#Spotlight. Թումո ստուդիաների ղեկավար Մարալը

#Spotlight. Թումո ստուդիաների ղեկավար Մարալը

Մարալ Մկրտիչեանը տեղում կանգնելու սիրահար չէ։ Նա մտածում է, որ եթե առաջ չես շարժվում, ուրեմն չես շարժվում։ Այս մտածողությունն է, որ իրեն ուղղորդել է աշխատելու Բեյրութում, Հարավային Կորեայում, Բարսելոնայում, հետո նորից Բեյրութում ու հիմա, վերջապես, Երևանում։ Մարալի Երևանում հաստատվելուն նախորդել են բազմաթիվ տարիներ, աշխատավայրեր, ցուցահանդեսներ, արկածներ ու մեկ շատ որոշակի ու անդիմադրելի առաջարկ… բայց եկեք սկիզբ հետ գանք։

Համալսարանում արվեստներ սովորելուց հետո Մարալը գրեց և բեմադրեց մի ներկայացում, որը հրավիրվեց Հարավային Կորեա։ Բեյրութ վերադառնալուց ու որոշ ժամանակ դասավանդելուց հետո Մարալը որոշեց, որ փոփոխության կարիք ունի, այնպես որ, նա տեղափոխվեց Բարսելոնա, որտեղ ստացավ մագիստրոսական աստիճան դիզայնի և հանրային տարածքների ոլորտում՝ Դիզայնի և ճարտարագիտության Elisava դպրոցից։

Ավարտելուց հետո նա սկսեց արվեստի համայնքային նախագծեր և ցուցահանդեսներ կազմակերպել, որոնց նպատակն էր օգտագործել հանրային տարածքներն ու արվեստը համայնքային խնդիրներ լուծելու համար։ Բեյրութ վերադառնալով՝ Մարալը հիմնեց Studio Saffar-ը, որը գրաֆիկական դիզայնով զբաղվող ընկերություն է։ Ստուդիան շուտով դարձավ Բեյրութի ամենահաջողակներից մեկը ու նույնիսկ աշխատեց համաշխարհային ճանաչում ունեցող Baalbek փառատոնի վրա։

Թեև հետաքրքիր բնակավայրերի ու հետաքրքիր նախագծերի պակաս Մարալի կյանքում չկար, մի բան, միևնույն է, չէր հերիքում։ Այդ ժամանակ էր, որ նա հեռախոսազանգ ստացավ։

«Մարի Լուն ինձ պատմեց Թումո ստուդիաների նախագծի մասին ու ես միանգամից տարվեցի դրանով։ Այն ոչ միայն իմ բոլոր հետաքրքրություններին էր համապատասխանում, այլև կրթության հետ էր կապված։ Նաև, ճիշտն ասած, ես արդեն այնքան էի լսել Թումոյի մասին, որ նույնիսկ նախանձում էի այնտեղ սովորող պատանիներին ու աշխատող մասնագետներին։ Այնպես որ, ես շտապեցի միանալ այդ թիմին»։

Մարալը Թումո ստուդիաներ նախագծի ղեկավարն է, ինչը նշանակում է, որ նա հոգ է տանում ամեն ինչի մասին՝ սկսած միջազգային ու տեղացի դասընթացավարներ փնտրելուց, մինչև դասընթացների մանրամասն պլանավորումն ու կազմակերպումը։ Եթե դուք հասցրել եք հետևել Ստուդիաների դասընթացների վերջին ուղղությանը, նկատած կլինեք, որ դրանք միտում ունեն ոգեշնչվել հայկական մշակույթից ու պատմությունից՝ ստեղծելով ժամանակակից գործեր՝ լինեն դրանք նորաձևության, արհեստների, թե խոհարարության ոլորտներում։ Սա պատահաբար չի ստացվել։ (Դուք հավատում էիք, որ Թումոյում որևէ բան պատահաբա՞ր է լինում)։ «Հայերը ահռելի մշակութային ժառանգություն ունեն, ու մեր գործն է օգտվել դրանից ու չթողել, որ այն մոռացվի։ Ես չեմ խոսում արդեն գոյություն ունեցող ուղղությունները կրկնօրինակելու մասին․ եթե հարյուր տարի առաջ ստեղծված մի բան ես կրկնում, առաջ չես շարժվում։ Մեր խնդիրն է գտնել թարմ ուղիներ ավանդականը ցույց տալու համար․ այդպես է այն ակտուալ ու հետաքրքիր մնում»։

Չնայած Մարալը շատ է աշխարհով շրջել, կա մի բան, որը միավորում է իր բոլոր գործերը։ Այն է՝ օգտագործել արվեստը ավելի գլոբալ նպատակների հասնելու համար։ «Ես ուզում եմ կենտրոնանալ արվեստի ուժի վրա ու ստեղծել այն ոչ թե ինքնանպատակ, այլ որոշ կարևոր նպատակների ծառայեցնելու համար»։ Մեզ թվում է՝ Մարալը այդ ամենը իրականացնելու համար ճիշտ տեղում է հայտվել։

ՄԻ ՓԱՍՏ՝
Մի «ցրեք» Մարալի գրիչները։ Լուրջ։ Իսկապես։ Նա տանել չի կարողանում, երբ մարդիկ վերցնում են իր գրիչներն ու չեն վարադարձնում դրանք։ «Դա իմ նյարդերին իսկապես ազդում է, չգիտեմ՝ ինչու»։ Մենք կրկնում ենք՝ մի «ցրեք» Մարալի գրիչները։ Հիշեք դա։

Like
Like Love Haha Wow Sad Angry
1