Եռաչափ մոդելավորում

Ֆիլմերի ու վիդեոխաղերի վիզուալ էֆեկտների ստեղծման մեջ կիրառվելուց բացի` 3D մոդելավորումը նաև կարևոր դեր ունի գովազդի, ճարտարապետության, առողջապահության, ոսկերչության և արտադրական դիզայնի ոլորտներում: Ուսանողները սովորում են 3D մոդելավորման հիմունքները` ինչպես ստեղծել կոշտ մակերեսով իրեր օգտագործելով բազմանկյուններ, եզրեր և գագաթներ:

Բոլոր 3 մակարդակները հաղթահարելուց հետո ուսանողները ունենում են բավարար գիտելիքներ` ստեղծելու իրենց ուզած 3D մոդելը: Նրանք կարող են օգտագործել իրենց հմտությունները 3D խաղերում, անիմացիայի, քանդակագործության, բժշկության, գիտության մեջ կամ պարզապես հավեսի համար:

3d 1 - Եռաչափ մոդելավորում

Մակարդակ I

Առաջին մակարդակում ուսանողների համար հիմնական դժվարությունը նոր գործիքներով աշխատելն է, սակայն 3D մոդելավորման հիմունքները յուրացնելուց հետո մնացածը սովորելը դառնում է ավելի հեշտ։ Կարելի է ասել, որ դա նման է հեծանիվ քշելուն։ Առաջին մակարդակում ուսանողները սովորում են համակարգչային անիմացիայի Maya ծրագրի մանրամասները և աշխատում են թվային գծագրման quader գործիքով, որպեսզի ստեղծեն 3D մոպեդ:

mini bike arthur - Եռաչափ մոդելավորում

Մակարդակ II

Երկրորդ մակարդակում ուսանողները մոպեդի իրենց մոդելներին կենդանություն են տալիս՝ ներկելով մակերևույթները. այս պրոցեսը կոչվում է տեքստուրավորում։ Կարևորն այն է, որ ուսանողներն ազատ են իրենց մոպեդները ձևավորել այնպես, ինչպես իրենք են ցանկանում։ Դասընթացավարները անմիջականորեն հետևում են գործընթացին և, եթե կարիք կա, խորհուրդ են տալիս օգտագործել տարբեր գունապնակներ ու տեքստուրաներ՝ ուսանողներին օգնելով հասնելու իրենց լավագույն արդյունքին։

Մակարդակ III

Այս փուլում ուսանողներն արդեն ծանոթանում են թվային քանդակագործությանն ու հայտնվում են պրոֆեսիոնալ աշխատանքային պայմաններում, ինչը լավագույնս է բացահայտում իրենց ստեղծագործական ներուժը: Տեղեկատվական նյութերի հավաքագրումից հետո ուսանողները սկսում են աշխատել ոլորտում օգտագործվող գործիքներով և բացահայտում են նոր տեխնիկաներ, ինչն ի վերջո հանգացնում է իրենց երազած կերպարների ամբողջական 3D մոդելների ստեղծմանը:

3D Modeling icon - Եռաչափ մոդելավորում