Բողկ. Այո, հենց բողկ: Իսկ թե ինչու բողկ, կպատմի իջևանցի Արտյոմը

Բողկ. Այո, հենց բողկ: Իսկ թե ինչու բողկ, կպատմի իջևանցի Արտյոմը

Ի՞նչ եք մտածում «Բողկ» ասելիս. երևի բանջարեղեն, չէ՞։ Երևի նաև մտածեցիք, թե դա ինչ կապ ունի նկարի պատանու հետ: 

Ծանոթացեք՝ 14-ամյա Արտյոմն է, ով արդեն մեկ տարի է ունի իր յութուբյան անիմացիոն ալիքը, իսկ «Բողկ»-ը դրա անվանումն է:

Արտյոմը բնակվում է Իջևան քաղաքում և արդեն երկուսուկես տարի է, ինչ հաճախում է Թումո Դիլիջան։

Դեռ փոքրուց Արտյոմի ծնողները նկատել են տղայի հետաքրքրությունը պատկերներ ստեղծելու նկատմամբ. վերցնում էր թուղթն ու գունավոր մատիտները և կենդանացնում իր սիրելի մուլտֆիլմերի հերոսներին: 

Թումո ընդունվելուց հետո պատանու հետաքրքրությունները բազմապատկվել են, իսկ անիմացիոն կերպարներին զուգահեռ սկսել են «կենդանանալ» երաժշտական մեղեդիները, խաղային սցենարներն ու նոր գաղափարները:

«Երբ առաջին անգամ եկա Թումո Դիլիջան, արդեն հասցրել էի համացանցի միջոցով ծանոթանալ Թումոյի տասնչորս ոլորտներին և դժվարությամբ որոշում կայացրի, թե որ վեց ոլորտներն եմ ընտրելու», – պատմում է Արտյոմը:

Նա երկուսուկես տարվա ընթացքում մասնակցել է անիմացիայի, խաղերի ստեղծման, շարժական գրաֆիկայի, նկարչության, երաժշտության և ծրագրավորման դասընթացների։ Տարբեր ոլորտներին զուգահեռ Արտյոմը հասցրել է «բնակվել» Թումոյի տարբեր հասցեներում. սկզբում հաճախել է Դիլիջանի կենտրոն (եղել է կենտրոնի առաջին ուսանողներից), որոշ ժամանակ անց տեղափոխվել է Ազատամուտի տուփ, իսկ հիմա ինքնուսուցման փուլերը անցնում  է Իջևանի տուփում:

 

1 2 - Բողկ. Այո, հենց բողկ: Իսկ թե ինչու բողկ, կպատմի իջևանցի Արտյոմը

«Մտքերս կարծես միշտ ճանապարհորդության մեջ են։ Ինչ մտածում եմ, փորձում եմ շոշափելի դարձնել։ Երազանքներս իրականություն դարձնելու ճանապարհին եմ: Կենտրոնացնում եմ ​​հմտություններս և կյանք եմ հաղորդում մտքերիս՝ դրանք վերածելով աշխույժ, հումորային անիմացիաների։ Յուրաքանչյուր անիմացիայով ես ոչ միայն կիսում եմ այն ինչ սիրում եմ, այլև փորձում եմ մոտիվացնել մյուսներին իրագործելու իրենց մտքերը այս թվային անծայրածիր աշխարհում», – պատմում է Արտյոմը։

Վեց տարեկանից Արտյոմը Յութուբում տարբեր բլոգերների էր հետևում։ Թումոյում հասկացավ, որ ուզում է իր ալիքը ունենալ։ Սկսեց մտածել բովանդակության, տեսանյութերի ստեղծման և յութուբյան ալիքի անվանման մասին։ Քանի որ անիմացիաները հումորային էին, այդ իսկ պատճառով ուզում էր որևէ հումորային անուն մտածել ալիքի համար։ Այդպես «աճեց» «Բողկը»։ Սկզբում մտածում էր անիմացիաները ստեղծել ռուսերեն կամ անգլերեն, բայց նկատելով, թե որքան քիչ անիմացիոն կոնտենտ կա հայերեն լեզվով, որոշեց համալրել դրանք սեփական պատմություններով:

1 4 - Բողկ. Այո, հենց բողկ: Իսկ թե ինչու բողկ, կպատմի իջևանցի Արտյոմը

Արտյոմը իր անիմացիաները մոնտաժում է Adobe Premiere և After Effects ծրագրերով (ծրագրերին ծանոթացել է համացանցի միջոցով, իսկ Թումո հաճախելով հարստացրել է իր գիտելիքները պաշարը)։ Օգտագործելով Թումոյում ձեռք բերած հմտությունները՝ Արտյոմն ամեն օր ավելի է կատարելագործում իր յութուբյան ալիքը։

Բայց ալիքի կատարելագործումն Արտյոմի համար բնավ վերջնանպատակ չէ: Նա որոշել է ապագայում հմտանալ անիմացիայի ոլորտում և դասավանդել Թումո հաճախող ապագա անիմատորներին։

Արտյոմի սիրելի անիմացիան, որ ինքն է ստեղծել (սիրելի է քանի որ առաջին անիմացիան է, որ տեղադրել է իր յութուբյան ալիքում)՝

Արտյոմի Յութուբյան ալիքին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.youtube.com/@boxkanim