Արամի և Տերյան փողոցների խաչմերուկում՝ Արամի 44 հասցեում է գտնվում 20-րդ դարասկզբից մեզ հասած ամենագեղեցիկ շենքերից մեկը։ 1910 թվականին տեղական սև տուֆից կառուցված շինությունն երկար տարիներ հայտնի էր որպես «Ֆադեյ Թադևոսյանի տուն»՝ կրելով դրա առաջին սեփականատիրոջ՝ ալյուրի մատակարարման բիզնեսով զբաղվով հարուստ ձեռնարկատիրոջ անունը։ Շենքն ի սկզբանե երկու հարկ ուներ․ երրորդն ավելացվել է 1930-ականներին։
Շենքը 1930 թվականին
Իր առավել քան հարյուրամյա պատմության ընթացքում շենքը տուն է դարձել մի շարք հետաքրքիր բնակիչների համար և ծառայել է ամենատարբեր մշակութային նպատակների։ Դրանցից մեկը կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանի երաժշտական ստուդիան էր, որը շատ արագ վերածվեց 1920-ականների Երևանի երաժշտական նորարարության կարևորագույն հանգույցներից մեկի, որի հիման վրա էլ Արամի 44-ը շուտով դարձավ Երևանի պետական կոնսերվատորիայի առաջին տունը։ Հենց այստեղ են մինչև 1948 թվականը ուսուցանել և ստեղծագործել Ռոմանոս Մելիքյանը, Ալեքսանդր Սպենդիարյանը, Կոնստանտին Սարաջևը և մի շարք այլ կոմպոզիտորներ։
Ավելի ուշ այստեղ է գործել Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի մասնաճյուղերից մեկը, իսկ շենքի վերջին բնակիչը՝ Երևանի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը, որն այստեղ էր գործում 1969 թվականից ի վեր, վերջերս տեղափոխվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի շենք։
Ավանդույթը շարունակելու և շենքը հանուն կրթության և մշակույթի զարգացման գործարկելու հերթը հիմա Թումո ստուդիաներինն է, որը շուտով կտեղափոխվի Արամի 44: Թումո ստուդիաները Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կրթական ծրագիրն է, որն իրականացվում է Ճոն և Հասմիկ Մկրտիչեանների հիմնադրամի աջակցությամբ։ Ծրագրի նպատակն է աջակցել հայ դիզայներների և արհեստավորների նոր սերնդին՝ հայկական արհեստագործական ավանդույթների զարգացման և տեղական արտադրության դիզայներական ապրանքների որակի բարձրացման գործում։
Իր վեցամյա պատմության ընթացքում Թումո ստուդիաները գործել է Պուշկինի 38 հասցեում գտնվող մեկ այլ պատմական շենքի երկրորդ հարկում, որտեղ տեխնիկական դասընթացներ և ձեռագործ դիզայնի աշխատարաններ է իրականացրել ավելի քան 750 երիտասարդ մասնագետների համար։ Կրթական ծրագրի շրջանակում ուսանողները հսկայական և օրեցոր աճող հավաքածու են ստեղծել՝ կազմված կերամիկական, ասեղնագործական, տպագրական, փորագրական և անգամ խոհարարական աշխատանքներից։
Թումո ստուդիաների ներկայիս տարածքն արդեն չափազանց փոքր է կենտրոնի զարգացումն ապահովելու համար։ Վերջերս 165 առկա տեղի համար 600 երիտասարդներ են դիմել, խանութի տարածքը պարզապես չի բավարարում մեծ պահանջարկ վայելող ուսանողական ապրանքները ցուցադրելու համար, իսկ դասընթացների համար նախատեսված տարածքը թույլ չի տալիս ընդլայնել կրթական ծրագիրը։ Նոր հասցեն ավելի քան կքառապատկի Թումո ստուդիաների տարածքը՝ լուծելով բոլոր վերոնշյալ խնդիրները։
Թումոն անում է ամեն ինչ՝ Արամի 44-ի շենքը նվազագույն միջամտությունների միջոցով վերանորոգելու և շինության բնօրինակ ճարտարապետությունը պահպանելու համար։
Նոր Թումո ստուդիաները դռները կբացի 2024թ․-ի ապրիլին։ Կանոնավոր կրթական ծրագրից զատ, նոր վայրում կանցկացվեն դասախոսություններ և այլ միջոցառումներ՝ ուղղված դիզայնի, արվեստի և արհեստագործության զարգացմանը: Այս պատմական շենքը կնպաստի Թումո ստուդիաների առաքելության իրականացմանը՝ ներգրավելով ավելի շատ երիտասարդների, օգնելով նրանց սովորել հայկական արհեստագործական ավանդույթներից և սեփական ձեռքերով ստեղծել հայ արհեստագործության և դիզայնի ապագան։