Թումոն` կրթական նորարարների աստղային 100-ում

Թումոն` կրթական նորարարների աստղային 100-ում

2011 թվականից սկսած` Թումոն տարբեր նախաձեռնությունների և հարթակների կողմից ճանաչվել է լավագույններից մեկը կրթական յուրահատուկ և նորարար մոդել ունեցող կազմակերպությունների շարքում: Նման հարթակներից է HundrED-ը, որը փնտրում և բացահայտում է կազմակերպություններ և նախաձեռնություններ, որոնք փոփոխություններ են բերում իրենց համայնքներում և երբեմն՝ դրանցից դուրս:

HundrED-ն ուսումնասիրում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են համագործակցային ուսուցումը, հոգեկան առողջությունը, կրթական միջավայրը, թվային հմտությունները, կրթական հավասարությունը, ներառականությունը և ավելին: HundrED-ի թիրախն են K-12 (մանկապարտեզից մինչև 12-րդ դասարան) կրթական նորարարությունները: Կազմակերպության նպատակն է օգնել այս տարիքային խմբի երեխաներին և աշակերտներին դառնալ աշխարհի քաղաքացիներ որակյալ կրթության միջոցով:

Այս առաքելության շրջանակներում յուրաքանչյուր տարի HundrED-ը ստեղծում է շարքեր` կազմված կրթական միջազգային նախաձեռնություններից, որոնք փոփոխություն են բերել իրենց համայնքներում և աշխարհում: HundrED-ի 2024 թվականի շարքում տեղ են գտել այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Room to Read-ը (գրագիտությունն ու գենդերային հավասարությունը խթանելու համար) և Compass Education-ը (կայուն զարգացմանը նպաստելու համար):

4 - Թումոն` կրթական նորարարների աստղային 100-ում

Այս տարի HundrED-ի շարքի 100 նորարարների աստղային ցանկում է նաև Թումոն: Շարքը բարձր գնահատական է տալիս Թումոյի ինքնուսուցման յուրահատուկ մոտեցմանը, քանի որ «այստեղ պատանիները սովորում են այն` ինչ ցանկանում են»: Զեկույցը պատմում է նաև մեր միջազգային կենտրոնների մասին Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում և այլ երկրներում:

Շարքը Թումոյի կրթական մոդելը համարում է յուրահատուկ, քանի որ «ծրագիրը փոխվում է ինքնուսուցումից դասընթացներ և աշխատարաններ, որոնք վարում են ոլորտի առաջատար դասընթացավարներն ու մասնագետները»: HundrED-ը տպավորիչ է համարում նաև այն փաստը, որ Թումոյում նույն դասընթացին կարող են լինել տարբեր տարիքների, սոցիալական խմբերի և հետաքրքրությունների ուսանողներ: Թումոյում չկա գնահատման համակարգ: Փոխարենը ուսանողները հնարավորություն են ստանում մասնակցել իրենց նախընտրած դասընթացներին և աշխատարաններին:

Մեզ համար մեծ պատիվ է աշխարհում փոփոխություն բերող նախաձեռնություններից մեկը լինել: Ցանկանում ենք տեսնել, թե ինչպես է HundrED-ի ազդեցությունը տարածվում աշխարհում և մոտիվացնում կրթողներին սկսել նախաձեռնություններ, որոնք կարող են փոխել կյանքեր: