Ի՞նչ կապ ունեն ալբանացի դիկտատորը, նիդերլանդական ճարտարապետական ստուդիան և Թումոյի նորաբաց կենտրոնը:

Ի՞նչ կապ ունեն ալբանացի դիկտատորը, նիդերլանդական ճարտարապետական ստուդիան և Թումոյի նորաբաց կենտրոնը:

Լուսանկարում պատկերված գեղեցկության պատմությունը սկսվել է 1985 թվականին ու սկսվել է ոչ այնքան գեղեցիկ: Ներկայումս որպես Տիրանայի բուրգ հայտնի շինությունը ի սկզբանե նախագծվել էր որպես հիշատակի տուրք կոմունիստ բռնապետ Էնվեր Խոջային: Ասում են, որ 1980-ականներին, երբ աղքատության մակարդակն Ալբանիայում իր գագաթնակետին էր, այս կառույցի շինարարության համար ծախսվել է ավելի քան 4 միլիոն դոլար:

11,835մ² մակերեսով բուրգը դիկտատորական ռեժիմի տապալումից հետո մի քանի կյանք է ունեցել` ՆԱՏՕ-ի ժամանակավոր բազայից մինչև գիշերային ակումբ: Բայց առավել, քան այլ ինչ, բուրգը ծառայել է որպես ալբանացի երիտասարդների ժամանցի վայր` տարիների ընթացքում ծածկվելով ոչ միայն լքված շինություններին հատուկ քայքայման նշաններով, այլ նաև երիտասարդական վայրերին հատուկ փողոցային արվեստով:

piramida old - Ի՞նչ կապ ունեն ալբանացի դիկտատորը, նիդերլանդական ճարտարապետական ստուդիան և Թումոյի նորաբաց կենտրոնը:
Լուսանկարը՝ Թումո Տիրանայի

Ալբանացիների մի մասի համար ռեժիմի դեմ հաղթանակի խորհրդանիշ, իսկ մյուսների համար` դրա մասին ավելորդ հիշեցում դարձած շինության ապագան երկար տարիներ հանրային անհամաձայնության կիզակետում էր: «Վերակառուցել, թե քանդել» բանավեճը հանգուցալուծվեց 2015 թվականին. համաժողովրդական հարցումը ցույց տվեց, որ ալբանացիների մեծամասնությունը դեմ էր բուրգի քանդմանը:

Հանրային ցանկությունը իրականություն դարձնելու ճանապարհը սկսվեց 2017 թվականին, երբ Ալբանիայի կառավարությունը հայտարարեց կառույցը վերափոխելու և կրթամշակութային կենտրոնի վերածելու ծրագրի մասին:

Եւս մի քանի տարի ու շինության հետագա օգտագործման վերաբերյալ տասնյակ քննարկումներ հետո պատմության հերոսների թվին է ավելանում Թումոն. Ալբանա-ամերիկյան զարգացման հիմնադրամի և Տիրանայի քաղաքապետարանի ջանքերով 2020թ. հոկտեմբերին բացվում է Թումո Տիրանան՝ մինչև բուրգի շինարարության ավարտը հանգրվանելով Արենա կենտրոնում:

dsc9509 - Ի՞նչ կապ ունեն ալբանացի դիկտատորը, նիդերլանդական ճարտարապետական ստուդիան և Թումոյի նորաբաց կենտրոնը:
Թումո Տիրանայի ուսանողները՝ Արենա կենտրոնում

Ալբանա-ամերիկյան զարգացման հիմնադրամի և Ալբանիայի տեղական ու պետական կառավարության համաֆինանսավորման և նիդերլանդական MVRDV ստուդիայի ճարտարապետական լուծումների միջոցով մութ անցյալ ունեցող շինությունը դրամատիկ կերպարանափոխման է ենթարկվել՝ ծառայեցվելով երկրի լուսավոր ապագային:

Ժամանակին հանրությանը «վերևից նայող» բուրգն այժմ բոլոր կողմերից պատված է աստիճաններով` նոր սերնդին թույլ տալով ուղիղ իմաստով «ոտքի տակ տալ» բռնապետի ժառանգությունը:

Լուսանկարները՝ Թումո Տիրանայի

Երկիրը առաջընթացի ճանապարհով տանող այս աստիճանները տանում են նաև դեպի Տիրանայի Թումո կենտրոն. բուրգի` գույնզգույն տուփերով լի ինտերյերի մոտ կեսն արդեն տուն է դարձել ալբանացի թումոցիների համար:

Շատ տեղին է, որ նորարարական կրթություն ստացող ալբանացի պատանիներն իրենց թումոյական ճանապարհը կշարունակեն հենց այս գերնորարարական միջավայրում: