հայաստանում և աշխարհում կրթության ապագան:

«Թումոն ստանձնել է տաղավարի ճարտարապետական և տեխնիկական մշակումը, եռաչափ մոդելների և համապատասխան վիդեոպրոյեկցիաների նախագծումը, ինչպես նաև կառուցման և տեղադրման գործընթացի աջակցությունը», — պատմում է Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը. «Վեց ամսվա ընթացքում սպասվում է, որ մոտ կես միլիոն այցելու կմտնի Օսակայում գտնվող Հայաստանի տաղավար։ Նրանք հնարավորություն կունենան ծանոթանալու ավանդույթի և նորարարության թեմաներին, որոնք ներկայացված են ութ սյուների միջոցով և ականատես կլինեն հայկական դիզայնի որակին ու օրիգինալությանը, որտեղ տեխնոլոգիան ու արվեստը ներդաշնակորեն միահյուսված են»։

657a0374 - Թումոյի նախագծած գերժամանակակից տաղավարով Հայաստանը ներկայանում է «Էքսպո 2025, Օսակա» համաշխարհային ցուցահանդեսին

Հայաստանի ապագան խորհրդանշող սյուները ներկայացնում են նաև տեխնոլոգիական, նորարարական կրթության փիլիսոփայությունը, դրա ազդեցությունը, ինչպես նաև հունիսի 1-ին բացվող Թումո Գունմայի նախագիծը, որն Ասիայում Թումոյի առաջին միջազգային կենտրոնն է լինելու և ընդունելու է շաբաթական 1000 ուսանող: Ճապոնիայում Թումո կենտրոնի գործարկումը կարևոր քայլ է հայկական կրթական և տեխնոլոգիական մոդելի միջազգային առաջմղման տեսանկյունից։

«Մեզ համար կարևոր է ապահովել նոր ուսումնական հնարավորություններ ճապոնացի պատանիների համար, ինչպես նաև սովորել միջազգային գործընկերներից։ Հատկապես, հաշվի առնելով, որ Ճապոնիան տեխնոլոգիաների և նորարարության համաշխարհային առաջամարտիկներից է», — նշում է Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը:

657a0085 - Թումոյի նախագծած գերժամանակակից տաղավարով Հայաստանը ներկայանում է «Էքսպո 2025, Օսակա» համաշխարհային ցուցահանդեսին

Թումո Գունման համալրելու է Թումոյի միջազգային քարտեզը: Թումո կենտրոններ արդեն գործում են Եվրոպայի և աշխարհի մի շարք այլ երկրներում՝ Ֆրանսիայում, Պորտուգալիայում, Լիբանանում, Ալբանիայում, ինչպես նաև նոր կենտրոններ են նախատեսվում, Արգենտինայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում և այլուր:

«Էքսպո 2025, Օսակա» համաշխարհային ցուցահանդեսը կարևոր հարթակ է, որտեղ աշխարհի երկրները համախմբվում են՝ ստեղծելով երկխոսություն և միասնական լուծումների հնարավորություն տարբեր գլոբալ խնդիրների շուրջ, ինչպիսիք են համաճարակները, կլիմայի փոփոխությունն ու անհավասարությունը: Թումոյի նախագծած տաղավարով Հայաստանը միանում է ապագային միտված համաշխարհային երկխոսությանը՝ դառնալով գլոբալ համայնքի կարևոր մասը։