Սովորելը՝ սովորություն կամ կապանցի Նարեկի full-stack առօրյան

Սովորելը՝ սովորություն կամ կապանցի Նարեկի full-stack առօրյան

*Այս պատմության մեջ «սովորել» բառն օգտագործվում է 12 անգամ և դա պատահականություն չէ:

Տասնվեցամյա Նարեկը սովորականից շատ է սովորում, ու սա չենք ասում զուտ վերնագրի բառախաղը շարունակելու համար: Թումոյում ու Արմաթ լաբորատորիաներում ՝ տեխնոլոգիաներ և դիզայն, պարապմունքներին՝ մաթեմատիկա և անգլերեն, տանն էլ՝ ֆինանսներ ու թրեյդինգ. թվում է, թե Նարեկի ողջ օրը սովորելով է անցնում ու բնավ սխալ չի թվում:

«Առավոտյան ժամը ութից մինչև երեկոյան ժամը վեցը դասերի եմ», – ասում է Կապանի Թումո տուփի ուսանող Նարեկը ու ասում է ոչ թե որպես դժգոհություն, այլ որպես հպարտության առարկա: Իսկ ոչ սիրելի առարկաներ (կամ թումոյական ոլորտներ) Նարեկը չունի, որովհետև ինչպես ինքն է ասում` ամեն ինչն էլ ապագայում պետք է գալու:

Քանի որ վաղուց որոշել է, որ մեծանա՝ full-stack ծրագրավորող է դառնալու, «ապագայում պետք է գալու» տրամաբանությամբ արդեն HTML, CSS, Python, Javascript ու ևս մի քանի ծրագիր ու լեզու է սովորել, հիմա էլ React է ուսումնասիրում:

Փորձելով մի քիչ շեղվել սովորելու թեմայից, Նարեկին հարցնում ենք Կապանի մասին` ինչպիսի՞նն է կյանքը քաղաքում, որո՞նք են սիրելի վայրերը. պարզվում է, որ Կապանում ամենաշատը սիրում է այն, որ զարգանալու հնարավորությունները շատ են «…ամեն տեղ չի, որ Թումո կա, Արմաթ կա…»: Պատասխանը զարմանալի չէ, բայց պատանու սովորելու ձգտումը չի դադարում զարմացնել:

Թումոյի մասին Նարեկն առաջին անգամ լսել է սոցիալական ցանցերից: Միանգամից հետաքրքրվել և գրանցվել է. ամեն օր մի նոր բան սովորելու հնարավորություն տվող Թումոն ու սովորելու ոչ մի հնարավորություն բաց չթողող Նարեկն իրար համար էին ստեղծված:

Թումոյում սովորելու երկու տարիների ընթացքում ծրագրավորումից բացի հասցրել է գրաֆիկական դիզայն, անիմացիա, ստեղծագրություն ու մի շարք այլ ոլորտներ ուսումնասիրել, մի քանի կայք ստեղծել, լոգոներ մշակել ու անգամ պատմվածք գրել:

Նարեկի կողմից ստեղծված կայքերից մեկը:

Թումոյում ամենաշատը սիրում է ոլորտների բազմազանությունը, ինքնուրույնության կարևորումն ու թումոցի ընկերներին, ամենաքիչը` այն, որ Կապանի Թումո կենտրոնը դեռ չի բացվել: Իսկապես, Կապանի երկաթուղային կայարանի պատմական շենքը դեռևս ակտիվ վերանորոգման փուլում է` Թումո կենտրոնի վերածվելու համար, իսկ թումոյական կրթությունը համայնքին հասանելի դարձնելու համար կայարանի կողքին ժամանակավորապես տեղակայվել է Թումո տուփերի կլաստեր: Ինչևէ, մեզ մոտ նշում ենք անում, որ նոր կենտրոնի բացմանը Նարեկին անպայման հրավիրենք ու շարունակում ենք բացահայտել նրան:

Ամենասիրելի ֆիլմը «Կտոր մը երկինք»-ն է, ֆիլմում ամենասիրելի սյուժետային գիծը` գլխավոր հերոսի կողմից իր հոր արհեստը սովորելու հուզիչ պատմությունը: Կրկին, զարմանալի չէ:

Իսկ այ «ի՞նչ երազանք ունես» հարցին Նարեկի պատասխանը դժվար գուշակեք: Գրեթե ողջ ժամանակը սովորելուն տրամադրող Նարեկը երազում է իր ապագան կառուցել այնպես, որ կարողանա ժամանակի մեծ մասն ընտանիքի հետ անցկացնել: Դեռ չի կոմնորոշվում` ապագան Կապանում, թե Երևանում է պատկերացնում, բայց մի բան հաստատ է` անկախ ամեն ինչից, կուտակած գիտելիքները գործի է դնելու Հայաստանում: