Նկարչություն

Դասընթացի ընթացքում ուսանողները սովորում են դիտարկել ու բացահայտել իրենց շրջապատող աշխարհն ու սովորել պատկերել այդ ամենը նկարազարդման և կերպարների ստեղծման միջոցով: Նրանք սովորում են լինել ավելի ուշադիր, նկատել մանրուքներ, որոնցից հնարավոր կլինի օգտվել` նկարչական հմտությունները զարգացնելու և սեփական ոճը գտնելու համար: Դասընթացի ավարտին ուսանողները ձեռք են բերում վիզուալ պատմություն պատմելու հմտություններ, ստեղծում են կերպարներ, պատկերում դրանց տարբեր դիրքերում և տրամադրություններում` ստեղծելու համար կոմիքսներ կամ նկարազարդումներ, բացահայտում անատոմիա, մարմնի մեխանիկա, կոմպոզիցիա:

drawing - Նկարչություն

Մակարդակ I

Դասընթացի առաջին մակարդակը հիմնականում ուղղված է հմտությունների զարգացմանը։ Ուսանողները ուսումնասիրում են Photoshop-ի գործիքները, և միաժամանակ սովորում են ձեռքով նկարել, որպեսզի ոլորտում ամուր հիմք ձեռք բերեն։ Դասընթացի ավարտին ուսանողները նկարում եեն կերպար՝ սև ու սպիտակ, դիմացից, ետևից և կողքերից։

Մակարդակ II

Այս մակարդակը նոր գույներ է բերում թումոցիների կյանք՝ ուղիղ և փոխաբերական իմաստներով։ Այստեղ ուսանողները սկսում են հասկանալ, որ կանաչը միայն պարզ կանաչը չէ, և որ իրենք պարտավոր են իմանալ, օրինակ, դեղնավուն կանաչի, լայմի կանաչի, լայմի և մարգագետնային կանաչի միջև տարբերությունը։ Երկրորդ մակարդակում պատանիները շարունակում են օգտվել Photoshop-ից և գունավորում առաջին մակարդակում իրենց ստեղծած կերպարները:

Մակարդակ III

Չմոռանալով նախկինում ստեղծած կերպարների մասին` ուսանողները բացահայտում  են, թե որոնք են նկարազարդումների և կոմիքսների առանձնահատկությունները: Նրանք ծանոթանում են կոմպոզիցիոն տարբեր մեթոդների՝ սեփական նկարազարդումները կամ կոմիքսները զարգացնելու համար: Ուսանողները սովորում են իրենց թեմային վերաբերվող նյութեր հայթայթել (research)՝ դրանք օգտագործելով որպես ոգեշնչում իրենց գաղափարները կյանքի կոչելու համար: Այս բոլոր հմտություններն օգտագործելով` նրանք ստեղծում են իրենց սեփական կոմիքսները:

Drawing icon - Նկարչություն