Ցանկացած Թումո ուսանողի համար «Թումո շավիղ» արտահայտությունը կարևոր նշանակություն ունի։ Շավղի միջոցով են նրանք գծում իրենց կրթական ճանապարհն ու դրանից են քաղում տեղեկություններ 21-րդ դարի հմտությունների մասին։ Թումո շավիղը, իհարկե, կենդանի օրգանիզմ է։ Այն մեծ էվոլյուցիոն ճանապարհ է անցել ու շարունակում է զարգանալ՝ մեր ուսանողներին ամեն տարի ավելի արդյունավետ կրթական առօրյա ապահովելով։ Վերջերս այն թիմը, որը զբաղվում է Թումո շավղի կատարելագործմամբ, նոր ու շատ կարևոր անդամ է ձեռք բերել։ 23 տարեկան Անահիտ Թալասյանը ոչ միայն UI/UX դիզայներ է, այլև Թումոյի շրջանավարտ, ով շատ լավ գիտի՝ ինչ ու ինչպես անել, որպեսզի թումոցին առավելագույնը քաղի իրեն տրված բոլոր հնարավորություններից։
Անահիտը Թումոյի ակտիվ ուսանող է եղել հենց կենտրոնի բացումից սկսած։ «Ես սկսեցի Թումո գալ հենց այն ժամանակ, երբ Ճարտարապետական համալսարանի գրաֆիկական դիզայնի առաջին կուրսում էի։ Այդ հարցով բախտս շատ բերեց, որովհետև ինձ հաջողվում էր համալասարանում ստացած տեսական գիտելիքներին Թումոյում գործնական կիրառում տալ»։ Դասընթացների, աշխատարանների ու մնացած բոլոր հնարավոր նախաձեռնություններին մասնակցելուց բացի Անահիտը նաև ուսանողական Tumo News թիմից էր՝ սկզբում որպես ֆոտոխմբագիր, հետո՝ դիզայներ։ «Մենք Tumo News-ով տարբեր հետաքրքիր նախագծեր էինք հորինում ու իրականացնում։ Ասենք՝ Թումոյի մարզիչներին նկարազարդում էինք որպես մուլտկերպարներ ու ըստ դրանց մարզչին կռահելու մրցույթներ հայտարարում։ Շատ հավես ժամանակ էր»։
Ուսանողական փուլին հաջորդեց ստարտափայինը։ «Թումոյում մի աշխատարանի մասնակցելուց հետո իմ խմբից երկու տղաներ հրավիրեցին իրենց ստարտափ, ու դրանով իմ կյանքում մի նոր գիծ սկսվեց։ Սկսեցի տարբեր ստարտափների ու խաղերի վրա աշխատել, ու հմտացա UI/UX դիզայնի ոլորտում»։
Այս փուլից հետո էլ Անահիտը վերադարձավ Թումո, բայց արդեն որպես աշխատակից։ Նա աշխատում է Թումոյի ծրագիրը կատարելագործող թիմում, ու ասում է, որ իր առջև ոչ միայն հետաքրքիր, այլև կարևոր խնդիր է տեսնում։ «Երևի առաջին անգամ է, որ զգում եմ, որ առաքելություն ունեմ։ Սկզբում Թումոն ինձ տվեց ամեն ինչ զարգանալու համար, իսկ հիմա ես եմ փորձում նույնը Թումոյին տալ։ Ամեն քայլ, որ անում եմ, միտված է ուսանողների համար իրենց փորձառությունը հնարավորինս լավը դարձնելուն»։ Այստեղ թումոցիների մոտ հաստատ հարց է առաջանում, թե ինչ, երբ ու ինչպես է փոխվելու Շավիղում։ Այս ամենը բացահայտել դեռ չենք կարող, բայց Անահիտը խոսք է տալիս, որ Շավիղը դառնալու է ավելի ինտերակտիվ, ուրախ ու հարմար։
ՄԻ ՓԱՍՏ՝
Kill your darlings (սպանիր սիրելիներիդ)․ ամեն անգամ նոր գործ սկսելուց Անահիտն աշխատում է մի կողմ դնել իր նախկին փորձառությունը, ու լիովին նոր ձևով անել նոր նախագծի դիզայնը։ Չնայած այս սկզբունքին, իր գործին ծանոթները միշտ հաջողացնում են ճանաչել իր ձեռագիրը։ Թե ինչպես՝ Անահիտն էլ չի հասկանում։