Սպիտակի Թումո տուփի մարզիչ Լուսինեն պատմում է իր կյանքի կինոյից, որի ժապավենը պտտվում է հողագործության, Թումոյի, թումոցիներից ստացած դասերի, լուսանկարչության և հենց կինոյի շուրջ:
Լուսինեի «կինոն»
Լուսինեն կինոռեժիսոր է: Նրա սիրելի ֆիլմը Chungking Express-ն է, իսկ սիրելի ռեժիսորը` Վիմ Վենդերսը: Նա վստահ է, որ ներկայիս իր համարձակ և ռիսկային բնավորության հիմքը հենց այդ մասնագիտությունն է: «Ավարտական աշխատանքով մի քանի կինոփառատոների եմ դիմել, և «Մեկ կադր» կինոփառատոնում արժանացել եմ Լավագույն հայկական կարճամետրաժ ֆիլմ մրցանակին»:
Նախորդ տարի Լուսինեն մասնակցել է Վենետիկում անցկացվող Cinema Human Rights and Advocacy by the Global Campus of Human Rights and Picture People ամառային դպրոցին: Այդ շրջանը համընկել է Վենետիկի միջազգային կինոփառատոնի հետ և Լուսինեն առանձնահատուկ կարոտախտով է հիշում փառատոնում դիտած ֆիլմերը: «Պատահում էր, որ օրվա ընթացքում 2-3 լիամետրաժ ֆիլմ դիտեի: Երիտասարդ ռեժիսորի համար նման մասշտաբների կինոիրադարձությանը մասնակցելը մեծ երազանք է»:
Լուսինեի առօրյա կինոյի մասն է հողագործությունը. նա սիրում է աճեցնել տարբեր տեսակի բույսեր և բանջարեղեններ, օրինակ` լոլիկ կամ կանաչ ռեհան: «Երբ տեսնում ես, թե ինչպես է փոքրիկ սերմն աճում ու վերածվում սնունդի, որը հետո հայտնվում է քո սեղանին, այ, սա մի ուրիշ զգացություն է»:
Թումոն` Թումոյից առաջ
Լուսինեն Թումոյին ծանոթացել է համացանցում, ուսանողների աշխատանքները տեսնելով, և արդեն պատկերացում կազմել, թե ինչ աշխատանք են կատարում թումոցիներն էկրանների հետևում: Հենց այս հետաքրքրությունն էլ նրան բերեց Թումո` Վանաձորից Սպիտակ: Քաղաքից քաղաք ամենօրյա ճանապարհը հաղթահարելու անհրաժեշտությունը նրան ոչ մի րոպե հետ չպահեց Թումոյում աշխատելու որոշումից: Լուսինեն գտնում է, որ սովորել կամ աշխատել ցանկացող մարդու համար տրանսպորտի նման արտաքին գործոնները հաղթահարելի են:
Որպես Թումոյի մարզիչ
Թումոյում մարզիչ լինելու ընթացքում Լուսինեն իրեն թումոցի է զգում, քանի որ իր ուսանողների նման բացահայտել է Թումոյի բազմաթիվ ոլորտները և դրանց մեջ գտել այն, ինչը երբեք չէր կարծի, թե իրեն կհետաքրքրի: Լուսինեն նաև առանձնացնում է Թումոյում ուսուցման ինքնուրույնությունը, քանի որ «ինքնուրույն սովորելու հմտությունն ամենակարևորն է, որը մարդ պետք է ունենա»: Կրթությունը երկկողմանի գործընթաց է. եթե Լուսինեն ինչ-որ բան է սովորեցնում ուսանողներին, ապա, ըստ նրա, ուսանողներից էլ սովորում է, օրինակ, լավ ընկեր լինել: «Ամենասիրածս պահն է, երբ տեսնում եմ, թե ինչպես են ժամանակի ընթացքում ուսանողները մտերմանում ու թե ինչպես է այդ ընկերությունը ձևավորվում»: Երբեմն էլ նա ուսանողներին հանդիպում է Վանաձոր-Սպիտակ տրանսպորտում, և երթուղայինը վերածվում է ուսանող-մարզիչ շփման հավելյալ հարթակի: Օրինակ, տուփի ուսանող Կարենի հետ բռնեցին անձրևից թրջված մարդկանց չորանալուց բարձրացող գոլորշու ամպիկի կադրը:
Լուսինեն կարծում է, որ մարզչի լավագույն ձեռքբերումը ուսանողի հաջողությունն է. օրինակ, երբ ուսանողն ավարտում է նախապայման վարժանքները, գնում է Գյումրու կենտրոն` դասընթացի ու վերադառնում էլ ավելի հմտացած և նոր գիտելիքներով:
Սպիտակի մասին բացահայտումները
«Երբ Սպիտակում աշխատանքի ընդունվեցի, որոշեցի քաղաքը մի լավ ուսումնասիրել, պրպտել, քանի որ լրիվ անծանոթ էի քաղաքին: Այսպես լուսանկարներ անելու հետքերով մի լքված տարածք գտա` «Հեքիաթ» անունով սովետական ճամբարը, որը մեծ բացահայտում էր ինձ համար ու անսպասելի սիրուն էր»:
Երկու գաղտնիք Լուսինեի մասին
Լուսինեի առաջին աշխատանքը եղել է շրջիկ թատրոնում, որտեղ մանկապարտեզի համար բեմադրված ներկայացման մեջ գորտի դերակատարն է եղել:
Նրա սիրելի զբաղմունքը լուսանկարչությունն է և հեծանիվ քշելը: Ուզում է մի օր հեծանվով ճանապահորդության դուրս գալ ու անցնել Հայաստանի բոլոր քաղաքներով ու գյուղերով:
Հետոն
Լուսինեն պատկերացնում է, թե ինչպես մի օր Թումոյում կանցկացնի ֆիլմերի ստեղծման աշխատարան, որտեղ կենտրոնի մյուս ոլորտների ուսանողներն էլ աշխատանքային գործընթացի մի մաս կդառնան: Օրինակ` ստեղծագրության մեջ հմտացած ուսանողները կգրեն սցենար, գրաֆիկ դիզայներ թումոցիները կստեղծեն ֆիլմի պաստառը, նկարիչները կնկարեն պատմատախտակը, երաժիշտները կլինեն ձայնային օպերատորները և այսպես շարունակ: