Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալաքի այցը Թումո Երևան

Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալաքի այցը Թումո Երևան

Հոկտեմբերի 27-ին Թումո Երևան այցելեցին Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալաքը, նախարարի խորհրդական Տրիստան Ֆրիգոն, նախարարի գրասենյակի ղեկավար Մաթյո Ֆուրնեն, Լուվրի թանգարանի նախագահ և տնօրեն Լորանս դե Կարը, Լիոնի նախկին քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը, դերասան և ռեժիսոր Սիմոն Աբգարյանը, դաշնակահար Մաշա Ղարիբյանը և մի շարք այլ քաղաքական և մշակութային գործիչներ՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի և ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարներ Արթուր Մարտիրոսյանի, Ալֆրեդ Քոչարյանի և Դանիել Դանիելյանի ուղեկցությամբ:

Շրջայցի ընթացքում պատվիրակությունը հնարավորություն ստացավ անմիջականորեն ծանոթանալ Թումոյի կրթական ծրագրին և հանդիպել Թումոյի ղեկավարների հետ:

Այցի հիմնական նպատակն էր հյուրերին ծանոթացնել Թումոյի հաջողության գրավական հանդիսացող սկզբունքներին և մոտեցումներին. նախարարն ու պատվիրակության անդամները մեծապես հետաքրքրված էին նրանով, թե ինչպես է Թումոն շարունակականորեն խթանում պատանիների ներգրավվածությունն ու սովորելու մոտիվացիան:

1 12 - Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալաքի այցը Թումո Երևան

Հյուրերը հանդիպումներ ունեցան նաև Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանի, զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանի և այլ ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Թումոյի կրթական ծրագրի արդյունավետությունն ինքնուրույնության և քննադատական մտածողության զարգացման տեսանկյունից, ինչպես նաև խոսելու Թումոյի միջազգային ընդլայնման գործում արձանագրված հաջողությունների մասին:

Խոսելով միջազգային կենտրոնների բացման միջոցով ավելի շատ պատանիների համար անվճար տեխնոլոգիական կրթությունը հասանելի դարձնելու կարևորության մասին՝ նախարար Ռիմա Աբդուլ Մալաքն ասաց. «Ես իրապես տպավորված եմ այն ամենով, ինչ Թումոն ստեղծել է այստեղ: Սա ֆանտաստիկ մոդել է պատանիներին ստեղծագործական կրթության մեջ ներգրավելու համար: Ես հպարտ եմ, որ մենք Թումո կենտրոններ ունենք Ֆրանսիայում՝ Փարիզում և Լիոնում: Դրանք վկայում են Թումոյի ծրագրի ազդեցության և արդյունավետության մասին»:

1 4 - Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալաքի այցը Թումո Երևան

Այցը հատկապես նշանակալից էր երկու երկրների պատմամշակութային կապերի համատեքստում. հայ-ֆրանսիական ամուր հարաբերությունները մշտապես հիմք են հանդիսացել արդյունավետ համագործակցության համար, և մենք հպարտ ենք խթանել դրա ընդլայնումը՝ ավելի խորքային մշակութային համագործակցության և գիտելիքների փոխանակման միջոցով:

Համոզված ենք, որ երկու երկրների միջև փորձի և գաղափարների փոխանակումը արժեքավոր առաջընթացի կհանգեցնի նորարարական կրթության ոլորտում և տևական ազդեցություն կունենա ոչ միայն Հայաստանի և Ֆրանսիայի, այլև ողջ աշխարհի կրթական ապագայի վրա: