Մարալիկում արդեն 9 ամիս գործող Թումո տուփը տեղի պատանիների համար դարձել է այն վայրը, որտեղ նրանք գտնում են նոր հետաքրքրություններ և հմտանում նորարար ոլորտներում: 17-ամյա Սուսանա Կուզնեցովան արդեն բացահայտել է, որ ֆիլմերի ստեղծումն ու երաժշտությունը թումոյական իր բազմատեսակ հետաքրքրությունների առաջնային տեղերում են:
Սուսանան Մարալիկ է տեղափոխվել Մոլդովայից, երբ 7 տարեկան էր: Այնտեղից նա հիշում է իրենց գյուղի խաղողի այգիները, իր տատիկի պատրաստած գինին և գետի մոտ վառված խարույկի շուրջ իր ընկերների պատմած սարսափ պատմությունները:
Իրականում Սուսանայի կյանքը տարօրինակ զուգադիպությամբ պտտվում է 7 թվի շուրջ: Նա Թումո տուփի համար գրանցվել է հենց 7-րդ ամսի` հուլիսի 7-րդ օրը, իսկ առաջին դասն ունեցել սեպտեմբերի 7-ին` ժամը 7-ին:
Երաժշտությունը Սուսանայի առօրյայի անփոխարինելի մասն է. նա նվագում է դաշնամուր, կիթառ, հարվածային գործիքներ: Իսկ Թումոյում ստեղծում է թվային երաժշտություն` գործածելով վիրտուալ գործիքներ` թավջութակ, փողայիններ և նույնիսկ քսիլոֆոն:
Երաժշտության հանդեպ սերը Սուսանային Մարալիկից հասցնում է Արթիկ, որտեղ անցկացվում են իր ու ընկերների The Pink Stones (Վարդագույն քարեր) բենդի փորձերը հենց խմբի ղեկավարի տանը կից տարածքում: Խումբը կազմավորվել է` ոգեշնչվելով 1978-1988 թվականներին նույն քաղաքում գործած The Rosy Stones-ից: Բենդը տարբեր ժանրերի գործեր է նվագում` հիթերի cover-ներ և հայկական ժողովրդական երգերի սեփական մշակումներ:
«Երբ մաման ինձ կիթառ գնեց, մեկ ամսում ինքս ինձ նվագել սովորեցրի: Հետո, երբ մասնագետ էինք փնտրում, որը կօգներ բարելավել նվագելու հմտություններս, ինձ հուշեցին Արթիկ գնալ: Արթիկում էլ հանդիպեցի կիթառի իմ ուսուցչին` Համոյին, որը ներկայիս The Pink Stones-ի ղեկավարն է: Այդպես տեսնելով, որ մոտս լավ է ստացվում կիթառ նվագելը, Համոն որոշեց ինձ ու մի քանի այլ երիտասարդների հետ խումբ ստեղծել», – պատմում է Սուսանան:
Հիմա The Pink Stones-ի հիմնական կազմից մնացել են միայն Սուսանան ու Համոն, իսկ ծառայության կամ ուսման մեկնած հին անդամներին փոխարինելու են եկել արթիկցի այլ պատանիներ:
Սուսանան կարծում է, որ Թումո տուփն իր համայնքում փոփոխությունների ալիք բերեց: «Օրինակ, այն երեխաները, որոնք չէին գտնում սիրելի զբաղմունք, ահավոր մեծ էնտուզիազմով ու ոգևորվածությամբ են Թումո գալիս` նոր ոլորտների բացահայտելու»,- պատմում է Սուսանան:
«Երբ առաջին անգամ Թումո տուփ եկա, այս միջավայրն ինձ միանգամից հարազատ դարձավ: Մարզիչների հետ ծանոթանալն է՜լ ավելի ոգեշնչեց ինձ ու հենց առաջին օրը բոլոր հասանելի ինքնուսուցման վարժանքները արեցի», – վերհիշում է Սուսանան:
Մարալիկում Սուսանայի սիրելի վայրը Սպիտակ եկեղեցու այգին է, որի հանգիստ միջավայրը նրան օգնում է կենտրոնանալ և նկարել դրա շուրջ պտտվող դեմքերն ու դեպքերը:
Թե ինչպիսին է իր ապագան տեսնում Սուսանան, նա մեզ չպատմեց. պարզապես խնդրեց համբերատար սպասել, հետո տեսնել և մի լավ զարմանալ, որովհետև այդ արդյունքին ոչ ոք հաստատ չի սպասում: Իսկ մինչ այդ նա կշարունակի սուզվել ֆիլմարտադրության և նկարչության մեջ և անսահման ժամեր կծախսի իր բենդի փորձերի ժամանակ կատարյալ սոլո ստանալու վրա: