Թումո 2024. հնարավորությունների ստեղծման տարի

Թումո 2024. հնարավորությունների ստեղծման տարի

2024-ը կառուցելու և դռներ բացելու տարի էր Թումոյի համար: Ամփոփենք տարվա այն ձեռքբերումները, որոնց շնորհիվ նորարարական կրթությունը Հայաստանի բոլոր պատանիների համար հասանելի դարձնելու մեր նպատակն այժմ ավելի մոտ է, քան երբևէ:

Ամբողջական թումոֆիկացում Վայոց ձորում

p armenia - Թումո 2024. հնարավորությունների ստեղծման տարի

Ոչինչ չպետք է խոչընդոտի կյանքեր փոխող հնարավորությունների ստեղծմանը՝ անգամ շինարարական աշխատանքները: Վայոց ձորի հարյուրավոր պատանիների համար Թումոն օր առաջ հասանելի դարձնելու նպատակով սեպտեմբերին գործարկեցինք Եղեգնաձորի Թումոն՝ 6 տուփերից բաղկացած ժամանակավոր կենտրոնի միջոցով:

Ժամանակավոր կենտրոնի և Վայքի, Արենիի, Ջերմուկի ու Շատինի Թումո տուփերի շնորհիվ Վայոց ձորը դարձավ երրորդ մարզը, որտեղ Թումոն հասանելի է մարզի բոլոր պատանիների համար:

Կենտրոնում և տուփերում տեխնոլոգիաների և դիզանի 14 ոլորտների հմտություններ են արդեն ստանում շուրջ 700 պատանիներ՝ մասնակցելով թումոյական կրթության ամբողջ ցիկլին՝ ինքնուսուցումից մինչև աշխատարաններ:

Հաջորդը Լոռին է լինելու:

Այցելե՛ք armenia.tumo.org՝ իմանալու համար, թե ինչպես կարող եք օգնել մեզ ապագայի հմտություններով զինել Հայաստանի բոլոր՝ անգամ ամենահեռավոր և սահմանամերձ համայնքներում ապրող պատանիներին:

8 նոր Թումո տուփ Հայաստանի պատանիներին

Վայոց ձորում, Լոռիում, Արարատում և Գեղարքունիքում ապրող մոտ 3000 պատանի միացավ մեր թումոյական ընտանիքին այս տարի: Ջերմուկում, Դսեղում, Սպիտակում, Ալավերդիում, Գավառում, Մխչյանում, Օձունում և Շատինում բացված Թումո տուփերի շնորհիվ 21-րդ դարի կրթությունը առօրյա կյանքի մաս է դարձել այն համայնքներում, որտեղ մինչ այս արգելքներն ավելի շատ էին, քան հնարավորությունները:

Թումո կենտրոններից 30-40 րոպեի հեռավորության վրա գտնվող այս կոմպակտ ուսումնական տարածքները պատանիներին օգնում են իրացնել սեփական ներուժը սեփական համայնքում:

«Թումոյի շնորհիվ ձեռք եմ բերում հմտություններ, որոնք անիրատեսական էին թվում: Ապագան ինձ համար հիմա ավելի խոստումնալից է թվում», – ասում է Թումո Ջերմուկի ուսանող Անդրանիկը:

Մեր նպատակը քարտեզի վրա նոր կետեր ավելացնելը չէ՝ իրական փոփոխություններ ստեղծելն է: Այն դեպքերում, երբ մեկ Թումո տուփը բավարար չէ համայնքի բոլոր պատանիներին որակյալ կրթությամբ ապահովելու համար, գործարկվում է երկրորդը (ինչպես այս տարի արվեց Գավառում և Սպիտակում):

Հայաստանում այս պահին 37 Թումո տուփերի շնորհիվ կրճատվում է հեռավորությունը պատանիների և 21-րդ դարի կրթության միջև։

3 նոր Թումոներ Եվրոպային

p 2 1 - Թումո 2024. հնարավորությունների ստեղծման տարի

Այս տարի Թումո կենտրոններ բացվեցին Լիսաբոնում, Մարսելում և Մանհայմում:

Մեր միջազգային ցանցի ընդլայնումը ծառայում է երեք կարևոր նպատակի՝

  • տարեցտարի ավելի ենք ամրապնդում Հայաստանի դիրքը որպես գիտելիքի և նորարարություն արտահանող,
  • արտերկրի մասնագետներից ստացվող կարծիքների օգնությամբ շարունակաբար կատարելագործում ենք մեր ուսումնական մոդելը,
  • ֆրանչայզինգի վճարների շնորհիվ կարողանում ենք ֆինանսավորել Հայաստանի պատանիներին անվճար կրթության տրամադրումը:

Այսօր մեր միջազգային ցանցն ընդգրկում է 7 երկրում գործող 10 կենտրոն, և սա միայն սկիզբն է։ 2025-ին մեր կրթական մոդելը կհասնի նոր մայրցամաքներ՝ գործարկվելով Հիրշայդում, Լյուդենշայդում, Ամստերդամում, Լոս Անջելեսում, Տակասակիում, Բուենոս Այրեսում, Պորտոյում և Էսսենում։

Միջազգային ճանաչում մեր ԱԲ ծրագրին

Արհեստական բանականության (ԱԲ) կիրառման մեր մոտեցումն այս տարի ուշադրության արժանացավ մի շարք առաջատար միջազգային կազմակերպությունների կողմից:

Օգոստոսին մեր AI Coach ծրագիրը դարձավ հեղինակավոր Tools Competition-ի գլխավոր մրցանակակիցներից մեկը՝ ընտրվելով ավելի քան 1900 հայտերից: OpenAI, Bill and Melinda Gates Foundation, Schmidt Futures և Ballmer Group ընկերությունների աջակցությամբ իրականացվող այս մրցույթում հաղթանակը կարևոր ձեռքբերում էր մեզ համար:

Սեպտեմբերին UNESCO-ի հրավերով մեկնեցինք Փարիզ, որտեղ Թվային ուսուցման շաբաթվա շրջանակում ներկայացրեցինք, թե ինչպես ենք թումոցիներին օգնում օգտագործել ԱԲ-ն իրենց կրթական նպատակները իրագործելու համար:

Իսկ հոկտեմբերին տեղեկացանք, որ մեր ԱԲ ծրագիրը 2024-2025 թվականների WISE Prize for Education մրցույթի եզրափակիչ փուլ անցած վեց նախագծերից մեկն է և պաշտոնապես հավակնում է 1 միլիոն դրամ արժողությամբ պարգևին:

Միջոցառումներ բոլորին

Թումոն առաջին հերթին ուսանողների համար է: Բայց դա չի նշականում, որ Թումոն միայն ուսանողների համար է: Ժամանակ առ ժամանակ Թումոյի դռները բացվում են լայն հանրության առաջ՝ հարյուրավոր անձանց համախմբելով արվեստի, մշակույթի և նորարարության շուրջ:

Փետրվարին Գյումրիում նշեցինք արդեն նաև Թումոյի համար ավանդական դարձած Բարեկենդանը՝ դիմակների պատրաստման աշխատարաններով, Հենրիկ Մալյանի անվան թատրոնի ներկայացմամբ, տոնի ավանդական ուտեստների պատրաստման վարպետության դասով, Թումոյի «Ուրու» և «Կանգուն» բենդերի համերգով, լարախաղացով, պարերով և խաղերով:

Մայիսին Թումո Երևանում հյուրընկալեցինք Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) Digital Day միջոցառումը, որի ընթացքում տեղի ունեցան քննարկումներ նորարարության, արհեստական բանականության և այլ թեմաներով ու EBRD-ի, Nasdaq-ի, Microsoft-ի, Flagship Pioneering-ի և Moderna-ի փորձագետների մասնակցությամբ:

Տարվա թերևս ամենամեծ իրադարձությունը Թումո Կողբի առաջին հանրային միջոցառումն էր, որը սահմանամերձ այս համայնքում գտնվող կենտրոնը վերածեց արվեստի և նորարարության իրական լաբիրինթի՝ համերգային ծրագրի, Փարիզից ժամանած պարողների, պարկուրի ներկայացումների, թվային արտիստների, լուսաձայնային ինստալյացիաների, հայկական հուշարձանների վիրտուալ զբոսանքների, գեղագրության վարպետության դասերի և ուսանողական գործերի ցուցադրության միջոցով:

Հիշարժան միջոցառումներից էին Panic Lab-ի հրաժեշտի երեկոն, Դիլիջանում անցկացված Անիմացիայի օրը, 20+ կինոուրբաթները տարբեր Թումո կենտրոններում և, իհարկե, ուրիշհուլիսյան տասնյակ միջոցառումները, որոնց ընթացքում թումոցիները հնարավորություն ունեցան լսել NASA-ի, Amazon-ի, Google-ի և համաշխարհային այլ գիգանտների ներկայացուցիչներին:

Աջակցություն արցախցի պատանիներին

2023թ.-ի հոկտեմբերին մեկնարկած Թումոն Արցախի պատանիների համար նախագիծը շարունակական աջակցություն է տրամադրում բռնի տեղահանված արցախցի պատանիներին՝ ապահովելով բարեկեցության և առողջ զարգացման համար անհրաժեշտ ռեսուրսների հասանելիությունը:

Նախորդ տարիների ընթացքում նախագծի շրջանակում ուղիղ կապ է հաստատվել ավելի քան 8000 պատանիների հետ, կազմակերպվել են 20 թիրախային միջոցառումներ (այցեր Թումո, հանդիպումներ իրավաբանների և հոգեբանների հետ) և ռազմավարական համագործակցություններ են հաստատվել ավելի քան 20 կառույցների հետ:

Նախագծի հիմնական ուղղություններից մեկը տեղահանված պատանիների ներգրավումն է Թումո կենտրոններում և տուփերում: 2024թ.-ի ընթացքում ավելի քան 600 երիտասարդ արցախցիներ են իրենց թումոյական ճանապարհը սկսել երկրի ամենատարբեր անկյուններում:

Վերափոխված շուկա Գյումրիին

p 6 - Թումո 2024. հնարավորությունների ստեղծման տարի

Տարվա ընթացքում հայտարարված ամենահամարձակ նախագիծը Գյումրու շուկայի և խոհարարական դպրոցի հիմնադրման՝ 9 միլիոն դրամ արժողությամբ նախաձեռնությունն է:

Եվրոպական միության աջակցությամբ և ֆրանսիական հեղինակավոր Institut Lyfe-ի հետ համագործակցությամբ իրականացվող նախագիծը նոր կյանք կտա Գյումրու պատմական շուկային՝ այն վերածելով կրթական, խոհարարական և տնտեսական զարգացման հանգույցի:

Նախագծի մեխը խոհարարական դպրոցն է: Հավատարիմ մնալով ինքնուրույն և ինտերակտիվ ուսուցման Թումոյի մեթոդաբանությանը՝ դպրոցը ուսանողներին հնարավորություն կտա խոհարարական արվեստն ուսումնասիրել պատմականը նորարարականի հետ կամրջող յուրահատուկ միջավայրում:

1988 թ. երկրաշարժից ի վեր լքված և գրեթե ամբողջությամբ ավերված շուկայի շենքը կվերառուցվի և տուն կդառնա կրթական տարածքների, առևտրի տաղավարների, ռեստորանների, արվեստի գործերի և ձեռագործ իրերի խանութների, ինչպես նաև փառատոնների, համերգների, տոնավաճառների և տուրիստական միջոցառումների անցկացման տարածքների համար:

Մի քանի ամիս առաջ հայտարարված ճարտարապետական բաց մրցույթում ընտրվեց Mooradian Studio-ի դիզայնը, որն առանձնացավ Հայաստանում առկա՝ վերամշակման ենթակա շինանյութերի օգտագործման ու Գյումրիի տեսանելիության բարձրացման տրանսֆորմատիվ մոտեցմամբ:

Մեր ցանկությունն Ամանորին

p 7 - Թումո 2024. հնարավորությունների ստեղծման տարի

«Վերջապես դռներն է բացել Թումո Վանաձորը»: 2025թ.-ի մեր գլխավոր նպատակը հաջորդ տարվա ամփոփիչ հոդվածը հենց այս նախադասությամբ սկսելն է:

Հայաստանի երրորդ ամենամեծ քաղաքում թումոցի դառնալու իրենց հերթին են սպասում 5,500 պատանիներ: Թումո Վանաձորը թերևս բոլոր ժամանակների ամենասպասված կենտրոնն է, իսկ «Ե՞րբ կբացվի Վանաձորի Թումոն» հարցը՝ վերջին տարիներին մեր ամենահաճախ լսած արտահայտությունը:

Առաջին քայլերն արդեն արված են: Այս գեղեցիկ պատմական շենքն արդեն սպասում է իր վերածննդին որպես Թումո կենտրոն, իսկ վերակառուցման աշխատանքները սպասում են ձեր աջակցությանը:

Միացե՛ք մեզ, եկե՛ք միասին իրականություն դարձնենք իրենց ապագան օր առաջ կառուցել ձգտող թումոցիների երազանքը: