Թումոյի Ուիզլիները՝ Հովհիկյանները

Թումոյի Ուիզլիները՝ Հովհիկյանները

Այո, այս կարմրահեր թումոցիները նույն ընտանիքից են, բայց զարմանալիորեն հարիփոթերյան աշխարհի Ուիզլիները չեն, այլ Ախուրյան համայնքի Հովհիկյանները: Նրանք երկու քույր են և մեկ եղբայր` 17-ամյա Նանեն (որին նույնիսկ կարող եք տեսնել BBC-ում), 15-ամյա Մերին և 14-ամյա Դավիթը: Հովհիկյաններին կտեսնեք Ախուրյանի Թումո տուփում կամ Թումո Գյումրիում, որտեղ նրանք մասնակցում են դասընթացների ու աշխատարանների: Կարմրահեր թումոցիների միասնական երազանքն է դառնալ լավ մասնագետներ` կապ չունի, թե ինչ ոլորտում, քանի որ նրանց կարծիքով Հայաստանը կարող է հզորանալ բանիմաց մասնագետների շնորհիվ: Մեր թիմը որոշեց Հովհիկյաններին մի փոքր «հարցախեղդ» անել Թումոյի մասին և ոչ միայն: Դե, գնացի՜նք:

Հ – Ո՞րն է Թումոյի հետ կապված ձեր առաջին հիշողությունը:

Մերի – Գրանցման գործընթացը: Հենց այդ պահից սկսած արդեն պատրաստ էի նոր գիտելիքներ ստանալ:
Նանե – Մեծ, կարմիր սենյակը, որտեղ վարժանքներ ենք անում:
Դավիթ – Առաջին անգամ Թումո եկա քույրերիս հետ, բայց չկարողացա գրանցվել, որովհետև տարիքս չէր հերիքում. այդպես ստիպված էի չորս ամիս սպասել:

1 2 - Թումոյի Ուիզլիները՝ Հովհիկյանները

Հ – Որո՞նք են ձեր սիրելի թումոյական ոլորտները:

Մերի – Նկարչություն, երաժշտություն, լուսանկարչություն, գրաֆիկական դիզայն, 3D մոդելավորում:
Նանե – Երաժշտությունը, քանի որ այն ոչ միայն նախասիրություն է ինձ համար, այլև տարերք, ինչն էլ կարծում եմ տիպիկ է իմ տարիքի բոլոր պատանիների համար:
Դավիթ – Ռոբոտաշինություն և կայքերի մշակում:

Հ – Որո՞նք են Թումոյում անցած ձեր ամենասիրելի աշխատարանները:

Մերի – «Էթնոմշակույթ» և «Հեքիաթների սաունդթրեքեր» աշխատարանը, որի ընթացքում ստեղծեցի երաժշտություն մեզ շատ հայտնի հայկական ժողովրդական «Ծիտը» հեքիաթի համար։
Նանե – Թոմ Օգերի «Նորարարական արվեստ Generative AI-ի միջոցով» աշխատարանը և «Էթնոմշակույթ»-ը, որի ժամանակ ստեղծեցի արգենտինական տանգո:
Դավիթ – Ցանկացած աշխատարան կապված ռոբոտաշինության հետ:

Հ – Ո՞րն է Թումոյում սովորածդ ամենամեծ դասը:

Մերի – Ավելի ինքնավստահ լինել:
Նանե – Հավատալ ինքս ինձ:
Դավիթ – Կողմնորոշվել, թե ինչ եմ անելու ապագայում:

Դավիթ Հովհիկյանի կայքը

Հ – Ինչո՞վ եք զբաղվում Թումոյից դուրս:

Մերի – Երաժշտությամբ, նկարչությամբ և պարով:
Նանե – Թումոյից դուրս զբաղվում եմ ստեղծագործելով ու խորանում եմ մաթեմատիկայի ու անգլերենի մեջ։
Դավիթ – Ծրագրավորումով և կայքերի մշակմամբ: Նաև սիրում եմ մասնակցել տարբեր մրցույթների: Դրանցից մեկի` Կորիզ համադպրոցական մրցույթի ժամանակ զբաղեցրի առաջին տեղը:

1 5 - Թումոյի Ուիզլիները՝ Հովհիկյանները

Հ – Ի՞նչ եք պատրաստվում անել ապագայում:

Մերի – Շատ նպատակներ ունեմ ապագայի համար, որոնք այժմ ավելի շոշափելի են Թումոյի շնորհիվ:
Նանե – Ուզում եմ դառնալ ծրագրավորող:
Դավիթ – Պլանավորում եմ դառնալ ծրագրավորող և հիմնել իմ ընկերությունը:

1 4 - Թումոյի Ուիզլիները՝ Հովհիկյանները

Հ – Մեկ հետաքրքիր փաստ ձեր մասին:

Մերի – Կարում եմ հագուստներ և գործում եմ տիկնիկներ:
Նանե – Երբեք չեմ դադարում ժպտալ:
Դավիթ – Միշտ սիրում եմ ճիշտ լինել և կապ չունի, թե ինչում:

1 1 1 - Թումոյի Ուիզլիները՝ Հովհիկյանները

Իսկ հարցերից մեկն էլ ստացավ մեկ ընդհանուր պատասխան:

Հ – Ինչպե՞ս կհամոզեիք Ախուրյանի պատանիներին գալ Թումո տուփ։

Պ – Թումոն հնարավորություն է տալիս ծանոթանալ այնպիսի ոլորտների հետ, որոնք կարող են դառնալ ապագա մասնագիտություններ: Իսկ այն, որ Ախուրյանում երեխաներն արդեն հասանելիություն ունեն ինքնուսուցման վարժանքներին մասնակցել տուփում և միայն աշխատարանների համար գնալ Գյումրիի Թումո կենտրոն, արդեն իսկ մեծ մոտիվացիա է։

1 3 - Թումոյի Ուիզլիները՝ Հովհիկյանները

Չգիտենք, թե ինչ է Հովհիկյաններին սպասվում ապագայում, բայց վստահ ենք, որ այն մոգական է լինելու: Կապրենք` կտեսնենք: