Էկրանին հայտնվելուց առաջ ֆիլմը անցնում է ֆիլմարտադրության աշխատատար ճանապարհ, որը սկսվում է գաղափարների հայտնվելուց, սցենարագրումից, մինչև նկարահանում, մոնտաժ և ցուցադրություն։

filmmaking 1 - Թումոյի նկարահանման հրապարակում

Թումոյի ֆիլմարտադրության դասընթացի 3 մակարդակում կարելի է յուրացնել այս ամբողջ գործընթացն ու  ստեղագործական խմբի յուրաքանչյուր անդամի հիմնական հմտությունները։ Անկախ նրանից, թե նկարահանվող ֆիլմը վավերագրական է, խաղարկային, լիամետրաժ, թե կարճամետրաժ՝ հաջող պատմություն ու տեսաշար ստանալու համար անհրաժեշտ է համագործակցող ստեղծագործական խումբ: Ըստ դասընթացավար Շողիկ Հակոբյանի՝  արդյունքում ուսանողները յուրացնում են ֆիլմի ստեղծման կարևոր բաղկացուցիչներից մեկը՝ թիմային աշխատանքն ու միասին աշխատանքային միջավայր ստեղծելու հմտությունը։ Դասընթացավար Քամի Լեբարեդեանը հավելում է. «Ֆիլմը թիմային աշխատանք է պահանջում ու հաջող աշխատանքի համար անհրաժեշտ է կարողանալ հաղորդակցվել ստեղծագործական խմբում»:

Մակարդակ I

Այս մակարդակում տեղի է ունենում ուսանողի ու ֆիլմի ստեղծման մանրամասն ծանոթացումը։ Ֆիլմերի դիտումների, քննարկումների ու ռեժիսորական տարբեր մոտեցումների բացահայտմամբ նախ յուրացվում է կինոյի լեզուն։ Այնուհետև ուսանողը սովորում է տեսախցիկի հետ աշխատանքը ու պատմատախտակների ստեղծման գործընթացը։ Մակարդակի վերջին՝ որոշիչ փուլը տեսախմբագրման ծրագրի՝ Adobe Premiere-ի գործիքների ծանոթացումն է։ Այս մակարդակում ուսանողին հանձնարարվում է փոքր տեսարանների՝ գործողությունների նկարահանում, ըստ որոնց պարզ է դառնում, թե ինչքանով են յուրացվել հիմնական հմտությունները։

Մակարդակը հաջողությամբ հաղթահարելուց հետո ուսանողը լիարժեք պատկերացում է կազմում ֆիլմի ստեղծման ողջ գործընթացի մասին և սովորում սարքերի, ծրագրերի օգտագործման հիմնական տեխնիկաները։

Դասընթացավար Քամիի համար սա ամենասիրելի մակարդակն է. «Առաջին մակարդակում դու ուսանողների համար նոր բան ես բացահայտում: Հնարավորություն ես ունենում հետաքրքրություն առաջացնել մի բանի նկատմամբ, ինչով իրենք չեն զբաղվել: Ու այստեղ են նրանք իմանում, թե ինչեր կարող են անել ու ավելին են ուզում սովորել»:

Մակարդակ II

Աշխատանքի այս մակարդակում յուրացվում է ֆիլմի տեմպոռիթմիկան ու մոնտաժի բուն աշխատանքը։ Թումոյի մեկ այլ հիմնական ոլորտի՝ ստեղծագրության դասընթացների ընթացքում գրված սցենարների հիման վրա նկարահանվում է երկխոսություն պարունակող ամբողջական տեսարան, որի միջոցով ուսանողը աշխատում է ֆիլմի կառուցվածքում ձայնի և կադրի երկարության հետ։ Սցենարը, իհարկե, փոփոխվում է՝ կախված թումոցիների գաղափարներից։ Այստեղ ուսանողների առջև դրված է ոչ միայն օպերատորական, ռեժիսորական, մոնտաժային աշխատանքի յուրացման խնդիրը, այլ նաև դերասանական հմտությունների իրացումը։

Դասընթացավար Դավիթ Ներկարարյանը նշում է«Դասընթացին մասնակցող ուսանողների տարիքային տարբերությունը նպաստում է իրար օգնելու ու սովորացնելու փորձի զարգացմանը»։

Մակարդակ III

Եթե առաջին և երկրորդ մակարդակներում պատանիները սովորում են խմբային աշխատանքի բոլոր նրբություններն ու համագործակցելու բարդ արվեստը, ապա երրորդ մակարդակում նրանց սպասում է հենց իրենց գաղափարների ամփոփման ու դրանց իրականացման փորձությունը։  3-րդ մակարդակն ավարտելիս թումոցին ունենում է իր նկարահանած ամբողջական վավերագրական ֆիլմը։ Աշխատանքի այս փուլը մեծամասամբ պրակտիկ է, և ենթադրում է աշխատանք նկարահանման վայրում, օրինակ՝ կենդանաբանական այգում կամ թանգարանում։

«Եթե անգամ թումոցու ընտրած հետագա մասնագիտությունը ֆիլմարտադրության հետ կապ չունենա, սա կրթության կարևոր հատված է, որտեղ ինքը կզարգացնի օրինակ՝ լավ ֆիլմը թույլից տարբերելու հմտությունը»,-ասում է դասընթացավար Լուսինե Պապոյանը։

Երեք մակարդակների հաղթահարումից հետո էլ ուսանողների աշխատանքը չի դադարում․ հիմնական դասընթացներին զուգահեռ Թումոյում կազմակերպվում են աշխատարաններ, որտեղ ոլորտի առաջատար մասնագետներն ամբողջ աշխարհից, աշխատելով ուսանողների հետ, զարգացնում ու կատարելագործում են նրանց մասնագիտական հմտությունները։

Film icon - Թումոյի նկարահանման հրապարակում
Like
Like Love Haha Wow Sad Angry