Թումոյի ռոբոտաշինության դասընթացը պարզապես ծանոթություն չէ ոլորտի նոր տեխնոլոգիաներին: Ուսանողները գործնական աշխատանքների միջոցով սովորում են վիզուալ ծրագրավորում, զարգացնում են ստեղծագործական և վերլուծական մտածողություն, ձեռք են բերում թիմային աշխատանքի միջոցով խնդիրների լուծման հմտություններ: Այս ամենի շնորհիվ նրանք հավաքում ու ծրագրավորում են ռոբոտներ, որոնք իրականացնում են իրենց կողմից տրված հրահանգները:
Մակարդակ I
Ուսանողներն այս մակարդակում Lego ռոբոտներ են կառուցում հիմնական հավաքածուից՝ աշխատելով խմբով։ Թեև բոլոր հավաքածուները նույնն են, յուրաքանչյուր ուսանող իր սեփական ու ինքնատիպ ճանապարհն է անցնում իր ռոբոտը կառուցելիս։ Ռոբոտների կառուցման ու խնդիրների լուծման ամենակարևոր մասն այն է, որ ուսանողները մանրամասն ուղղորդման կարիք չեն ունենում։ Ուսանողները սովորում են ծրագրավորման հիմնական հմտությունները, աշխատում սենսորների ու շարժիչների հետ, ծանոթանում արհեստական բանականության հիմունքներին, որպեսզի կառուցեն ինքնուրույն շարժվող ու որոշումներ կայացնող ռոբոտ:
Մակարդակ II
Երկրորդ մակարդակը ստեղծագործական աշխատանքի ժամանակն է։ Խմբերը ձևավորվում են ըստ իրենց ունեցած գաղափարների: Հաջորդ քայլերն են Lego NXT հավաքածուների միջոցով ռոբոտների նախագծելը, կառուցելն ու ծրագրավորումը: Այս մակարդակում չկան անիրագործելի, չափազանց մեծ կամ փոքր գաղափարներ։ Եթե անգամ ռոբոտի կառուցման համար ինչ-որ դետալ պակասում է, հոգ չէ, ուսանողները կարող են այն մոդելավորել ու տպել 3D տպագրական սարքով։ Ռոբոտաշինությունն ընդգրկում է ոչ միայն գիտությունները, տեխնոլոգիաները, ինժեներական աշխատանքն ու մաթեմատիկան, այլ նաև արվեստն ու դիզայնը։ Այսպես ուսանողները հնարավորություն են ունենում Թումոյում զարգացնել բազմազան հմտություններ ու աշխատել իրենց ուժեղ կողմերի վրա։ Երկրորդ մակարդակի ավարտին, կիրառելով ինժեներական տարբեր լուծումներ ու ծրագրավորման մոտեցումներ, պատանիները կառուցում, փորձարկում ու ներկայացնում են LEGO ռոբոտների իրենց մոդելները։
Մակարդակ III
Նախորդ մակարդակներից ուսանողներն արդեն գիտեն կառուցել հրահանգներին հետևող ու որոշումներ կայացնող ռոբոտներ: Այստեղ ուսանողները ստեղծում են ռոբոտներ, որոնք կարողանում են հաղորդակցվել մյուս ռոբոտների հետ և համագործակցել։ Դասընթացի ավարտին ուսանողները ներկայացնում են միմյանց հետ wifi-ի միջոցով հաղորդակցվող ու հանձնարարություններ կատարող ռոբոտներին։